Արարատ Միրզոյանին չհաջողվեց կրկնել Հունաստանի ԱԳ նախարարի թուրքական այցի էֆեկտը

Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերը ՀՀ իշխանություններին մղեցին աննախադեպ հումանիտար քայլերի Թուրքիայի հանդեպ: Այդ ժեստերի գագաթնակետը, թերևս, ՀՀ ԱԳ նախարարի որոշումն էր` անձամբ մեկնել Անկարա՝ ցավակցելու իր թուրք պաշտոնակից Չավուշօղլուին, ինչպես նաև այցելել աղետի գոտի, որտեղ դեռ շարունակում են իրենց աշխատանքները հայ փրկարարները, թեև, ըստ տարբեր աղբյուրներում տարածվող տեղեկությունների, շատ երկրներից Թուրքիա մեկնած փրկարարներն արդեն վերադարձել են իրենց հայրենիք: Սա Թուրքիայի հանդեպ այս օրերին ցուցաբերված առաջին նմանատիպ դիվանագիտական մոտեցումը չէ հակամարտող երկրի կողմից:

Օրերս Թուրքիա մեկնեց Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը, ում պատմական այցը Թուրքիա միջազգային մամուլում ստացավ «Երկրաշարժի դիվանագիտություն» որակումը, բոլոր հեղինակավոր և հատկապես արևմտյան լրատվամիջոցները մանրամասնորեն լուսաբանեցին «Երկրաշարժի դիվանագիտության» այս այցի բոլոր հանգրվանները: Չնայած այն հանգամանքին, որ, ըստ փորձագետների, դժվար է կանխատեսել, թե ինչ իրական հետևանք կունենա Հունաստանի այս քայլը, այնուամենայնիվ նրանք արձանագրում են նաև, որ այցը ջերմ էր երկու կողմից էլ:

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը ժամանել էր Թուրքիայի Ադանա քաղաք, որտեղ խոշոր ավերածություններ էին տեղի ունեցել Ղահրամանմարաշում տեղի ունեցած երկրաշարժերից հետո։ Շաքիրփաշա օդանավակայանում վայրէջք էր կատարել Հունաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի անձնական ինքնաթիռը, որտեղ հույն նախարարին դիմավորել էր թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուն։ Նախարարները օդանավակայանում մամուլի համար փակ հանդիպում էին անցկացրել, և Չավուշօղլուն Դենդիասին ուղեկցել էր աղետի գոտում վերջինիս բոլոր կանգառների ժամանակ:

Դենդիասի այցից մի քանի օր անց ՀՀ ԱԳ նախարարի այցը Թուրքիա, հայ-թուրքական ու թուրք-հունական հարաբերությունների հակամարտային բնույթը, ինչպես նաև թե Հունաստանի, և թե Հայաստանի կողմից Թուրքիային ցուցաբերված որոնողափրկարարական աջակցությունը, ուղարկված հումանիտար բեռները ստիպում են զուգահեռներ անցկացնել այս երկու այցերի միջև: Եվ երեկվա  այցից ակնհայտ դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարարը Թուրքիայում չարժանացավ նախարարի մակարդակին հարիր ընդունելության այն դեպքում, երբ սա իր ձևով աննախադեպ քայլ էր ՀՀ ԱԳ նախարարի կողմից, որը պետք է ըստ արժանվույն գնահատեր թուրքական կողմը:

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը վայրէջք կատարեց Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Նրա պատվիրակության կազմում էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Եվ արդեն օդանավակայանի առաջին իսկ լուսանկարներից պարզ դարձավ, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հարկ չի համարել օդանավակայանում դիմավորել Միրզոյանին, ով հատուկ մեկնել է Թուրքիա՝ այդ երկրին ցավակցություն հայտնելու և աղետի գոտի այցելելու նպատակով: Հայաստանյան պատվիրակությանը դիմավորեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը: Սրան հաջորդեց Արարատ Միրզոյան-Մևլյութ Չավուշօղլու հանդիպումն ու բանակցությունները, ապա՝ մամուլի համար հայտարարությունները:

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց նաև Թուրքիայի Ադըյաման քաղաք, որտեղ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում հայ փրկարարները:

Ադըյամանում ևս Չավուշօղլուն չուղեկցեց Միրզոյանին այնպես, ինչպես դա արեց Նիկոս Դենդիասի դեպքում, որով ցույց տվեց այն վերաբերմունքը, որն ունի ՀՀ իշխանությունների, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Այնուամենայնիվ, ամփոփելով բանակցությունները՝ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը նշել էր, որ Հայաստանն ու Թուրքիան համաձայնություն են ձեռք բերել նոր թափ հաղորդել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու աշխատանքներին:

«Ինչ վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելուն, մեր նախարարն էլ ելույթի ընթացքում նշեց, որ համաձայնություն են ձեռք բերել այս խնդրի շուրջ աշխատանքներին նոր թափ հաղորդել։ Երկու նախարարները համաձայնության են եկել, հնարավորինս ամեն ինչ կանենք, որ կարճ ժամանակահատվածում, արագ կերպով Մարգարայի կամուրջը կարողանանք գործարկել»,- ներկայացնելով Անկարայում Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքները՝ ասել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը։

Նա նաև վստահություն է հայտնել, որ վերջին շրջանի քայլերն առաջիկայում հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական ազդեցություն կունենան։

Անկախ արդյունքներից, Թուրքիայի անհամապատասխան արձագանքից ու քաղաքականությունից՝ Արևմուտքը կարծես բարձր է գնահատում ամեն գնով հայ-թուրքական սահմանի բացմանը հասնելու ՀՀ իշխանությունների քաղաքականությունը: Հարավային Կովկասի և Վրաստանի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը համարում է, որ արտգործնախարար Միրզոյանի այցը Թուրքիա պատմական է։ Twitter-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Սա պատմական այց է այն բանից հետո, երբ Հայաստանը որոշում կայացրեց աջակցել կարիքավոր հարևանին: Հուսանք, որ Թուրքիա-Հայաստան հարաբերություններում սպասվող զարգացումների նախանշան կլինի»: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը ևս թվիթերյան գրառմամբ էր հանդես եկել. «Այնքան հուզիչ է տեսնել, թե ինչպես է տասնամյակների թշնամանքը մի կողմ դրվում՝ օգնելու մարդկանց, որոնք դրա կարիքը շատ ունեն: 35 տարվա մեջ առաջին անգամ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետը բացվել է, որպեսզի օգնությունը հասնի երկրաշարժից տուժածներին։ Հայաստանն ուղարկել է 100 տոննա բեռ և որոնողափրկարարական խումբ»:

«168 Ժամ»-ի հետ զրույցում թուրք վերլուծաբան Ջենգիզ Աքթարն ասաց, որ նման քայլերը, իհարկե, դրական միջավայր ու ֆոն են ստեղծում հարաբերություններում և այդ քայլն անող երկրի համար դրական հեղինակություն են ձևավորում: Սակայն, նրա խոսքով, հարաբերությունների ինչ-որ նյուանսների վրա այս ամենը կարող է անդրադառնալ, բայց սկզբունքային հարցերի վրա՝ քիչ հավանական է:

«Թուրքիան մշտապես հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորել է հայ-ադրբեջանական հարաբերություններում առաջընթացով, և այդ նախապայմանը կա այս հարաբերություններում, որքան էլ դա վատ է, ինչը պայմանավորված է այն կախվածությամբ, որն ունի Թուրքիան Ադրբեջանից, ու վերջին տարիներին այդ կախվածությունն էլ ավելի է խորացել: Ադրբեջանական մամուլում անընդհատ գրվում է այդ նախապայմանի մասին, թուրք իշխանականները հայ-թուրքական հարաբերություններից խոսելիս անպայմանորեն անդրադարձ են կատարում հայ-ադրբեջանական հարաբերություններին, ինչպես դա ամեն անգամ անում է նաև Չավուշօղլուն: Եթե այդ նախապայմանը չգործեր կամ այն լիներ պակաս կարևոր, ապա այս հարաբերությունները ներկայումս այս տեղում չէին լինի, այլ գուցե սահմանները վաղուց բացված լինեին»,- ասաց վերլուծաբանը:
Ներկայումս, ըստ նրա, Թուրքիայի համար առաջին կարևորության հարց է աղետի գոտում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող ընտրությունների հետաձգման-չհետաձգման թեման: «Կարծում եմ, որ նույնիսկ այս փուլում Թուրքիայից էական քայլեր արտաքին քաղաքականության ուղղությամբ ակնկալելը տեղին չէ, քանի որ Թուրքիայի օրակարգը արմատապես փոխվել է»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս