«Հայկական ավիաուղիներ» բրենդը՝ թուրքական տիրապետության ներքո

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) նախկին նախագահ, դանիահպատակ Տաթևիկ Ռևազյանի հայաստանյան անփառունակ «գաստրոլներից» ու հայկական ավիացիան խորը հնադարյան ժամանակներ հետ մղելուց և հայկական ինքնաթիռների մուտքը Եվրոպայի օդային տարածքփակելուց հետո գործող իշխանությունները ձեռնամուխ եղան նոր փուչիկներ փչելուն:

Դրանցից մեկն իբր հայկական ազգային փոխադրող ներկայացվող, բայց իրականում Տաթևիկ Ռևազյանի հետ միասին հայկական ավիացիան կործանած Տիգրան Ավինյանին գովազդելու նպատակով ստեղծված «Fly Arna» փուչիկը մեծացնելն էր:

Կառավարությունը 10 միլիոն դոլար հատկացրեց արաբական «Air Arabia» ավիաընկերությանը, որ հայկական շուկան հետաքրքիր դարձնի վերջինիս համար, ու նրա հենքի վրա ստեղծվեց «Fly Аrna»-ն, որի կառավարումը տրված է Տիգրան Ավինյան-4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի սանիկ, նախկին արտգործնախարար Վահան Փափազյանի որդի Դավիթ Փափազյան զույգի ղեկավարած Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ):

Իսկ թե ինչ կլինի, եթե, ասենք, «Air Arabia»-ն որոշի ՀՀ բյուջե վերադարձնել այդ 10 միլիոն դոլարը, մնում է կռահել:

Կարդացեք նաև

Ի դեպ, հատկանշական է, որ այնքան գովազդված «Fly Аrna»-ն, պարզվեց, եկամտաբեր չէ: Այս մաին տեղեկացանք, երբ Ազգային ժողովում (ԱԺ) հունվարի 16-ին քննարկվում էր «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքը, և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) համապատասխան փոխնախարար Արմեն Սիմոնյանը, ներկայացնելով նախորդ տարվա վիճակագրությունը, ակամայից պայթեցրեց Ավինյան-Փափազյան դուետի հերթական փուչիկը։

Մասնավորապես, շատ հանկարծակի պարզվեց, որ Հայաստանի պատմության մեջ «աննախադեպ» համարվող «Fly Arna»-ն նույնիսկ չի մտնում ուղևորահոսքերի փոխադրման ծավալով 10 առաջատար ընկերությունների մեջ:

Ավելին, ՀՀ-ում այս պահին գործող 5 հայկական ավիափոխադրողների մեջ ծավալով նախավերջինն է՝ 78711 ուղևորներով։ Նորությունն այնքան շոկային էր իշխող ՔՊ-ականների համար, որ Սիսակ Գաբրիելյանը ճշգրտող հարց տվեց փոխնախարարին՝ ներեցեք, իսկ «Flay Arna»-ն չկա՞ այդ ցանկում:

Իհարկե, ակնհայտ էր, որ ԱԺ-ում ՔՊ-ական երկու ազդեցիկ ֆիգուրների՝ դե ֆակտո քաղաքապետ Տիգրան Ավինյանի և խոշոր գործարար-պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի խուլ պայքարին ենք ականատես լինում, որովհետև առաջին պլան բերվեց վերջինիս ստեղծած «Fly One»-ը, սակայն, ինչպես ասում են, փաստը մնում է փաստ:  Նույնիսկ զբոսաշրջային փաթեթների և ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերություններն են փաստում, Տիգրան Ավինյան-Խաչատուր Սուքիասյան առճակատման արդյունքում տուժում է ոլորտը: Այս մասին առաջիկայում առանձին կանդրադառնանք:

Բայց հիմա վերադառնանք բուն թեմային:

168.am-ն օրեր առաջ տեղեկացավ, որ հայկական ավիաշուկա է վերադառնում «Հայկական ավիաուղիներ» («Armenian Airlines») պատմական բրենդը: Բայց չշտապենք ուրախանալ, որովհետև հայկական անվանի բրենդը փաստացի վաճառել են թուրքերին:

Սակայն ամեն ինչի մասին՝ հերթով:

168.am-ը հարցում էր ուղարկել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե (ՔԱԿ): Մեր տեղեկությունները ճշտելու համար ցանկացել էինք ստանալ հետևյալ հարցերի պատասխանները՝

1. Արդյո՞ք Քաղավիացիայի կոմիտեն թռիչքային թույլտվություն տվել է «Armenian Airlines» ընկերությանը: Եթե՝ այո, երբվանի՞ց է թռիչքներ իրականացնելու ընկերությունը:

2. Ովքե՞ր են նշված ավիաընկերության սեփականատերերը:

3. Ո՞ր երկրի ինքնաթիռներով են թռչելու «Armenian Airlines» ընկերության ինքնաթիռները:

4. Արդյո՞ք թուրքական որևէ ավիաընկերության ինքնաթիռներ սպասարկելու են «Armenian Airlines» ընկերության թռիչքները:

ՔԱԿ-ից ստացել էինք պատասխան առ այն, որ՝

Ըստ այդմ՝ նշված ավիաընկերությանը տրվել է երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ: Ընկերության սեփականատերեր են հանդիսանում Օզ Յակուպխանգուլարինդան, Ռոսեն Բոյանովը, Հերմինե Հովհաննիսյանը, Միխայիլ Ասրիյանը և Արարատ Սարգսյանը:

Նշել էին նաև, որ ընկերության կողմից դեռևս ոչ մի տեղեկատվություն չի ներկայացվել Կոմիտե ընկերության թռիչքները թուրքական ինքնաթիռներով սպասարկելու համար:

Մենք այսօր երկրորդ հարցումն ենք ուղարկել Քաղավիացիայի պետական կոմիտե՝ ցանկանալով պարզել՝ ո՞ր երկրի քաղաքացիներ են «Հայկական ավիաուղիների» սեփականատերերը: Պատասխանը ստանալուն պես այն նույնպես կհրապարակենք: Նկատենք, որ համառ շշուկներ են պտտվում, որ սեփականատերերի մեջ Թուրքիայի քաղաքացիներ են:

Մինչ այդ, փորձելով ստուգել ստացված տեղեկություններն այն մասին, որ «Հայկական ավիաուղիները» վերաբրենդավորված թուրքական ընկերություն է, և հայկական բրենդի ներքո հանդես է գալու իրականում թուրքական ավիաընկերություն, հայտնաբերեցինք, որ սեփականատերերից մեկը՝ Միխայիլ Ասրիյանը, Ռուսաստանում լայն ճանաչում ունեցող «Պեգաս տուրիստիկ» («PEGAS Touristik») զբոսաշրջային ընկերության երևանյան ներկայացուցչության գլխավոր մենեջերն է:

«Պեգաս տուրիստիկ» («PEGAS Touristik») ընկերությունը հայտնի զբոսաշրջային ընկերություն է, հիմնադրվել է 1994թ., ազգությամբ թուրք Ռամազան Ակպինարի կողմից:

Գրասենյակներ ունի մասնավորապես Ռուսաստանում, Վրաստանում, Ղազախստանում, Հայաստանում, Ադրբեջանում:

Ի դեպ, Վրաստանի գրասենյակի ղեկավարը նույնպես ազգությամբ թուրք է՝ Հարուն Թուրանը:

Հավելենք նաև, որ «Պեգաս տուրիստիկ» («PEGAS Touristik»)-ի սեփականատերերը նաև «Nordwind Airlines» ավիաընկերության սեփականատերերն են: Ավելի ստույգ՝ «Nordwind Airlines»«Պեգաս տուրիստիկ» («PEGAS Touristik»)-ի դուստր ձեռնարկությունն է:

Փաստացի «Հայկական ավիաուղիներ» ականջահաճո անվան տակ հայկական ավիացիոն շուկա կմտնի ու արագորեն հայկական երկինքը կնվաճի թուրքական ավիաընկերություն ու դա կանի հայկական լոգոյով, հայկական դրոշի գույներով, բազմահազար հայերի հիացական հայացքների ու արտահայտությունների ներքո: Փաստացի թուրքական փափուկ ուժն անվրեպ հարվածներ է հասցնում:

Եվ վերջում՝

«Հայկական ավիաուղիների»՝ մոտ երկու տասնամյակ տևած սնանկության գործընթացից հետո, երբ ըստ կարգի՝ բրենդի անվանումն արդեն ազատ տնօրինման ենթակա է եղել, պետռեգիստր 168.am-ի տեղեկություններով՝ այն ձեռք բերելու հայտ է ներկայացրել ռուսական գրանցման, բայց փաստորեն թուրքական ծագման «Nordwind Airlines»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արարատ Սարգսյանը, ով նաև ըստ ՔԱԿ-ից ստացված տեղեկության՝ «Հայկական ավիաուղիների» սեփականատերերից է: Բրենդի անվանումը տրվել է նրան: Այստեղ ապօրինի գործընթաց չկա, և առհասարակ հայկական օրենսդրության համաձայն՝ օդանավ շահագործողի թույլտվություն հնարավոր է ստանալ միայն այն դեպքում, եթե ավիատընկերության սեփականատերերի կեսից ավելին հայեր են: Ենթադրաբար այդպես է նաև այս պարագայում, բայց թե ովքեր են այս բիզնեսի իրական տերերը, հարցի պատասխանը տվել ենք այս հրապարակման մեջ:

Տեսանյութեր

Լրահոս