Կառավարման ընտրված մոդելը կարող է պարունակել շահերի բախման ռիսկեր. Արա Երեմյան

«Մասնագիտական շրջանակներում քննարկումների ընթացքում նոր համակարգի տնտեսական և սոցիալական նշանակությունը կարևորվում է պայմանով, որ այն իրականում կապահովի բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հավասար հնարավորություններ։ Դրա հետ մեկտեղ հնչում են մտավախություններ, որ այս համակարգի ներդրումը ռիսկեր է պարունակում:

Անշուշտ, ցանկացած նոր համակարգի ներդրումը և գործարկումը՝ այդ թվում և առողջապահության ոլորտում, պարունակում է զանազան ռիսկեր»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգի հայեցակարգին՝ նշեց առողջապահական իրավունքի ոլորտում մասնագիտացված «ԷՄ ՋԻ ԷՄ փարթներս» ընկերության իրավական հարցերով փորձագետ Արա Երեմյանը:

Փորձագետը մանրամասնեց՝ այդ ռիսկերը վերաբերում են համակարգի ստեղծմանը, կառավարմանը, ֆինանսական միջոցների հավաքագրման մեխանիզմներին, պարտադիր ապահովագրության համար նոր պարտադիր վճարներ սահմանելու մեթոդաբանությանը, այդ միջոցների արդյունավետ, բարեխիղճ և ապահով օգտագործմանը։

«Կարծում ենք, որ նախ անհրաժեշտ է մտցնել մասնագիտական կառույցների և առողջապահության նախարարության կողմից մշակված ու ՀՀ ԱՆ կողմից հաստատված գործելակարգեր, որոնք կնպաստեն որակյալ բժշկական ծառայությունների ապահովմանը և դրանց գնահատման համակարգի կայացմանը (այսինքն ապահովագրությամբ առաջարկվող բժշկական ծառայությունների որակը գնահատել ոչ թե աչքաչափով, այլ ունենալով ձեռքի տակ ապացուցահեն գործիքներ)։ Դա կարող է նպաստել ինչպես բուժաշխատողների, այնպես էլ պացիենտների իրավական պաշտպանվածության ամրապնդմանը։

Կարդացեք նաև

Բազմաթիվ խնդիրներ են ծագում նաև առողջության պարտադիր և կամավոր ապահովագրության համադրելիության և փոխարկելիության տեսակետից։ Եթե, օրինակ, առողջության պարտադիր ապահովագրության շրջանակում առաջարկվող բժշկական ծառայությունը չապահովի բարձր որակ, ապա ապահովագրված անձ-պացիենտը կունենա կրկնակի կամ բազմակի անգամ ավելի վճարելու ռիսկ»,- հավելեց նա՝ նկատելով, որ պետության խնդիրն է արդյունավետ կառավարմամբ հնարավորինս չեզոքացնել, նվազեցնել և մեղմել այդ ռիսկերը։

Հարցադրմանը՝ արդյոք ռիսկային չէ՞, որ ըստ համակարգի՝ միջոցների հավաքագրումը, վճարների չափերի սահմանումն ու ծախսումն իրականացվելու է մեկ մարմնի՝ Հիմնադրամի կողմից, որի կառավարման խորհրդի նախագահն ի պաշտոնե ՀՀ առողջապահության նախարարն է, Արա Երեմյանը պատասխանեց. «Կառավարման ընտրված մոդելը կարող է պարունակել շահերի բախման ռիսկեր։ Թեև առողջապահության կազմակերպումը լայն իմաստով և ֆինանսական հոսքերը առանձնացված են նախարարության և հիմնադրամի միջև, այնուամենայնիվ դրանք խիստ փոխկապակցված են կազմակերպական, իրավական, վարչական, կառավարչական, մեթոդաբանական և մեթոդական առումներով։

Ըստ Հայեցակարգի՝ երկու կառույցները գլխավորելու է առողջապահության նախարարը։ Անգամ եթե իրականում ՀՀ առողջապահության նախարարության և Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամի միջև շահերի բախում չլինի, կողմնակի դիտորդի մոտ կարող է ստեղծվել տպավորություն կամ համոզմունք, որ շահերի բախումը առկա է։ Դրա ապացույցն այն է, որ այդպիսի կարծիքներ արդեն հնչում են։ Նման ընկալումը կարող է բացասաբար ազդել Հիմնադրամի նկատմամբ վստահության վրա»:

Թե ի՞նչ կոնկրետ փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում նախատեսվող համակարգում՝մեր վերջին հարցին ի պատասխան էլ՝ մեր զրուցակիցը շեշտեց՝ յուրաքանչյուր ոք ցանկանում է ստանալ հետևյալ հարցի պատասխանը՝ ի՞նչ է նա վճարելու և ի՞նչ հավելյալ արժեք է նա ստանալու առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգը ներդնելու արդյունքում։

«Նախատեսվող համակարգը ստեղծելու, կայացնելու և զարգացնելու համար այն պետք է անցնի երկար ճանապարհ։ Ճանապարհային քարտեզը պետք է լայն քննարկումների առարկա դառնա։ Պետք է կարգավորվի իրավական դաշտը։ Օրենքները և այլ իրավական ակտերը ստեղծվելու ընթացքում և դրանց արդյունքում, կարծում եմ, կվերանայվեն և կսրբագրվեն նաև արդեն թվարկված ռիսկային մոտեցումները»,- ամփոփեց Արա Երեմյանը:

Հիշեցնենք՝ կառավարությունն օրերս հաստատեց առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգի հայեցակարգը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ համակարգը լիարժեք կգործի 2027 թվականից։

Ըստ Առողջապահության նախարարի՝ սկզբում այն կամավոր սկզբունքով կգործի, իսկ 2027 թվականից արդեն բոլոր քաղաքացիների համար կդառնա պարտադիր։ Ի դեպ, ԱՀԱ միջոցների հավաքագրումը, վճարների չափերի սահմանումն ու ծախսումն իրականացվելու է մեկ մարմնի՝ Հիմնադրամի կողմից, որի կառավարման խորհրդի նախագահն ի պաշտոնե ՀՀ առողջապահության նախարարն է։

Տեսանյութեր

Լրահոս