Սերժի ու ՀՀԿ-ի ժամանակ երկիր չէին ծախում, բանավոր պայմանավորվածությամբ թշնամուն ռազմավարական բարձունքներ չէին նվիրում…

Վերջին օրերին իշխանական բուրգի պասերով կրկին սրվել է նախկին-ներկա դիսկուրսը: Թվում էր՝ դա դեռ կընթանա իր հունով և որոշակի ժամանակահատված կրկին կզբաղեցնի հասարակությանը, սակայն, ինչպես ոչ ոք, այնպես էլ այս իշխանությունն ապահովագրված չէ ֆորսմաժորային իրավիճակներից, որքան էլ որ սատանայի հետ պայմանագիր կնքած լինի:

Սակայն լույսը բացվեց զարհուրելի լուրով. Ոստիկանության Էրեբունու բաժնում ծեծել են իրենց մասնագիտական ու աշխատանքային պարտականությունները կատարող 2 փաստաբանի, իսկ ավելի վաղ՝ մեկ օր առաջ, խոշտանգել են անչափահասների… Էրեբունու օպերլիազորները:

Շարունակ նախկին իշխանություններին մերժելով՝ իշխանության զավթմամբ պարծեցող իշխանությունը, որի իշխանության գալու առաջին տարում ստեղծված էր այնպիսի իրավիճակ, որ հասարակության զգալի հատվածը պատրաստ էր կենդանի այրել ցանկացածին, ով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ու նրա կուսակցության՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) հետ դույզն-ինչ առնչություն կարող էր ունեցած լինել, հիմա ստեղծել է մի դրություն, որ այսօր ոստիկանության բաժնում խոշտանգում են նախ անչափահասներին, հետո նրանց պաշտպանելու համար բաժին ժամանած փաստաբաններին տառացիորեն գցում են ոտքերի տակ:

Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանի արձանագրումը դիպուկ էր՝ վերադարձել ենք նախորդ դարի 90-ական թվականներ:

Կարդացեք նաև

Այո, ինչ խոսք, Հայաստանում նախկին բոլոր ղեկավարների՝ թե՛ Լևոն  Տեր-Պետրոսյանի, թե՛  Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին էլ եղել են սխալներ, բացթողումներ, բազմաթիվ թերացումներ, խնդիրներ, հանցանքներ, բայց ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի և նրա խունտայի, նրան  նախորդած ՀՀ բոլոր երեք իշխանությունները՝ իրենց բացթողումներով հանդերձ, հսկայական ժառանգություն են թողել՝ հաղթանակած Արցախ, արժեքավոր բանակցային ժառանգություն, ապահով ու անվտանգ Հայաստան՝ կայացած ինստիտուտներով, և այլն։

Գործող իշխանության թեթև ձեռքով «Սերժի ժամանակ» բառակապակցությունը շրջանառության մեջ դնելուց անցել է շուրջ 5 տարի, և հիմա, բնականաբար, ոչ նրանք, ոչ իրենց աջակիցները չեն ասի՝ Սերժի ժամանակ անչափահաս չէին խոշտանգում, Սերժի ժամանակ փաստաբան չէին ծեծում, Սերժի ժամանակվա դատաիրավական բարեփոխումների արդյունքն են մսխում արդեն 5 տարի ու չեն հագենում:

Սերժի ու ՀՀԿ-ի ժամանակ քրեակատարողական հիմնարկներում «բարդակ» չէր. «զոն նայողները» Քրեակատարողական ծառայության ղեկավարության հետ «ախպերություն» չէին անում, ՔԿՀ պետերին էլ իրենց կամքը չէին թելադրում:

Սերժի ու ՀՀԿ-ի ժամանակ քրեակատարողական հիմնարկներում «զոն նայողների» խցերի դռները երեկոյան 19:00-ից հետո չէին բացվում, ու չէր եռում ելումուտն ու առևտուրը:

Սերժի ու ՀՀԿ-ի ժամանակ միլիոն դոլարանոց տեսահսկման ապարատ չէին դնում ու որպես ռեկվիզիտ օգտագործում:

Սերժի ու ՀՀԿ-ի ժամանակ հիվանդությամբ չպայմանավորված այս քանակի մահեր չկային գաղութներում: Սովորական բան չէր «դեղի տակ» կամ «թավանի տակ» մնալը, որոնց երկուսի դեպքում էլ ելքը նույնն է՝ անխուսափելի մահ:

Սերժի ու ՀՀԿ-ի ժամանակ հիմնարկից հիմնարկ մարդ չէին տեղափոխում, որ օրը ցերեկով ՔԿՀ-ի զբոսահրապարակում ազատազրկված անձ չեզոքացնեն:

Սերժի ու ՀՀԿ-ի ժամանակ «տռոյկա դատարանները», որ հիմա Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) անունն ունի, անձնական քինախնդրությունից ու քաղաքական էժան շահարկումներից դրդված՝ դատավորի լիազորություն չէին դադարեցնում:

Սերժի ու ՀՀԿ-ի ժամանակ կոչումները տուփերով չէին բաժանում, երկիր հանձնածներին ու նահանջի հրաման տվածներին Ազգային հերոսի կոչում չէին տալիս, կապիտանից գեներալ թռիչքը կես ոստյուն չէր:

Եվ, ի վերջո, Սերժի ու ՀՀԿ-ի ժամանակ երկիր չէին ծախում, բանավոր պայմանավորվածությամբ թշնամուն ռազմավարական բարձունքներ չէին նվիրում, արյունով ազատագրած հողն առանց մի հատիկ կրակոցի չէին հանձնում:

Սերժի ու ՀՀԿ-ի ժամանակ մարդիկ իրենց տները չէին վառում, որ թուրքին բաժին չհասնի:

Սերժի ու ՀՀԿ-ի ժամանակ մեր զինվորները չէին զոհվում հանուն ոչնչի ու 5000 կյանք չէր զոհաբերվում սեփական իշխանությունը պահելու համար:

Այսօր այս իշխանությունները, եթե դեռ իշխանության են, ապա դեռևս հենց նախկինների թողած ինստիտուտների շնորհիվ է, որն ամեն օր մսխում են ու քանդում՝ համակարգերը լցնելով անգրագետ, անփորձ և դրսի այս կամ այն ծառայությունների կողմից օգտագործվող սպասարկուներով, կամ մեր տարածաշրջանում իրենց շահերը առաջ մղող որոշ գերտերությունների թեկուզև ժամանակավոր, բայց բարեհաճ վերաբերմունքի շնորհիվ: Դրանով է պայմանավորված հատկապես այն հանգամանքը, որ Հայաստանում դրսի դրամաշնորհներով ապրող հասարակական, իրավապաշտպան կազմակերպությունները ծպտուն չեն հանում երկրում տիրող ապօրինությունների, կոռուպցիայի աննախադեպ դրսևորումների, մարդու իրավունքների ոտնահարումների, պետական բյուջեի փողերը սեփական գրպանի պես ծախսելու՝ ժողովրդին թալանելու մասին: Ինչպես ասում են՝ նախ, դրամաշնորհներով սնվող այդ կազմակերպություններից շատերը և նրանց մերձավորները սերտաճած են Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հետ՝ օգտվում են իշխանական կերակրատաշտակից, և երկրորդ՝ իրենց հովանավորներից դեռ հրահանգ չեն ստացել՝ բարձրաձայնելու այդ թեմաների մասին: Ինչո՞ւ: Որովհետև Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը հստակ կատարում են նրանց հրահանգները՝ այդ երկրների փոքր ու մեծ շահերը մեր տարածաշրջանում առաջ մղելով: Նիկոլը դեռ նրանց պետք է՝ ծրագիրն ավարտին հասցնելու համար:  Դա էլ լռության գինը:

Թե չէ՝ ում համար տեսանելի չեն ներկայիս իշխանավորների, նրանց մերձավորների, բարեկամների ապրելակերպի և կենսամակարդակի կտրուկ փոփոխությունները:

Համեմատեք՝  2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» առաջ և հիմա նրանց հնարավորություններն ու ֆինանսական, գույքային կարողությունները. անզեն աչքով էլ կտեսնեք նրանց փոխակերպումները՝ թանկարժեք ավտոմեքենաները, ամառանոցներն ու բնակարանները, թանկարժեք վոյաժները, ցոփ ու շվայտ կյանքը, միլիոնավոր պարգևավճարները, թանկարժեք հագուկապը, ընտանիքի անդամների, բարեկամների պաշտոնները, բիզնեսները, տենդերները…

Գարեգին Մխիթարյան

Տեսանյութեր

Լրահոս