Բաժիններ՝

«Ինքս վախենալու բան չունեմ, Ադրբեջանի հետ պայմանավորված պարտության մեզ տարան.բա իրենց հպարտ «ժող ջանն» է, ինչո՞ւ են վիրավորում. իրենց գնալու ժամանակն է, պետք է զրկվեն ամեն ինչից ու պատասխան տան». Նաիրա Մարգարյան

Վերջին մի քանի օրերի ընթացքում Աննա Հակոբյանը բավականին ակտիվ կերպով ֆեյսբուքյան էջում տեղադրում է իր մասին հրապարակված հոդվածները, հրապարակային հայտարարությունները և դրանց կից սպառնում, որ հետայսու համարժեք պատասխան է տալու իր հասցեին հնչեցված բոլոր վիրավորական խոսքերին։

Ե՛վ ասում է, և՛ անում՝ հրապարակային վիրավորական խոսքերով հակադարձում տարբեր անձանց, որոնք ինչ-որ կերպ անդրադարձել են իրեն։ Այս համատեքստում նա ֆեյսբուքյան իր հետնապատին գրել է, որ «Խոսքի և սեփական կարծիքն արտահայտելու ազատությունը բոլորի անքակտելի իրավունքն է։ Եվ ես այսուհետ իրացնելու եմ իմ այդ իրավունքը»։

Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված Ժիրայր Մարգարյանի մայրը` Նաիրա Մարգարյանը, չի զարմացել Աննա Հակոբյանի պահվածքից, հիշեցնելով՝ բացի այն, որ նա «Կրթվելը նորաձև է» արշավն է անում, նաև երկրի ղեկավարի կինն է, նրա պահվածքից բխող բոլոր հետևությունները թողնում է հանրությանը։

Կարդացեք նաև

«Աննա Հակոբյանի այս պահվածքը մեկ բացատրություն ունի՝ հասկանում են, որ ժողովրդի մոտ այլևս տեղ չունեն, իրենց գնալու ժամանակն է, ինչից էլ ագրեսիվացել են։Այ, եթե 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանին՝ իր կնոջ ու թիմի հետ, հեռացնեին, այսօր տիկինը աջից ու ձախից մարդկանց չէր վիրավորի։ Իրենց չհեռացրեց ժողովուրդը, մնացին ու նույն այդ ժողովրդին սկսեցին պառակտել, արդյունքում էլ 7 տարի է՝ երկիր են քանդում ու քանդում, ժողովրդին բաժանում, պիտակավորում։

Բա իրենց հպարտ «ժող ջանն» է, ինչո՞ւ են վիրավորում, բա 2018-ին հրապարակում հպարտանում էին իրենց քաղաքացիներով, մինչև գլուխները դեմները խոնարհվում էին, այդ ի՞նչ եղավ…»,-168.am-ի հետ զրույցում նշեց Նաիրա Մարգարյանը։

Հիշեցնենք, Նաիրա Մարգարյանի միակ որդին՝ Ժիրայրը, 44-օրյա պատերազմում է զոհվել։ Աբովյանի դիահերձարանում տեղի էր ունեցել սարսափելի երևույթ՝ զոհված տղանների մարմինները պարկերի մեջ էին դրել ու գցել հատակին, որոնց մեջ նաև Ժիրայրի դին էր: Ժիրայրը երկար ժամանակ համարվում էր անհետ կորած՝ մայրը ամիսներ շարունակ փնտրում էր նրան, մինչև գտան Աբովյանի դիահերձարանում հատակին նետված…

Իր որդու մասունքներնԱբովյանի դիահերձարանի նկուղի հատակին,պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերելուց հետո մայրը հայտարարեց.«Ես իմ երեխայի աճյունի մոտ երդվել եմ՝ բոլոր մեղավորները պիտի պատասխան տան։ Ես գնալու եմ իմ երեխայի մոտ և ուզում եմ, որ էդ հանդիպումը լինի պարզճակատ»,– ավելացնելով, որ որդու մարմինն անարգողները պատասխանատվության պիտի ենթարկվեն։

Ավաղ, որևէ մեկը չպատժվեց…

Աբովյանի դիահերձարանի նկուղում, գետնին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների դիերն ու մասունքները պահելու փաստով հարուցված քրեական գործը կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այն, ինչ պետք է իմանալ Նիկոլ Փաշինյանի կառավարության մասին: Գործը կարճվելուց հետո փաստաբանը դատախազին բողոք էր ներկայացրել, որը նույնպես մերժվել էր։

«Գործի կարճումից հետո կարծես երկրորդ անգամ հուղարկավորեցի որդուս»,-ասել էր որդեկորույս Նաիրա Մարգարյանը:

Ըստ Ն. Մարգարյանի, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը և իր ղեկավարած կառույցը՝ Առողջապահության նախարարությունը, այնքան բարձիթողի վիճակում էին, որ իր հեռանալուց հետո, պատերազմում զոհված տղաների մասունքներն ուղղակի լցրել էին հատակին՝ կարծես թե ինչ-որ իր էին։

«Սրա մասին իրենք թող մտածեն, թող մտածեն, էլի, ինչո՞ւ են քաղաքացիներն իրենց վիրավորում, ի՞նչ են արել, եթե, իհարկե, կարող են մտածել»,-հավելեց Ն. Մարգարյանը։
Նահատակված Ժիրայրի մայրը չի էլ ուզում պատկերացնել, թե ի՞նչ կաներ հանրությունը, եթե, օրինակ, նախկին իշխանության կանանցից մեկն ու մեկը նման գրառում կատարեր, նրա բնորոշմամբ՝ կհոշոտեին։

«Ես նախկին իշխանությանը չեմ պաշտպանում, բայց հիշեք, էլի, նախկին առաջին տիկնոջ արիստոկրատ պահվածքը, մակարդակը, հագնվելը… Նա իրեն երբևէ թույլ կտա՞ր նման վիրավորական խոսք հնչեցնել որևէ քաղաքացու հասցեին, չնայած նրանց մասին տարբեր հոդվածներ էին հրապարակվում։ Նախկին տիկինն այնքան առաքինի էր, որ այս աստիճան չէր իջնի։

Սրանք կրթվելուց են խոսում, բայց առաջին հերթին իրենք կրթվելու կարիք ունեն։ 30 տարի անկախ Հայաստանում ու Արցախում ապրել ենք, չե՞նք կրթվել, ու հիմա ինքը պետք է մեզ կրթի՞, ինչպե՞ս է կրթում՝ այսպե՞ս։ Ինքս վախենալու բան չունեմ, կարող է ինձ էլ վիրավորի, ես փաստերով եմ խոսում. իրենք մեզ տարան Ադրբեջանի հետ պայմանավորված պարտության, ասում էին՝ գերիները 2 ամիս կսպասեն՝ 5 տարի է անցել, ո՞վ պետք է զբաղվի այդ հարցով… Ասում էին՝ բանակը կարգի ենք բերելու, բայց հակառակը եղավ, ասում էին՝կլուբնիկով ենք պահում զինվորին, մեզ կլուբնիկ պետք չէր, երբ խաղաղ պայմաններում ամեն ամիսզոհ էինք ունենում։ Եթե ես իրենց ատում եմ, դրա բոլոր առիթներն իրենք են տվել»,-մեզ հետ զրույցումշեշտեց Նաիրա Մարգարյանը։

Նա նաև վստահ է, որ Աննա Հակոբյանը երբեք չի փոխվի և իր վարքն էլ չի փոխի, քանի որ սկզբում փորձեց մտնել քաղաքակիրթ կնոջ քողի տակ՝ չստացվեց, հիմա իրեն բացահայտ ցույց է տալիս։

«Եթե հանկարծ նախկին իշխանությունը Նիկոլ Փաշինյանին կամ իր տիկնոջը որևէ կեղծ հոդվածի համար քննադատեր, այնպես կանեին, որ քննադատողը հասներ բանտ։Այս ժողովուրդը չի փոխվել, նույնն է, այդ իրե՛նք են փոխվել, չափն ու սահմաններն անցել են, որովհետև ինչի համար պայքարում էին՝ հասան՝ իշխանություն, և հիմա այդ իշխանությունն օգտագործում են ժողովրդի դեմ։

Իրենց գնալու ժամանակն է, պետք է զրկվեն ամեն ինչից ու պատասխան տան իրենց բերած չարիքների համար, մեր որդիների, Արցախի տեղահանված ժողովրդի, վիրավորների, որբացած երեխաների համար»,-ընդգծեց Նաիրա Մարգարյանը։

Տեսանյութեր

Լրահոս