«Բանակցվում է, թե չի բանակցվում՝ իր գործը չէ». Հովիկ Աղազարյանը՝ Արմեն Աշոտյանին
Փետրվարի 22-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հրապարակեց մի փաստաթուղթ, որը պարունակում է, այսպես կոչված, հայ-ադրբեջանական հարաբերությունների հաստատման համար «խաղաղության պայմանագրի» բանակցությունները մեկնարկելու տարրեր։
«Արարատ Միրզոյանն ասուլիսում հայտարարեց, որ Մյունխենում, որտեղ, գիտեք, երկու իրադարձություն է տեղի ունեցել՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հովանու ներքո Ալիևի-Փաշինյան հանդիպումը և հետո եղել է, կներեք բառիս համար՝ աշխարհաքաղաքական էրոտիկան, որը տեսանք բաց հարթակներով հեռարձակվող՝ Նիկոլի, Ալիևի ու էլի մարդկանց մասնակցությամբ։
Այսպիսով՝ Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ Ադրբեջանը համաձայնել է Ստեփանակերտի հետ բանակցությունների մեջ մտնել միջազգային մեխանիզմով։ Հիշո՞ւմ եք, ես ձեզ զգուշացնում էի, որ այսպիսի բան է լինելու, ու դա փորձելու են ձեզ հրամցնել, թե տեսեք՝ մենք ինչի հասանք։ Այն ժամանակ ձեզ զգուշացնում էի, որ Նիկոլի կողմից բանակցվող փաթեթը ոչ թե Բաքուն Ստեփանակերտի հետ հավասարը հավասարի հետ, այլ նիկոլենք բանակցում են Ստեփանակերտը Բաքվի տակ մտցնելու, Բաքվին հնազանդեցնելու վերջնական քաղաքականությունը։
Այսինքն՝ Արարատը խոստովանել է, որ Մյունխենում եկել են վերջնական եզրակացության, որպեսզի իմ կողմից ցույց տրվելիք փաստաթղթի գաղափարների շրջանակներում Արցախը տարրալուծեն Ադրբեջանի մեջ, ու դա անում է Նիկոլ Փաշինյանը, և դրա մասին ազդարարել է Արարատ Միրզոյանը։
Եվ այսպես թուղթը հետևյալի մասին է, այն բնօրինակն է, չեմ ասի, թե որտեղից։ Այս թղթի լրամշակված տարբերակի շուրջ իրենք Մյունխենում եկել են համաձայնության։ Փաստաթուղթը կոչվում է «Խաղաղության պայմանագրի» բանակցությունները մեկնարկելու տարրեր»,- նշեց Արմեն Աշոտյանը։
Ֆեյսբուքյան ուղիղ եթերից հետո Արմեն Աշոտյանը հրապարակեց փաստաթուղթը, որը պարունակում է 5 կետ։
Հրապարակված փաստաթղթի 2-րդ կետում մասնավորապես նշված է, որ համաձայնագիրը կպարունակի հոդված Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների մասին, որը կհամապատասխանի Ադրբեջանի Սահմանադրությանն ու նրա միջազգային պարտավորություններին։
168.am-ը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեց, որպես իշխող թիմի ներկայացուցիչ՝ տեղյա՞կ է այս փաստաթղթից և այն ինչպե՞ս կմեկնաբանի։
Հովիկ Աղազարյանն ասաց, որ այդ փաստաթղթի վերաբերյալ որևէ տեղեկություն չունի։
«Եթե այդ փաստաթուղթը դեռևս չի ստորագրվել, ապա այդ դեպքում, թույլ տվեք ինձ զսպեմ և գռեհիկ արտահայտություններ չանեմ Աշոտյանի արածի վերաբերյալ»,- նշեց Հովիկ Աղազարյանը։
Հարցին՝ նման փաստաթղթի շուրջ բանակցվո՞ւմ է, Հովիկ Աղազարյանը պատասխանեց.
«Բանակցվում է, թե չի բանակցվում, դա իր խելքի բանը չէ, և երկրորդը՝ իր գործը չի (նկատի ունի Արմեն Աշոտյանին.- Զ.Խ.)։ Եթե այդ փաստաթղթում կա երկու երկրների ղեկավարների ստորագրությունը, անշուշտ, կարող եմ իմ կարծիքն արտահայտել։ Եթե ստորագրություն չկա, ապա… կներեք, ես Աշոտյանի ասածին լուրջ չեմ վերաբերվում»։
Ինչ վերաբերում է հրապարակված փաստաթղթի երկրորդ կետին, Հովիկ Աղազարյանն ասաց.
«Բնականաբար, որևէ հարց լուծելիս՝ դու չպետք է ոտնահարես որևէ երկրի Սահմանադրություն։ Իսկ եթե մենք մտածում ենք արցախահայության իրավունքների մասին, ապա մենք կարո՞ղ ենք այդ իրավունքների շրջանակները հստակեցնել՝ որն է։ Եթե հստակեցնենք, ապա, բնականաբար, ես կհամարեմ, որ դա նորմալ բան կլինի, որ Արցախի և Ադրբեջանի իշխանությունները բանակցեն։
Ինձ համար Արցախի մեր հայրենկիցների իրավունքների սահմանի առավելագույն կետն անկախության հաստատումն է, այսինքն՝ ոչ թե հաստատումը, անկախությունը հաստատված է, անկախության ընդունումն է և՛ Ադրբեջանի, և՛ միջազգային իրավունքի մյուս սուբյեկտների կողմից։ Այս շրջանակներում բանակցելն ինձ համար լրիվ տրամաբանական է։ Բա մյուս տարբերակը ո՞րն է, հո 21-րդ դարում իրար կոտորելով չե՞նք զբաղվելու»։
Ճշտող հարցին՝ այսինքն՝ իր համար Արցախը չի՞ կարող լինել Ադրբեջանի կազմում, Հովիկ Աղազարյանը պատասխանեց՝ դա պետք է որոշի Արցախի ժողովուրդը և իր կողմից ընտրված օրինական իշխանությունների կողմից արտահայտի այդ ամենը։
«Իսկ մենք՝ որպես հայ ժողովրդի մեծ հատված և որպես պետականություն, պարտավոր ենք անել մեզանից կախված ամեն ինչ այդ իրավունքների իրացման ճանապարհին»,- եզրափակեց Հովիկ Աղազարյանը։