«Սպասվում է երկարատև պատերազմ. Հայաստանը դառնալու է համաշխարհային ուժերի բախման էպիկենտրոն». Արմինե Ադիբեկյան
«Հայաստանի իշխանությունները պարզ ասել են, որ Արցախի խնդիրները պետք է լուծեն Ադրբեջանը և Ռուսաստանը: Այս իշխանություններն Արցախի թեման իրենց համար վաղուց փակել են: Նրանք Արցախի ապագան չեն կապում ենթադրյալ խաղաղության խայմանագրի ստորագրման հետ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:
Դիտարկմանը՝ Հայաստանի իշխանություններն ասում են, որ Արցախին ֆինանսական օգնություն են տրամադրում, հետևաբար՝ չեն հրաժարվել Արցախից, նա այսպես արձագանքեց. «Թուրքիային էլ են տրամադրում, բայց դա չի նշանակում, որ պատրաստ են լուծել Թուրքիայի անվտանգային խնդիրները կամ ճանաչում են Թուրքիան՝ որպես Հայաստանի մաս»:
Արմինե Ադիբեկյանը համարում է, որ Հայաստանի կողմից Թուրքիա հումանիտար օգնություն ուղարկելը ճիշտ էր. «Առաջին հերթին, երբ չգիտես՝ որն է ճիշտ, որը՝ սխալ, պետք է խղճով վարվել, իսկ խիղճը թելադրում է աղետի մեջ ընկած մարդկանց օգնել, ու կապ չունի՝ նրանք ովքեր են: Երկրորդ՝ դա ցույց տվեց, որ Հայաստանը դեռ շարունակում է մնալ միջազգային հանրության անդամ և բոլորի հետ միասին մասնակցում է մարդասիրական նախագծի: Երրորդ՝ մեր փրկարարները զորավարժանք անցան, որովհետև այդ մարզանքները շատ կարևոր են, որ մարդիկ իրենց հմտությունները չկորցնեն: Վաղը-մյուս օրը կարող է մեր տանը նման ողբերգություն տեղի ունենալ, և կարևոր է, որ մենք ունենանք պատրաստված, փորձառու մասնագետներ, որոնք անցել են նման գործերի միջով: Դրա համար ճիշտ էր ուղարկելը: Շատերին դուր չի գալիս այդ օրինակը, բայց ես կբերեմ. Երբ 1993թ. Թուրքիան արդեն փակել էր Հայաստանի հետ սահմանը, Հայաստանը գտնվում էր շրջափակման մեջ և մնացել էր 1 օրվա ալյուր երկրում, այսինքն՝ հաջորդ օրը Հայաստանում սկսվելու էր սով, ԱՄՆ-ի խնդրանքով, պնդմամբ, խորհրդով, ճնշումով թե միջամտությամբ, Թուրքիան բացեց այդ սահմանը, և այդ սահմանով Հայաստան մտավ հացահատիկ և ալյուր, և դա փրկեց մեզ բոլորիս սովից: Կարող էր և չբացել, այդ պահին նա խաղում էր Ադրբեջանի կողմից, և Թուրքիայի շահերից էր բխում, որ Հայաստանը սովամահ լինի, բայց դա տեղի ունեցավ, և եկեք՝ չմոռանանք, որ մարդ մնալը միշտ ճիշտ է ու լավ»:
Հարցին՝ Դուք ասում եք՝ խղճով առաջնորդվել, բայց այս օրերին քննարկվում է, թե արդյո՞ք Արցախի հարցում Հայաստանի իշխանությունները խղճով են առաջնորդվում, նա պատասխանեց. «Ֆիքսենք, որ դրանք հավասարազոր չեն: Չեմ ուզում, որ ինձ մեղադրեն, թե Թուրքիան ավելի շատ եմ սիրում, քան Արցախը, բայց այնուամենայնիվ, եկեք՝ փաստենք, որ այսօր Արցախ խաղաղապահների միջոցով հումանիտար օգնություն ուղարկվում է, և բնական է, որ դա գնում է Հայաստանի օգնությամբ: Պարզապես Արցախի հարցը կարող է լուծվել միայն ուժային միջոցով, և դրանք լրիվ այլ պատմություններ են»:
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար ՔըլըչըՀայաստա թվիթերյան գրառմամբ շնորհակալություն էր հայտնել Ռուբինյանից և Վահան Կոստանյանից և իր անունից ընդգծել, որ միշտ կհիշի ուղարկված օգնությունը:
Արմինե Ադիբեկյանը վստահ է՝ եթե վաղը Հայաստանում ողբերգություն տեղի ունենա, նույն Քըլըչը շնորհակալություն կհայտնի Աստծուն, որ դա եղավ. «Բայց, այնուամենայնիվ, նա նույն Կոստանյանին կամ Ռուբինյանին հեռագիր կուղարկեր և կցավակցեր: Քըլըչի համար ամենամոտիկ հայերն այդ երկուսն են, և նա շնորհակալություն հայտնեց իր եղբայրներին: Բայց երբ նրան հնարավորություն ընձեռնվի Ռուբեն Ռուբինյանի երեխային մորթել, նա շատ հանգիստ դա կանի: Ես ուզում եմ հիշեցնել Թալեաթի և Զոհրապի շատ մտերիմ ընկերությունը, և ասում են, որ Թալեաթը լացում էր, երբ հրաման էր տվել, որ սպանեն Զոհրապին: Ընկերությունը մի բան է, իսկ մեծ քաղաքականությունն ու ազգային շահերը՝ այլ»:
Նա նշեց, որ 2018-ից սկսվել է Հայաստանն աշխարհաքաղաքական բախումների կիզակետ դարձնելու գործընթաց. «Հայաստանը դառնալու է համաշխարհային ուժերի բախման էպիկենտրոն, և ՀՀ իշխանությունները չհասկանալով և չգիտակցելով իրենց արարքների հետևանքները՝ շարունակում են գնալ այդ ուղով, այսինքն՝ նրանք պատերազմ են բերել մեր տուն, որը կարող է դառնալ անվերջ: Մենք կարող ենք դառնա Սիրիա, Աֆղանստան, Իրաք: Այդ «խաղաղությանը» նախորդելու է շատ երկարատև պատերազմ, որը մեզ ոչնչացնելու է և՛որպես պետություն, և՛ որպես ազգ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում