1988 թվականի Արցախյան շարժման և հաղթանակի ֆենոմենը
Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կեղծ «բնապահպանները» փակել են Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը: 120 հազար արցախահայեր զրկվել են արտաքին աշխարհ դուրս գալու հնարավորությունից, խախտվել է նրանց ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Արդեն տարբեր միջազգային լրատվամիջոցներ անդրադարձել են «բնապահպաններին», գրելով, որ նրանք իրականում Ադրբեջանի ու Թուրքիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ են։ Ադրբեջանի իշխանությունը ցանկանում է պետական մակարդակով իրականացնել այն, ինչ իրականացրեց 1987-1988 թվականներին՝ հայ բնակչության ջարդ, տեղահանման պարտադրանք, որից էլ սկիզբ առավ Արցախյան շարժումը։ Ալիևն իր հայտարարություններում բազմիցս բաց տեքստով ասել է՝ «Արցախն իրենց պետք է առանց հայերի»։
Ինչո՞ւ այսօր հայ ժողովրդին չի հաջողվում համախմբվել հանուն Արցախի, ինչպես եղավ 1988 թվականին, որից սկիզբ առավ Արցախյան ազատագրական պայքարը, և որն էլ պսակվեց հաջողությամբ։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար, Արցախի նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը պատասխանելով մեր այս հարցերին, նախ նշեց, որ հարցերը բավական ծանր են, քանի որ այդ հարցերի մասին պետք է խորհեն լավագույն մտավորականները, իսկական մտավորականները՝ հայրենասեր, պրոֆեսիոնալ։
«Այստեղ երբ ասում եմ՝ մտավորականություն, ապա դա կապված չէ դիպլոմների հետ։
Արցախը եղել է հայոց պետականության ԴՆԹ-ի մի մասնիկը, և շատ ժամանակ հայոց պետականությունը փաստորեն վերակենդանացել ու վերականգնվել է Արցախյան ազգային-ազատագրական շարժումների հետևանքով։ Պատմության մեջ նման մի քանի դեպք կա, դա եղել է և՛ մոնղոլների արշավանքների ժամանակ, Բագրատունիների, Տիգրան Մեծի ժամանակ, եղել է և՛ Զաքարյանների իշխանության օրոք, նաև ժամանակակից պատմության մեջ։ Բայց, որպեսզի մենք կարողանանք դիմակայել և հաղթանակներ տոնել, պայքարն արտաքին թշնամու նկատմամբ, իհարկե, կարևորագույն նախադրյալներից է, բայց շատ ավելի բարդ է պայքարը հավերժ թշնամիների դեմ։ Իսկ հավերժ թշնամին մեր միջի եղած արատներն են՝ եսասիրությունը, անձնականը ազգային և հանրային շահից վեր դասելը, անհարգալից վերաբերմունքը կրթության և իմաստության նկատմամբ։ Սրանք հավերժ թշնամիներ են, որոնք ողջ պատմության ընթացքում ճակատագրական հաղթանակներ են տարել հայ ժողովրդի նկատմամբ։ Դրա համար սա է ամենակարևոր մարտահրավերը, որը պետք է հաղթահարենք, եթե սա հաղթահարենք, հավաստիացնում եմ՝ արտաքին ցանկացած վտանգ մենք ի վիճակի կլինենք լուծել»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։
Ըստ մեր զրուցակցի, 1988 թվականի Արցախն այլ է եղել, եթե համեմատեն այսօրվա և, օրինակ, 10 տարի առաջվա իրավիճակի, Արցախյան առաջին պատերազմից հետո տիրող իրավիճակի հետ, ապա ամեն ինչ այլ է եղել։
«Հենց այդ յուրահատկությունն է դարձել առաջին պատերազմի հաղթանակի գրավականը, և այդ գրավականն է արդեն իներցիայի առումով դարձել ապրիլյան պատերազմում տարած հաղթանակ։ Բայց երբ իներցիան արդեն ավարտվում է, խնդիրներ են առաջանում, և հիմա ամենաճակատագրական պահն է վերակենդանանալու ու պայքարելու հավերժ թշնամիների դեմ։
1988 թվականի Արցախը եղել է Արցախ, որտեղ ինտելեկտն իր տեղն է ունեցել, հարգանք կար կրթության, հայրենասիրության նկատմամբ, որտեղ իսկապես արժեհամակարգ կար։ Հետո, դժբախտաբար, որոշ հարթություններում այդ արժեհամակարգերը խզեցին, դրա համար մենք պետք է հասկանանք, որ այս ճակատագրական պահին մի քանի անգամ պետք է զգոն լինենք։ Յուրաքանչյուրի գրածը, պահվածքը չեք պատկերացնում, թե ինչ մեծ ազդեցություն կարող է ունենալ, որովհետև արժեհամակարգը շատ զգայուն է։ Այն ուժերը, որոնք մեր դեմ աշխատում են՝ օգտվում են, որովհետև արժեհամակարգը շատ զգայուն է, և այդ ուժերն այս ամենն օգտագործում են»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։
Նա հիշեցրեց, որ 1988 թվականին բոլորն էին հավատում հայության հաղթանակին, որովհետև կար ոգի, գիտակցում էին՝ իրենց պայքարն արդար է, գիտակցությունը շատ ավելի բարձր էր, պետականամետ մտածելակերպը՝ նույնպես, և այդ ամենը մեկտեղելով՝ կերտվեց Արցախյան հաղթանակը։
«Մի երկիր, որտեղ տեղ չունի ինտելեկտը, հայրենասիրության նկատմամբ հարգանքը, ապա այդ երկիրը կործանված է։ Արցախն այն ժամանակ իսկապես եղել է օազիս, նույնիսկ Խորհրդային Միության մեջ, որտեղ արժեհամակարգն ուժեղ ու ամուր է եղել։ Իսկ Արցախյան շարժումը ցույց տվեց, որ եթե արժեհամակարգն ամուր է, ապա այն կարող է հաղթահարել ցանկացած տկարություն։ Եթե թշնամին արժեհամակարգի խնդիր ունի, սակայն նյութապես ավելի ուժեղ է, միևնույն է՝ նրան կարող ես հաղթել։
Մեր պետականաշինության մեջ մի բան պետք է հասկանանք՝ նյութական առումով մենք երբևիցե չենք հավասարվելու Ադրբեջանին ու Թուրքիային, սա անհնար է, բայց մենք կարող ենք կոմպենսացնել, եթե ունենանք արժեհամակարգ ու լինենք հայրենասեր»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։
Հիշեցնենք՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով ոչ բոլորին է հնարավոր լինում տեղափոխել։
Արցախի շրջափակումից առ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել մի քանի տասնյակ հիվանդ, այդ թվում՝ երեխաներ։