ՄԱԿ-ի դատարան կարելի է դիմել ուժի կիրառման սկզբունքի խախտման համար. Ալվինա Գյուլումյան
«Եվրոպական դատարանում մասնակցել եմ «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերի քննությանը, և նախապատրաստվելու ժամանակ, երբ ուսումնասիրում էի նաև միջազգային մամուլի հրապարակումները, հանդիպեցի բրիտանական The Telegraph-ի հրապարակումը՝ Արցախյան հակամարտության վերաբերյալ, որում ասվում էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ լորդ Պալմեստոնն ասել է, որ Եվրոպայում միայն երեք մարդ է այն երբևէ հասկացել, որոնցից մեկը մահացել է, մյուսը՝ խելագարվել, իսկ երրորդը ինքն է, որը մոռացել է այդ մասին: Հիմա Արցախի ճանաչման ձգձգումը կամ հարցի սառեցումը նշանակում է՝ հասնել նկարագրված վիճակին և մոռացության տալ հարցը»,- «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի ընթացքում ելույթում ասաց ՀՀ Սահմանադրական և Մարդու իրավունքների եվրոպական դատարանների նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը:
Նա նշեց, որ Հաագայի արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացրած դիմումի կապակցությամբ հնարավոր է, որ հետագա ուսումնասիրությունների արդյունքում պատառիկներ վերցնեն ադրբեջանցիներն ու դա օգտագործեն: Ըստ Ալվինա Գյուլումյանի, դրա համար առաջանում է պետության իրավական անվտանգության խնդիրը, որպեսզի ցանկացած փաստաթուղթ նախապատրաստելիս իրավական ատյաններին ներկայացնելու համար՝ մենք իմանանք դրա հետագա հնարավոր հետևանքների մասին:
«Նույնը ասել եմ միջազգային պայմանագրերի մասին: Այսօր խոսում ենք Խաղաղության պայմանագրի մասին: Պետք է իմանանք, թե իրավական առումով այն որքան է ապահովելու մեր անվտանգությունը»,- ասաց Ալվինա Գյուլումյանը:
ՍԴ և ՄԻԵԴ նախկին դատավորը նշեց նաև, որ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան կարելի էր նաև դիմում ներկայացնել ուժի կիրառման սկզբունքի խախտման փաստը հաստատելու վերաբերյալ: Այն բացահայտ փաստ է:
«Բոլոր փաստաթղթերը կարող են հիմք հանդիսանալ՝ ինչպես ճանաչման հարցերը բարձրացնելու, այնպես էլ՝ ընդհուպ տարածքային վեճի հետ կապված դատարան հայց ներկայացնելու դեպքում: Ասվում է՝ մենք գնում ենք խաղաղության, բայց այստեղ մի մեծ հարց է առաջանում. արդյո՞ք Արցախը չճանաչելով՝ մենք կարող ենք հասնել խաղաղության: Եվ դրա պատասխանն էլ տրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի դեռևս 1984թ. 21-րդ նստաշրջանում ընդունված քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին դաշնագրի առաջին հոդվածի վերաբերյալ ընդհանուր դիտողություններով, որտեղ ընդգծվել է, որ, ինչպես ցույց է տվել պատմությունը՝ ժողովուրդների ինքնորոշումների իրավունքի նկատմամբ հարգանքը և այդ իրավունքի իրագործումը նպաստում է պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության կայացմանը, միջազգային խաղաղության, փոխըմբռնման ամրապնդմանը»,- եզրափակեց Ալվինա Գյուլումյանը:
Մանրամասները՝ տեսանյութում