Ինչո՞ւ միացնել ամեն ինչ, սա ի՞նչ միավորման մոլուցք է․ Հանրային քննարկման է ներկայացվել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե ստեղծելու նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացրել «Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը։

Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է պետական կառավարման համակարգում նոր մարմին ստեղծել` Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, որը գործելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ, և իրականացնելու է բարձրագույն կրթության և գիտության ոլորտի միասնական քաղաքականություն:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ փոփոխությունների նպատակը գիտության ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործումն ու գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացումն է:

Միևնույն ժամանակ, նախագծի հեղինակները կարծում են, որ լրամշակման կարիք ունի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ՝ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան» հոդվածը.

Կարդացեք նաև

Ակադեմիայի կանոնադրությունը՝ ներառյալ կառավարման և գործունեության առանձնահատկությունները, համակարգում ներառված կազմակերպությունների ցանկը և դրանց կանոնադրությունները հաստատում է կառավարությունը: Վերջինով ՀՀ կառավարությանը վերապահվում են համապատասխան լիազորություններ, որոնց իրագործումն Ակադեմիայի համակարգը կառավարման տեսակետից բերում է իրավահարաբերությունների հստակ դաշտ:

Ակադեմիան իր կանոնադրությամբ սահմանված կարգով ձևավորում է կառավարման խորհուրդ` ներառելով Ակադեմիայից, կրթության, գիտության և էկոնոմիկայի ոլորտների լիազոր մարմիններից առաջադրված ներկայացուցիչներ, որի միջոցով իրականացնում է համակարգի կազմակերպությունների ընդհանուր կառավարումը, այդ թվում՝ կազմակերպությունների կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է կառավարման մարմինների ձևավորումը և լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը. այս կետով Ակադեմիայի կազմում սահմանվում է ընդհանուր կառավարման մարմին, որի կազմը ավելի ներկայացուցչական է, ինչի հետևանքով Ակադեմիայի համակարգի կառավարումը չի սահմանափակվում միայն Ակադեմիայի շրջանակներում:

Ակադեմիան ունի ղեկավար կազմ, որն իրականացնում է Ակադեմիայի գիտական, գիտատեխնիկական և գիտաօժանդակ գործունեության ընթացիկ ղեկավարումը: Ղեկավար կազմի մեջ մտնում են Ակադեմիայի նախագահը, փոխնախագահը, ակադեմիկոս քարտուղարը, նախագահի տեղակալները և բաժանմունքների ակադեմիկոս քարտուղարները: Ակադեմիայի ղեկավար կազմում ընդգրկված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե լրացել է նրա 75 տարին: Այս դրույթը նկարագրում է Ակադեմիայի ղեկավար կազմի կառուցվածքը և կարգավորում է այդ կազմի փոփոխությունների մեխանիզմը:

Օրենքի 15.1 և 15.2 հոդվածներում կատարվող փոփոխություններով նախատեսվում է պետական կառավարման համակարգում ունենալ պետական կառավարման համակարգի նոր մարմին` Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, որը գործելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ և իրականացնելու է բարձրագույն կրթության և գիտության ոլորտի միասնական քաղաքականությունը: Մարմնի գործունեության ոլորտին է վերապահվելու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության Գիտության կոմիտեի և Բարձրագույն որակավորման կոմիտեի, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները` ապահովելով երկու ոլորտների համագործակցությանը և ինտեգրմանն ուղղված պետական քաղաքականության իրականացումը: Փոփոխության էությունը բխում է նաև Ծրագրով պետական կառավարման համակարգում ինստիտուտների և գործառույթների արդիականացման մասով ստանձնած հանձնառություններից, մասնավորապես, ներքին ֆունկցիոնալ օպտիմալացումից:

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը կարծիք հայտնելու պատուհանում գրել է, որ Գիտությունների ազգային ակադեմիան զուտ Ակադեմիա վերանվանելու հիմնավորում առկա չէ, և այս դեպքում խիստ իջեցվում է ՀՀ ԳԱԱ-ի կարգավիճակը՝ այն դասելով տարբեր հասարակական կազմակերպությունների կամ կրթական հաստատությունների շարքին: «Առաջարկում ենք ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա բառերը չփոխարինել Ակադեմիա բառով, ԳԱԱ համակարգում ներառված կազմակերպությունների կանոնադրությունների հաստատումը վերապահել ՀՀ ԳԱԱ-ին, նոր ստեղծվող Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն գործի ՀՀ կառավարության անմիջական ենթակայությամբ, քանի որ նախագծում նկարագրված գործառույթները հատուկ են նախարարությանը: Այս պարագայում Կոմիտեի մշակած բոլոր նախագծերը ուղղակիորեն հաստատման կներկայացվեն ՀՀ կառավարությանը»,- նշել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը։

ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանն էլ մեզ հետ զրույցում անդրադառնալով ԲՈԿ-ի և Գիտության կոմիտեի միավորմանը՝ ասաց․ «Առայժմ կոնկրետ չի երևում, թե այդ միավորումն ի՞նչ է տալու, մենք չգիտենք՝ կո՞ղմ ենք, թե՞ դեմ, որովհետև չի հասկացվում՝ դա ի՞նչ կտա: Օրինակ ԲՈԿ նախկին նախագահ Կարեն Քեռյանի հիմնավորումները, որ պետք է առանձին լինեին այդ կառույցները, ինձ տրամաբանական է թվում: Ինչո՞ւ միացնել ամեն ինչ, սա ի՞նչ միավորման մոլուցք է»:

Տեսանյութեր

Լրահոս