Էրդողանը անցնելու է հակագրոհի. կորցնելու ոչինչ չունի. սա նրա վերջին մենամարտն է. Ռուբեն Մելքոնյան
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո հայ փրկարարներին այնտեղ ուղարկելու վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց առաջ նախ պետք է տարանջատել հարցի քաղաքական և զգացական հարթությունները. զգացական մակարդակում, այո՛, տեղի է ունեցել ողբերգություն, և կարելի է ցավակցել. սահմանափակվել մեկ ցավակցական հեռագրով։
Քաղաքական հարթության մեջ Թուրքիան մի երկիր է, որը շարունակում է մնալ Հայաստանի թշնամի երկիր և հենց այս պահին ադրբեջանցիների հետ համատեղ փակել է Արցախը Հայաստանին կապող Բերձորի միջանցքը՝ աղետ ստեղծելով Արցախում, ուստի հենց այս հարթության մեջ է, որ Հայաստանի ցուցաբերած վերաբերմունքը Թուրքիայի կողմից համարժեք պատասխան չի ստանում, եթե ստանար, ապա Բերձորի միջանցքը հիմա բացված կլիներ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Հայաստանից Թուրքիա փրկարարներ ուղարկելու ՀՀ Կառավարության որոշման մասին:
«Էրդողանը, հայտարարելով, որ Ադրբեջանի հետ մեկ ազգ են, երկու պետություն, պատասխանում է Հայաստանի իշխանությանը, որը կարծում է, որ իրար հետևից պաշտոնյաների մակարդակով Թուրքիային ցավակցելով՝ կարող է այդ երկրում դիրքորոշում փոխել մեր նկատմամբ։ Ինչ վերաբերում է ՀՀ ներկայիս իշխանության այն արդարացումներին, թե ՀՀ նախորդ իշխանությունները ևս ցավակցել են նախկինում Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո, ապա դա ասողներին պետք է հիշեցնեմ, որ դա ամենը չէ, Լևոն Տեր-Պետրոսյանը նաև մեկնել է Թուրքիա և մասնակցել Թուրքիայի նախագահի թաղմանը, բայց չի կարելի այն ժամանակվա հաղթանակած Հայաստանը բերել և համեմատել այսօրվա պարտված Հայաստանի և Հայաստանի ներկայիս ծաղրված իշխանության հետ»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը՝ ընդգծելով՝ խաղաղություն մուրացողի կարգավիճակում գտնվող ՀՀ իշխանությունը կարծում է, որ իր նման պահվածքը կնպաստի խաղաղության իրենց օրակարգի հաստատմանը, մինչդեռ իրականության մեջ դա տեղի չի ունենա։
Ինչ վերաբերում է Թուրքայում տեղի ունեցած երկրաշաժի հետևանքները ներքաղաքական կյանքում օգտագործելու և ընդդիմադիրներին ճնշելու Էրդողանի նպատակադրումներին, ապա Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ Էրդողանը հայտնի է՝ որպես կրիզիսային իրավիճակներից դուրս եկող լավ մենեջեր, ուստի մեծ է հավանականությունը, որ այս աղետը չի հետաձգի մայիսի 14-ին Թուրքիայում նշանակված ընտրությունները։
«Էրդողանը կրիզիսային մենեջեր է. նա քաղաքական բարդ իրավիճակներում կարողանում է խնդիրները հաղթահարել. Էրդողանը հաղթահարել է 2016 թվականի հեղաշրջման փորձը, 2 միլիոնանոց բողոքի ընդվզման ալիքը։ Հիմա Էրդողանը հայտնվել է իրադարձությունների կենտրոնում՝ ինքն անընդհատ աղետի վայրում է, դրության տերն է, պարբերաբար հարցազրույցներ է տալիս՝ ի ցույց դնելով իր վճռականությունը նաև ընդդիմությանը հաղթելու հարցում։ Էրդողանը չի կանգնելու ոչնչի առաջ։ Այո՛, հարվածը լուրջ է, բայց իմանալով Էրդողանի կերպարը, նշեմ՝ նա այս հարվածը պահելու է և անցնի հակագրոհի. Էրդողանը կորցնելու ոչինչ չունի. սա իր վերջին վճռական ճակատամարտն է և չի կարող հանձնվել։ Ընդդիմության մի հատվածի հակաքարոզչությունը, ի դեպ, ունի խոցելի տեղեր, ինչից օգտվում է Էրդողանը և շեշտում է՝ բարոյական չէ փլատակների տակ մարդկանց թողնելն ու քաղաքական հարցեր լուծելը»,- ասաց Մելքոնյանը՝ ընդգծելով՝ թեև Թուրքիայի 10 նահանգում մտցվել է արտակարգ դրություն, բայց այդ երկիրը դրան սովոր է. կան նահանգներ, որտեղ տարիներ շարունակ այդպիսի դրություն է, ուստի գրեթե անհավանական է, որ մայիսին նշանակած ընտրությունները չկայանան։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։