«Ղարաբաղում ունենք հումանիտար աղետ, բայց դա չի նշանակում, որ պետք է կորցնենք մեր մարդկությունը». Քերոբյանը՝ Թուրքիա օգնություն ուղարկելու մասին
«Կարծում եմ, որ մենք պետք է մասնակցենք բնական աղետի պատճառով տուժած մարդկանց օգնելու գործին»,- Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Թուրքիա հայ փրկարարներ ուղարկելու փաստին:
Լրագրողները Էկոնոմիկայի նախարարին հիշեցրին, որ ոչ վաղ անցյալում՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, նույն իրենց իշխանությունն էր հայտարարում, որ Հայաստանի դեմ, բացի Ադրբեջանից, նաև Թուրքիայի բանակն է կռվում, ինչի հետևանքով էլ այսքան զոհեր ու տարածքային կորուստներ ունեցանք: Վահան Քերոբյանն ասաց, որ իր կարծիքով՝ ցանկացած հարցի լուծում պետք է լինի համագործակցության միջոցով.
«Եթե երկրները կամ մարդիկ կռվում են իրար հետ, հարց չի՛ լուծվում, համագործակցության միջոցով է միայն հնարավոր հարց լուծել: Կարծում եմ, որ մենք հիմա շատ լավ օրինակ ենք ցույց տալիս, թե ինչպես պետք է դրական օրակարգով… Ճի՛շտ է, տեղի է ունեցել խոշոր բնական աղետ, որի պատճառով տասնյակ, գուցե հարյուր-հազարավոր մարդիկ անօթևան են մնացել և զոհեր կան բազմաթիվ, բայց այսպիսի դեպքերում պետք է ցույց տալ, որ մենք պատրաստ ենք համագործակցության, պատրաստ ենք դրական առումով լավացնել հարաբերությունները»:
Դիտարկմանը, որ Արցախում արդեն 2 ամիս է՝ հումանիտար ճգնաժամ է, ավելին՝ Արցախից քննադատություններ են հնչում, որ անգամ տեսակամուրջ չի կազմակերպվում՝ հասկանալու համար, թե ի՞նչ իրավիճակ է Արցախում, և հիմա Կառավարությունը մարդասիրության անվան տակ պատրաստակամություն է հայտնում օգնություն տրամադրել Թուրքիային, Վահան Քերոբյանն ասաց.
«Ես կիսում եմ ձեր տեսակետը, ունենք հումանիտար աղետ նաև Լեռնային Ղարաբաղում, բայց այնտեղ խնդրի առկայությունը չի նշանակում, որ մենք պետք է կորցնենք մեր մարդկությունը:
Ինչ վերաբերում է օգնությանը, ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ կառավարությունը և ՀՀ քաղաքացիները տարեկան 150 միլիարդ դրամի կարգի ֆինանսական աջակցություն են տալիս Լեռնային Ղարաբաղի կառավարությանը, և ասել, որ Կառավարությունը ոչինչ չի անում, դա շատ սխալ արտահայտություն է:
Ինչ վերաբերում է ճանապարհի փակ լինելուն, մենք ձեռնարկում ենք բոլոր հնարավոր, բայց խաղաղ միջոցները, որպեսզի հարցը լուծվի, որովհետև որևէ պոտենցիալ ուժային լուծման մեջ չենք տեսնում: Կարող եմ ասել, որ նույնիսկ ես, որ առանձնապես տնտեսական հարցերով եմ զբաղվում, ոչ թե քաղաքական, օգտագործել եմ առիթը և 2 շաբաթ առաջ Բեռլինում տեղի ունեցած գյուղատնտեսության նախարարների կոնֆերանսի ժամանակ բարձրացրել եմ Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջացած հումանիտար աղետը՝ պարենային անվտանգության վերաբերյալ»:
Լրագրողները Վահան Քերոբյանին հիշեցրին, որ ադրբեջանական կողմը պարբերաբար հայտարարում է, թե իրենք ճանապարհը չեն փակել, և, որ կարող են անարգել անցնել այդ հատվածով, փոխարենը՝ հայկական կողմն ասում է՝ Ադրբեջանն է փակել, երբեմն էլ ակնարկում է, որ ռուս խաղաղապահներն են փակել: Գուցե Կառավարությունը պատվիրակությո՞ւն ձևավորի, որտեղ կընդգրկվեն նախարարները, գնաք Բերձորի միջանցք և դրանով ցույց տաք՝ ճանապարհը բա՞ց է, թե՞ փակ՝ հարցրեցին նախարարին:
Վահան Քերոբյանը կարճ պատասխանեց.
«Եթե Կառավարությունը որոշում կայացնի, ապա ես պատրաստ եմ»:
Նախարարն անդրադարձավ նաև լաստանավային հաղորդակցությանը՝ ասելով՝ դիզվառելիքի ներմուծման հետ կապված նոր դժվարություններ են առաջացել.
«Գիտեք, որ Ռուսաստանի դեմ նավթամթերքների սանկցիան մտել է ուժի մեջ, և դա մեր տնտեսվարողների համար նոր բարդություններ է առաջացրել: Այս սանկցիաների խնդիրն այնպիսի փուլերով է առաջ գնում, որ դժվար է պատկերացնել, թե երբ մենք վերջնական լուծում կունենանք: Ես և իմ թիմն ամենօրյա ռեժիմով աշխատում ենք այս ուղղությամբ, և լաստանավային հաղորդակցության կարևորությունը միայն աճել է, ոչ թե նվազել»:
Ճշտող հարցին՝ հնարավո՞ր է Ռուսաստանի դեմ սանկցիաների հետևանքով Հայաստանում դիզվառելիքի գինը բարձրանա, նախարարը պատասխանեց.
«Եթե մենք չկարողանանք լուծել անխափան մատակարարման հարցը, ապա ամենայն հավանականությամբ գները կբարձրանան…»: