Երկրորդ սուտն այն է, թե երկրաշարժի ժամանակ Թուրքիան Հայաստանին օգնել է. թուրքագետ
Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Արցախի ադրբեջանական շրջափակման ֆոնին՝ Թուրքիայի հանդեպ «մարդասիրական» քաղաքականությունն ընկալելի չէ թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի համար: Ըստ նրա՝ այդ քայլը դիվանագիտության ծիրում դիտարկելը ևս անարդյունք է:
«Մենք դրանով որև բան ձեռք չենք բերելու. դրա ամենավառ ապացույցն այն էր, երբ Էրդողանը խոսեց օգնող երկրների մասին, և շեշտեց հատկապես Ադրբեջանի օգնությունը: Նա հիշեցրել էր՝ «ինչպես Ղարաբաղյան պատերազմում մենք մեր եղբայրների կողքին էինք, այնպես էլ այսօր Ադրբեջանն է մեր կողքին»:
Այսինքն՝ սրանով նա ցույց տվեց, որ այդ բովանդակությամբ է շարունակվելու իրենց քաղաքականությունը, իսկ թե Հայաստանն օգնել է, չի օգնել՝ ոչ մի նշանակություն չունի»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց թուրքագետը:
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին հայկական մեքենաներն անցել էին Հայաստանը Թուրքիային կապող ամենակարճ ավտոճանապարհով՝ 1993-ից փակված Մարգարայի կամրջով. 100 տոննա մարդասիրական բեռով հինգ բեռնատարները ուղևորվել էին երկրաշարժից տուժած Ադիյաման։ Հենց այս քաղաքում է աշխատում նաև հայ փրկարարների խումբը:
Տիրան Լոքմագյոզյանը մեր հարցադրումներին ի պատասխան՝ անդրադարձավ նաև պատմության խեղաթյուրման մի քանի դրվագների, որոնք նաև այս օրերին են շրջանառվում հայաստանյան տարբեր շրջանակներում, մասնավորապես այն հիշատակումներին, թե Թուրքիան մեզ հացահատիկ է տվել 1990-ականներին, և թե երկրաշարժի ժամանակ օգնություն է ցուցաբերել:
«Դա խաբեություն է: Հայաստանը գնել էր հացահատիկ, և փոխադրող նավերն արդեն գալիս էին Հայաստան: Այնպես եղավ, որ ՀՀ-ն մեկ շաբաթ պետք է մնար առանց հացի, որովհետև պաշարներն արդեն սպառվում էին, իսկ նավերը դեռ Էգեյան ծովում էին: Որպեսզի ավելի արագ լուծվի հարցը, Հայաստանը Թուրքիային առաջարկեց իր գնած լավորակ ցորենը վերցնել և փոխարենն՝ իր ցորենը տալ Հայաստանին: Թուրքիան ընդունեց առաջարկը: Այսինքն՝ Թուրքիան ոչ մի բան ձրի չի տվել մեզ. փոխանակում է կատարել ընդամենը:
Երկրորդ սուտն այն է, թե երկրաշարժի ժամանակ Թուրքիան Հայաստանին օգնել է: Նման բան չկա. թուրքահայ համայնքն է օգնություն հավաքել՝ հիմնականում սնունդ և դեղորայք, ու քանի որ ինքնագլուխ չէր կարող ուղարկել այդ բեռները, անհրաժեշտ էր ստանալ պետության թույլտվությունը, դիմել էր Թուրքիայի կառավարությանը: Թուրքիան համաձայնել էր՝ պայմանով, որ այդ ամենը պետք է Հայաստան գնա Թուրքիայի Կարմիր մահիկի բեռնատարներով, իսկ բեռնատարների ծախսը պետք է դարձյալ հոգար հայ համայնքը: Հայ համայնքը համաձայնեց, և մի քանի բեռնատար օգնություն ուղարկվեց աղետի գոտի: Ի դեպ, երկրորդ նման փորձը խոչընդոտվեց Թուրքիայի իշխանությունների կողմից»,- մանրամասնեց նա՝ նկատելով, որ վերջին դրվագը մեզ պատմում է ականատեսի աչքերով: