Ամեն ինչ հիմնահատակ կորցնելու ենք, ստանալու ենք նոր պատերազմ. Շիրազ Խաչատրյան
Ուղիղ 35 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը սկսեց մի պայքար, որի վերջնանպատակը ԼՂ ինքնորոշման իրավունքի իրացումն էր և Մայր Հայաստանին վերամիավորվելը։
35 տարի անց, սակայն, Նիկոլ Փաշինյանի իշխանության ձեռամբ այլևս մսխված են Արցախյան հարցի երեք ու կես տասնամյակի ընթացքում ձեռք բերված բոլոր հաջողությունները: Այժմ էլ՝ դիմադրելով փորձություններին, կրկին պետք է հասնել արժանապատիվ հաղթանակների։ Իհա՛րկե, արժանապատվությամբ հաղթանակների հասնելը դժվար է, շատ դժվար, հատկապես մի իշխանության օրոք, որին խորթ է արժանապատվություն բառն անգամ, ինչի ապացույցն օրերս Մյունխենում կայացած համաժողովի ժամանակ Հայաստանի իշխանության ղեկավարի ելույթներն էին։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, գնահատելով այն, ինչ ունենք Ղարաբաղյան շարժումից 35 տարի անց, նման տեսակետ հայտնեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը՝ ընդգծելով, որ Մյունխենում Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատեց՝ Արցախի խնդրի լուծումը թողել է Ալիևի որոշմանը։
«Ինչպես 3 տարի առաջ Մյունխենում Հայաստանը Նիկոլ Փաշինյանի դեմքով խայտառակվեց, ինչին հաջորդեց 44-օրյա աղետալի պատերազմը, այնպես էլ խայտառակվեց այս տարի։ Մյունխենում ներկայացվեց կապիտուլյացիա 2-րդի ստորագրման սցենարը։ Զավեշտն այն է, որ եթե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գոնե կար Լեռնային Ղարաբաղ ձակերպումը, ապա հիմա Մյունխենում Ալիևը նաև դրանից հրաժարվեց, իսկ Նիկոլ Փաշինյանը լռեց. ինչպես գիտեք՝ լռությունը համաձայնության նշան է»,- ասաց Խաչատրյանը։
Ըստ փորձագետի՝ Արցախի նկատմամբ հանցագործ վերաբերմունքի մասին են վկայում Մյունխենում արված այն հայտարարությունները, որ Արցախի խնդիրը տարանջատվում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի օրակարգից։
«Եթե Արցախի մասին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման՝ խաղաղության պայմանագիր ասվածում որևէ կետ չլինի, բացակայեն, հստակ չձևակերպվեն, Ալիևն ազատ է արձակելու իր ձեռքերն ու Արցախի հետ վարվելու է այնպես, ինչպես ցանկանա։ Ամեն ինչ հիմնահատակ կորցնելու ենք, եթե կնքվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր՝ առանց Արցախի վերաբերյալ որևէ դրույթի։ Ստանալու ենք ևս մեկ պատերազմ, ևս մեկ կապիտուլյացիա, այնպես որ, շատ բարդ իրավիճակի առաջ ենք կանգնած»,- ասաց Խաչատրյանը։
Ըստ փորձագետի՝ Արցախի կլանման գործընթացն Ադրբեջանն Արցախում չի ավարտելու, և դա բերելու է նրան, որ Արցախի գիտակցված հանձնումը Հայաստանը գերտերությունների բախման կենտրոն դարձնելով՝ Հայաստանը դառնալու է 2-րդ Ուկրաինա։
Ինչ վերաբերում է Փաշինյանի հետ հանդիպումից հետո Ալիևի բարձրաձայնած պահանջներին՝ Բերձորի և Սյունիքի միջանցքներով անցակետերի տեղադրմանը, ապա, ըստ Խաչատրյանի, Փաշինյանն արդեն համաձայնել է ադրբեջանական պահանջներին։
«Դա կբերի նրան, որ Արցախն ավելի վատ վիճակում կհայտնվի, քան կա շրջափակման այս 70 օրերի ընթացքում, որովհետև անցակետերով անցնող տղամարդիկ, որոնք ծառայած կլինեն Արցախում, կհամարվեն որպես ռազմական հանցագործներ»,- ասաց փորձագետը։
Մանրամասները՝ տեսանյութում