«Կայացած ինստիտուտներից մեկը՝ բանակը, հաջողությամբ կազմաքանդում են, հիմա արդեն հերթը ՄԻՊ ինստիտուտինն է». Լարիսա Ալավերդյան

Հունվարի 24-ին ՀՀ Մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Նրա հրաժարականից հետո առ այսօր Հայաստանը ՄԻՊ չունի, այսինքն՝ ունի ՄԻՊ պաշտոնակատար։ Փաստացի Քրիստիննե Գրիգորյանը պաշտոնավարեց մեկ տարի՝ պաշտոնը նա ստանձնել էր 2022 թվականի հունվարի 24-ին, մինչ այդ նա զբաղեցրել էր արդարադատության փոխնախարարի պաշտոնը։

Ինչո՞ւ Հայաստանը մինչև օրս չունի ՄԻՊ, չկա՞ հարմար թեկնածու իշխող   «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմում, առհասարակ այս ամենն ինչ են հուշում այդ ինստիտուտի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքի մասին։

168.am-ի հետ զրույցում ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն անդրադառնալով այս հարցերին, նախ ասաց՝ մի կողմից շատ վատ է, որ մինչև այսօր ՄԻՊ չկա, մինչև անգամ ՄԻՊ թեկնածու, և երկրորդ՝ նա միշտ էլ դեմ է եղել այն նորմին, երբ այդ պաշտոնը միառժամանակ մնացել է թափուր։

«Լավ է, որ գոնե ՄԻՊ պաշտոնակատար են նշանակել, քանի որ ըստ Սահմանադրության՝ ՄԻՊ-ին ամեն մի քաղաքացի կարող է դիմել, սակայն վատ է, որ այսքան ժամանակ չունենք Մարդու իրավունքների պաշտպան։

Կարդացեք նաև

Ըստ երևույթին այսօրվա իշխանությունները, որոնք, ինչպես տեսնում ենք՝ նոր նշանակումներն այնպես են անում ու այնպիսի անձինք են նշանակում, որ այդ անձինք հլու-հնազանդ գործիք լինեն այդ կուսակցական վերնախավի ձեռքում։ Այս դեպքում հավանաբար նման թեկնածու չեն գտնում ՄԻՊ պաշտոնում նշանակելու համար։ Այս առումով սա կարծես թե պետք է դրական գնահատենք։ Սակայն այս ամենը ինձ բոլորովին հույս չի ներշնչում, որ վերջապես այս խմբակցությունը, իշխող կուսակցությունն իր մեջ ուժ կգտնի և չի տապալի կայացած հաստատություններից մեկը Հայաստանում։ Մենք միշտ ասել ենք, որ կայացած ինստիտուտներից մեկը բանակն է, և բանակը հաջողությամբ կազմաքանդում են և հիմա արդեն հերթը ՄԻՊ ինստիտուտինն է։ Այստեղ իրեն շատ լավ ու ճիշտ դրսևորեց Արման Թաթոյանը, ապացուցեց, որ կայացած հաստատություններից  է հենց ՄԻՊ հասատատությունը»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։

Ըստ նրա, ի վերջո, իշխանությունները կգտնեն այնպիսի մեկին, որը կսկսի ջնջել այն ամեն դրական փորձը, որը կուտակել են, ինչպես իշխանությունն է ասում՝ նախկինների ժամանակ։

«Ես շատ ցավում եմ, որ Քրիստիննե Գրիգորյանը հրաժարական է տվել։ Ես չեմ թաքցրել և, լինելով հնարավորինս նրբանկատ, պետք է ասեմ, որ միշտ բոլոր ժամանակներում էլ, բոլոր ՄԻՊ-երը, որոնք այս կամ այն առիթով հրաժարական են տվել՝ լինի Արմեն Հարությունյանը, որն այլ աշխատանքի տեղափոխվեց, լինի Կարեն Անդրեասյանը, որն իր իսկ խոստովանությամբ՝ չի դիմացել ճնշումներին, որոնք այդքան էլ ուժեղ չեն եղել, ինչպես իմ պաշտոնավարման ժամանակ՝ այս հրաժարականները նման են դասալքության։ Գիտեք, դա պաշտոն չէ, դա առաքելություն է, ՄԻՊ լինելը մեծ պատիվ է, ավելի մեծ պատասխանատվություն։ Եվ, ի վերջո, իրենք ոչ թե աշխատում են, այլ իրականացնում են այդ առաքելությունը։ Ու ես շատ ցավում եմ, որ Քրիստիննե Գրիգորյանն այդպես շուտ, վաղաժամկետ հրաժարական տվեց, և մինչ այսօր կարծես թե պարզ չէ, թե այդ ինչ առեղծված է, որ մի օր հրաժարական են տալիս, հաջորդ օրը լքում երկիրը։ Կցանկանայի, որ նման դրվագներ այլևս չկրկնվեն Հայաստանի ՄԻՊ պատմության մեջ»,- շեշտեց Լարիսա Ալավերդյանը։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց, որ այնպես չէ, որ Հայաստանում չկա այնպիսի մարդ, որը կարող է դառնալ ՄԻՊ, սակայն իշխանությունը փնտրում և ուզում է գտնել այնպիսի մեկին, որը պարզապես կկատարի իշխող քաղաքական խմբի կամքը։

«Կրկնում եմ՝ սա է պատճառը, որ փոքր-ինչ ես դրական եմ համարում, որ մինչ այսօր դեռ չկա այդպիսի թեկնածու։

Իսկ այդ ոլորտում խայտառակ ու ամոթալի բաներ են կատարվում, երբ ոստիկանությունում ծեծի են ենթարկում  փաստաբաններին, սա շատ վատ է երկրի համար, և այն անջնջելի խարան է լինելու այս իշխանությունների և մասնավորապես՝ Ներքին գործերի նախարարության ճակատագրի և պատմության վրա։ Մենք նման բան չենք ունեցել, սա աննախադեպ է, մինչև անգամ Սովետի ժամանակ դատապաշտպաններին ծեծի չէին ենթարկում։ Սրա համար կենտրոնական վերնախավը պետք է կրի պատասխանատվություն, կներեք, բայց նրանք ծեծի են ենթարկում Հայաստանի պատիվը, և  եթե մինչև այսօր մենք չենք գտնում համարժեք պատժամիջոցներ, ուրեմն՝ սա նշանակում է՝ պատասխանատվությունը կրում է հենց իշխանությունը»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը։

Հիշեցնենք, որ «Մարդու իրավունքների պաշտպանի» մասին օրենքի համաձայն՝ Պաշտպանի ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի նախագահի՝ ՄԻՊ-ի հրաժարականի մասին  հաղորդագրության հրապարակման օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում: Հաղորդագրությունը հրապարակվել է հունվարի 23-ին:

Տեսանյութեր

Լրահոս