Մաքդոնալդսի խնդիր   

Հայկական ինքնության հարցը մշտապես եղել է հանրային-քաղաքական օրակարգում, բայց հատկապես 44-օրյա պատերազմից հետո դարձել է կենսական նշանակության խնդիր։ Պատերազմը մեզանից խլել է ոչ միայն մեր հազարավոր զավակներին ու Արցախի զգալի հատվածը, այլև հարվածել է նաև մեր անհատական ու հավաքական ինքնությանը, որը դեռևս գտնվում է կամ առնվազն պետք է գտնվի վերարժևորման, վերաիմաստավորման փուլում։

Հավաքական կամ ազգային ինքնությունը չի կարող ձևավորվել իմպերատիվ մեթոդներով, գեղեցիկ գրվածքներով կամ խոսքերով և ոչ էլ կարճ ժամանակահատվածում։ Ազգային ինքնությունը ավելի կամ պակաս չափով իր մեջ կրում է պետության, հասարակության ամենատարբեր համակարգերի, մտավոր շերտերի, վերնախավերի, հանրային-քաղաքական մտքի գործունեության ինտեգրալ արդյունքը։ Ինքնության խնդիրը տարբերվող դրվածք, սրություն և արտահայտություն է ստանում պետություն ունեցող և պետականազուրկ հանրույթների մոտ, որովհետև եթե կա պետություն, այն առանցքային, անկյունաքարային դեր ունի ինքնության ձևավորման և պահպանման հարցում։

Լայն իմաստով, պետությունը դրա տարածքում բնակվող հանրույթի բոլոր՝ էթնիկ, լեզվական, կրոնական, խմբային և այլ ինքնությունների կոնսենսուսի արտահայտությունն է։ Իսկ դա նշանակում է, որ որևէ հանրույթի հավաքական ինքնության կենսունակությունը զգալի չափով կապված է այն հանգամանքին, թե դրա անդամների որ մասը և որ չափով է իր ինքնությունը նույնացնում պետության հետ։

Եզրաբանական իմաստով դա կարող է ունենալ տարբեր արտահայտություններ՝ սկսած հայրենասիրությունից ու քաղաքացիականությունից՝ մինչև պետականամետություն կամ պետականապաշտություն։ Բայց բոլորի հիմքում նույն՝ հանրության անդամների կողմից սեփական ինքնությունը պետության հետ նույնացնելու, նույնականացնելու երևույթն է։ Այս իմաստով՝ մենք հիմա գտնվում ենք անդառնալիության կետին մոտեցող պայմաններում, քանի որ բոլոր անվերապահ արժեքներից ամենավերապահն այսօր դարձել է պետությունը, և մեր հասարակության անդամների պատկառելի մասի համար պետությունն ամենավերջին հասկացությունն է, որի հետ կարող են իրենց նույնացնել։

Կարդացեք նաև

Բայց խնդիրը ոչ միայն, իսկ առաջին հերթին՝ ոչ այնքան հասարակությունն է, որքան գործող իշխանությունը, որը պետության՝ որպես ինստիտուցիայի արժեզրկման գործում անգերազանցելի ռեկորդներ է սահմանել։ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության շուրջ հինգ տարիների ընթացքում հետևողականորեն իրականացրել է հանրային ընկալման մեջ ապապետականացման կամ հանրային մտածողությունը պետականազերծելու քաղաքականություն, որին, ի դեպ, ուղղված է նաև պետական ու մերձպետական քարոզչությունը։ Վերջինի հիմքում ընկած է մարդկանց կյանքի գերանհատականացման ֆետիշացումը՝ ի հաշիվ ընդհանուրի, հավաքականի, ազգայինի ու պետականի։

Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանն այդքան մեծ շուքով ամեն տարի կազմակերպում է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որի հերոսներն առավելագույն չափով կապված են անհատական հաջողությունների (կոշկակարից մինչև գյուղատնտես) և նվազագույն չափով ընդհանուրի՝ ազգայինի ու պետության հետ, իսկ նրա ընտանիքի անդամները հետևողականորեն զբաղված են անհատական կյանքի իդեալականացման և միաժամանակ հավաքական արժեքների հեգնական քարոզով։

Իրականությունը, որում այսօր ապրում ենք մենք, ակադեմիական իմաստով անվանում են ինքնության ճգնաժամ։ Գործող իշխանությունը, սակայն, ոչ թե փորձում է հաղթահարել այդ ճգնաժամը և նպաստել նոր կամ վերափոխված ինքնության ձևավորմանը, այլ անում է ամեն ինչ դրա վերջնական վերացման համար։ Դա շահեկան է՝ ինչպես հենց իշխանության պահպանման, այնպես էլ՝ ամենատարբեր «դարաշրջաններ» բացելու տեսանկյունից, որոնց համար ազգային ինքնությունը կարող է խոչընդոտ հանդիսանալ։

Հասարակությունը կարծես դեմ չէ, քանի որ անհատական հաջողությունների հասնելու հույսն ավելի տեսանելի է, իսկ հավաքական, ազգային ինքնությունը պահանջում է նաև զոհողություններ։

Գրոտեսկային համեմատությամբ, ավելի գայթակղիչ է մյուս տարի Երևանում «Մաքդոնալդս» ունենալու սպասումը, քան տևական ժամանակ հետո, դժվարությունների միջոցով, բայց Թուրքիայի հետ ոչ նվաստացնող հարաբերություններ հաստատելու, Արցախի ինքնորոշմանը հասնելու, արժանապատիվ պետություն ունենալու հեռանկարը։ Նիկոլ Փաշինյանը հիմա զբաղված է «Մաքդոնալդսը» Երևան բերելով։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս