«Արցախից գալուց նայեցի օկուպացված Բերձորին, այդ պահին կարծես տղաս ինձ ասեր՝ մա՛մ, ինձ մենակ մի թող». Նաիրա Մարգարյան
Արդեն 62-րդ օրն է՝ Արցախը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ։ Այս ամբողջ ընթացքում հարյուրավոր ընտանիքներ կիսված էին, նրանց մի մասը եկել էր Հայաստան և չէր կարողանում վերադառնալ Արցախ, իսկ Արցախ գնացածները չէին կարողանում վերադառնալ Հայաստան։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և աջակցությամբ շատերը կարողացան վերադառնալ Արցախ, մի մասն էլ՝ Արցախից՝ Հայաստան։
44-օրյա պատերազմում՝ հոկտեմբերի 15-ին նահատակված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը, դեկտեմբերի 12-ից շրջափակված Արցախում էր, միայն վերջերս կարողացավ մարդասիրական աջակցությամբ վերադառնալ Հայաստան, իր 6 անչափահաս աղջիկների մոտ, որոնք նրա բացակայության ժամանակ մնացել էին Շիրակի մարզի Մայիսյան գյուղի համայնքապետարանի հոգածության ներքո։
168.am-ի հետ զրույցում Նաիրա Մարգարյանը պատմեց, որ աղջիկներից ամենակրտսերը, որ 3 տարեկան է ու շաբաթներ շարունակ մնացել էր առանց մոր խնամքի, մի փոքր նեղացել էր իրենից՝ չէր խոսում հետը, բայց հիմա արդեն կարծես հասկացել է, որ սեփական մեղքով չի այդքան ժամանակ բացակայել տանից։
«Գալով Հայաստան, հիմա իմ ուշքն ու միտքն Արցախում է, թեկուզ մեկ կտոր հաց եմ ուտում, արցախցիների մասին եմ մտածում։ Այդ ճանապարհն ինչքան շուտ բացեն, այնքան լավ կլինի բոլորիս համար»,- նշեց Նաիրա Մարգարյանը։
Տիկին Նաիրան Արցախ էր գնացել նախորդ տարվա դեկտեմբերին՝ բնակարանի սերտիֆիկատ ստանալու համար, Հայաստան վերադառնալու օրը՝ դեկտեմբերի 12-ին, ադրբեջանցիներն արդեն փակել են ճանապարհը։ Նա 20 տարի ապրել է Արցախում՝ Քաշաթաղի շրջանում, ասում է՝ զոհված որդու շունչն էր զգում Արցախում, հատկապես՝ Քաշաթաղի ճանապարհով անցնելիս։
«Ես հիմա ուզում եմ տուն գնել Շիրակի մարզում, որդուս գերեզմանն այստեղ է՝ Վահրամաբերդում։ Ես հեռու չեմ կարող գնալ այստեղից։ Բայց սա չի նշանակում, որ Արցախ չեմ գնալու, քանի որ Արցախն ինձ ու իմ նման մայրերի համար լոկ հող ու ջուր չէ, հայրենիք չէ, սրբավայր է։ Արցախում ավելի շատ եմ զգում որդուս ջերմությունը, ինձ ավելի մոտ եմ զգում, ուստի Արցախից հեռու մնալն ինձ համար չէ։ Իհարկե, իմ ամենամեծ ցակությունն այն է, որ այն տարածքը, որտեղ վերջին շունչն է փչել որդիս, վերադարձվի մեզ: Հադրութը և այն բոլոր տարածքները, որոնք պահելու համար զոհվեցին մեր տղաները։ Երբ Արցախից գալիս էի, մի պահ նայեցի օկուպացված Բերձորին, այդ պահին կարծես տղաս ինձ ասեր՝ մա՛մ, ինձ մենակ մի թող։ Այդ զգացողությունն ունեմ, չեմ կարող Արցախին մենակ թողնել ու չեմ ուզում, որ այս կարգավիճակում մնա։ 30 տարի մենք զոհեր ենք տվել, որ Արցախն ազատ ու անկախ ապրի, 44-օր տղաները պայքարեցին, որ Արցախը ծնկի չգա, ես այն մայրերից կլինեմ, որ կպայքարի, որպեսզի Արցախն այլևս ծնկի չգա։
20 տարի Արցախում եմ ապրել, ճիշտ է, իմ ծննդավայրը Շիրակի մարզն է, բայց հիմա ամենաշատն ինձ Արցախն է ձգում, իմ երեխաներն Արցախում են ծնվել։ Տղայիս շիրիմով եմ երդվում՝ Արցախից լացով եմ դուրս եկել»,- շեշտեց մեր զրուցակիցը:
Նաիրա Մարգարյանն ասում է, որ Արցախից Հայաստան վերադառնալիս վարորդին խնդրել է, որ մի պահ կանգ առնի Բերձորի ճանապարհին, որպեսզի մեկ անգամ ևս տեսնի իր 20 տարիների Քաշաթաղը: ՀՀ իշխանությունը սկուտեղի վրա Արցախի մի մասը հանձնեց թշնամուն, հիմա էլ մտավախություն ունի՝ կտեսնի՞ Արցախը, թե՞ ոչ։
Տիկին Նաիրան խոսեց նաև 44-օրյա պատերազմից հետո Աբովյանի դիահերձարանում տեղի ունեցած սարսափելի երևույթի մասին, երբ զոհված տղանների մարմինները պարկի մեջ էին դրել ու գցել հատակին, որոնց մեջ նաև իր տղայի դին էր: Հետո ասաց, որ կատարվածի համար դեռևս պատասխանատվության ենթարկվածներ չկան։
«Ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, ասում են՝ դիակի պահպանման կարգ չկա, ու այսօր այդ մարդիկ մարդասիրությունից են խոսում, մարդասեր են թուրքերի հետ, մարդասեր են համարում նաև այն թուրքին, ով մեր տղաներին խոշտանգել ու սպանել է, ու շարունակում են խոշտանգել գերության մեջ գտնվող զինվորներին»,- եզրափակեց մեր զրուցակիցը։