«Արցախն ու Հայաստանը զբոսաշրջային առումով շղթայված են, բոլորիս էլ մտահոգում է, թե երբ կբացվի Արցախի ճանապարհը». Տաթևի համայնքապետ
Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Հայաստանից դեպի Արցախ տանող միակ ճանապարհը, ինչի հետևանքով շրջափակման մեջ հայտնված 120 հազար արցախահայեր զրկված են ազատ տեղաշարժվելու իրավունքից: Անգամ, երբ անհետաձգելի բուժօգնության կարիք ունեն, ստիպված են օրերով, երբեմն՝ նաև շաբաթներով սպասել, մինչև Կարմիր խաչի միջնորդությամբ կամ ռուս խաղաղապահների աջակցությամբ կարողանան տեղափոխվել Երևան: Եղել են դեպքեր նաև, որ ուշացումների պատճառով ժամանակին բուժօգնություն չստանալու պատճառով մահացել են:
Որքան էլ հայաստանյան հասարակության մի մասը, այդ թվում՝ իշխանության ներկայացուցիչները, մտածեն, որ Արցախի շրջափակումն Արցախի ու արցախահայերի խնդիրն է, այդուհանդերձ այդ շրջափակումը անվտանգային, տնտեսական և հումանիտար առումներով ուղիղ ազդում է նաև Հայաստանի վրա։
Օրինակ, նախկինում, եթե օտարերկրյա զբոսաշրջիկները գալիս էին Հայաստան, այցելում էին Տաթև, հետո Տեղ համայնքով հասնում էին Ստեփանակերտ, այսօր շատերը չեն կարողանում օգտվել այդ երթուղուց, արդյունքում՝ տուժում է նաև զբոսաշրջությունը։
168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանն ասաց, որ Արցախի շրջափակումը շատ չի ազդել համայնքի վրա, սակայն ընդհանուր շարժը կանգնած է։
«Դեպի Մեղրի արցախահայերը մշտական շարժ էին անում, այդ կապն այժմ կտրված է։ Հիմա մեզ բոլորիս էլ մտահոգում է, թե երբ կբացվի Արցախի ճանապարհը»,- շեշտեց Սամվել Լալայանը։
Ըստ համայնքապետի, այս պահին դժվար է ասել, թե սեզոնի բացման հետ կապված՝ Տաթևը զբոսաշրջային առումով ինչ ցուցանիշներ կարող է գրանցել։ Լինելով օտարերկրյա զբոսաշրջիկների ու առհասարակ հայության համար նախընտրելի զբոսաշրջային վայրերից մեկը, դեպի Արցախի տանող ճանապարհի փակ լինելու հանգամանքը կարող է ազդել նաև Տաթևի տնտեսության վրա։
«Հիմա այս սեզոնին դեպի Տաթև շարժը քիչ է, եղանակները մի քիչ լավանա, այդ ժամանակ կարող ենք իմանալ, թե ինչպիսին է լինելու։ Ուղղակի այն ժամանակ մարդիկ գալիս էին Տեղ, այնտեղից շարժվում էին դեպի Խնձորեսկ, իսկ այնտեղից էլ՝ դեպի Ստեփանակերտ, այդպես՝ ամբողջ Արցախը։ Բայց դե հիմա այս վիճակն է՝ Արցախն ու Հայաստանը զբոսաշրջային առումով շղթայված են։ Կա՛մ այստեղից են գնում Տեղ, այնտեղից՝ Ստեփանակերտ, կա՛մ հակառակը, տեսնենք, երբ կբացվի Արցախի ճանապարհը»,- եզրափակեց Սամվել Լալայանը։