Տարին 4 անգամ ոչ միայն խավիար է հասել Եվրոպա, այլ նաև թանկարժեք գորգեր, ժամացույցներ, նվերներ, կանխիկ գումար, անգամ՝ թեթևաբարո կանայք. Սիրանույշ Մուրադյան
«Եվրոպական կայունության նախաձեռնություն» անկախ հետազոտական կենտրոնը տարիներ առաջ հրատարակել էր «Խավիարային դիվանագիտություն. ինչպես Ադրբեջանը լռեցրեց Եվրոպայի խորհրդին» աղմկահարույց զեկույցը: Եվրոպացի հետազոտողները ջրի երես էին հանել բոլոր կաշառակերներին, ովքեր ընդգրկված էին ադրբեջանական լոբբիստական խմբում: Հակահայկական լայնածավալ քարոզչությունը ստացավ «Խավիարային դիվանագիտություն» անունը:
Newmag-ը հայերեն է թարգմանել ու հրատարակել այս աղմկահարույց զեկույցը: Թարգմանության հեղինակն է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրի նախկին լրագրող, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության աշխատանքը երկար տարիներ լուսաբանած Սիրանույշ Մուրադյանը:
Գրքի վերածված զեկույցը հենց «Խավիարային դիվանագիտություն» անունն ունի:
168.am-ի հետ զրույցում Սիրանույշ Մուրադյանն ասաց՝ գրքի շապիկի վրա պատկերված են 4 հիմնական խավիարասերները՝ Լուկա Վոլոնտեն, Ակսել Ֆիշերը, Պեդրո Ագրամունդն ու Կարին Ստրենցը, ով օդանավում հանկարծամահ եղավ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելուց հետո:
«Երբ պատերազմի ժամանակ Բաքուն Եվրոպական կոնվենցիայով արգելված ֆոսֆոր էր օգտագործում, ծննդատներ էր ռմբակոծում, Եվրոպայի խորհուրդը, Եվրոպական միությունը, Արևմուտքը ոչ ադեկվատ արձագանքների էին արժանացնում այդ փաստերը, թեպետ թվում էր՝ աղմուկը պետք է մեծ լինի: «Եվ ինչո՞ւ էր լռում Եվրոպան» հարցը երկար ժամանակ կախված է օդում: Գլխավոր պատճառը, թե ինչպես է Բաքուն գնել Եվրոպային, կարծես թե մնում էր ստվերում»,- ասաց Սիրանույշ Մուրադյանը:
Զեկույցի թարգմանությանը Սիրանույշ Մուրադյանը ձեռնամուխ է եղել դեռևս Ամերիկյան համալսարանում թարգմանական գործ ուսումնասիրելու ժամանակ:
«Պատերազմի ապատիկ վիճակներից հետո որոշեցի, այնուամենայնիվ, ավարտին հասցնել թարգամանությունը՝ հասկանալով դրա կարևորությունը»,- նշեց նա:
Ըստ նրա՝ «Խավիարային դիվանագիտության» բանաձևումը շատ պարզ է՝ խավիար՝ ձայների դեմ, փող՝ հօգուտ պրոադրբեջանական բանաձևերի. Եվրոպացիներին Բաքուն այսպես է գնում:
«Հենց եվրոպացիներն են գրել եվրոպացիների մասին, հենց նրանք են ներքին կուլիսային խոսակցությունների, իրենց ունեցած տարատեսակ կապերի շնորհիվ բացահայտել Բաքվի «խավիարային դիվանագիտության» ողջ պերճանքն ու թշվառությունը, թե ինչպես է Բաքուն աշխատում եվրոպացիների հետ, ինչպես է կարողանում լռեցնել նրանց: Ի դեպ, հենց ադրբեջանցիներն են եզրույթի հեղինակը, որովհետև իրենք իրենց մեջ ձեռք են առել եվրոպացիներին՝ ասելով՝ տեսեք, մենք խավիարով կարող ենք գնել բոլորին»,- ասաց Սիրանույշ Մուրադյանը:
Ըստ նրա՝ շատ խորհրդանշական է «խավիարային դիվանագիտություն» ձևակերպումը, որովհետև ոչ միայն տարին 4 անգամ խավիար է հասել Եվրոպա, այլ նաև թանկարժեք գորգեր, ժամացույցներ, նվերներ, կանխիկ գումար կամ փոխանցումով:
«Բաքուն անգամ թեթևաբարո կանայք է մատակարարել եվրոչինովնիկներին»,- ասաց Սիրանույշ Մուրադյանը:
Այս զեկույցից տարիներ անց, Սիրանույշ Մուրադյանի խոսքով, հենց ԵԽԽՎ-ում ստեղծվեց հետաքննող անկախ մարմին, որն իր ուսումնասիրությունների արդյունքներով հրապարակեց մոտ 200 էջանոց փաստաթուղթ՝ ապացուցելով այն, ինչ գրված էր զեկույցում:
«Հիմնական դերակատարներից Լուկա Վոլոնտեն այժմ ազատազրկման ձևով պատիժ է կրում Իտալիայում: Նա 2.5 միլիոն եվրո կաշառք էր վերցրել ադրբեջանցիներից: Ի դեպ, նա շատ հայտնի հակաադրբեջանական բանաձև վիժեցրեց մեկ այլ իտալացի պատվիրակի՝ Լուի Վիտալիի հետ միասին, որով փաստվում էր՝ Ադրբեջանը 100-ից ավելի քաղբանտարկյալներ ունի»,- ասաց զեկույցի հայերեն թարգմանության հեղինակը՝ հավելելով՝ մյուս պատգամավորները զրկվել են պատգամավորական անձեռնմխելիությունից:
Նա հիշեցրեց՝ Պեդրո Ագրամունդը իսպանական սենատից էր գործուղվել ԵԽԽՎ, և նրան խայտառակ ձևով վռնդեցին ԵԽԽՎ նախագահի աթոռից:
«Ես վստահ եմ՝ խավիարային դիվանագիտության փաստերը դեռևս բացահայտվելու են: Մենք պետք է գնանք այդ փաստերի հետևից, որովհետև Ադրբեջանն այնքան է սանձարձակվել, որ արդեն ԵԽԽՎ որոշումները չի կատարում, և Նախարարների կոմիտեն անելիք ունի»,- ասաց Սիրանույշ Մուրադյանը:
Խոսելով կաշառքների չափերի մասին՝ զեկույցի հայերեն թարգմանության հեղինակը նշեց՝ դրանք եղել են տարբեր չափերի:
«Օրինակ, գերմանական Բունդեսթագից ԵԽԽՎ պատվիրակված պատգամավոր Էդուարդ Լինթները, ով արդեն զրկված է անձեռնմխելիությունից, ըստ մեղադրանքի՝ 4 միլիոն եվրո գումար է վերցրել, այն բաժանել է Կարին Շտրենցին, Ակսել Ֆիշերին ու մյուսներին»,- ասաց Սիրանույշ Մուրադյանը:
Նա հիշեցրեց նաև բոսնիացի պատվիրակ Միլիսա Մարկովիչի հակահայկական զեկույցի պատմությունը:
«Նա Սարսանգի ջրամբարի մասին զեկույց բերեց, ներկայացրեց ու անցկացրեց այն: Ես անձամբ երբ նրան հարցրել եմ՝ տեսե՞լ եք Սարսանգի ջրամբարը, եղե՞լ եք այնտեղ, պատասխանել է՝ ոչ: Զեկույցի անցկացումից որոշ ժամանակ անց լուրեր տարածվեցին, որ նա իր երկրում հայտնվել է իրավապահների տեսադաշտում»,- ասաց նա:
Սիրանույշ Մուրադյանը նկատեց՝ եվրոպական լրատվամիջոցները, աշխարհի մամուլն անդադար գրում է «խավիարային դիվանագիտության» մասին, բայց մենք այդ հարցում թերևս պասիվ ենք, մինչդեռ թիվ մեկ շահագրգիռ կողմը մենք ենք: