Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 912-ի
Թուրքիայում հզոր երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 900-ը, ավելի քան 5000 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Փրկարարական աշխատանքների համակարգման կենտրոնում։
«Այս պահի դրությամբ զոհվել է 912 մարդ, վիրավորվել է 5385 մարդ, փրկվել է 2470 մարդ»,- ասել է նա։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ դժվար է կանխատեսել զոհերի վերջնական թիվը։
«Մենք հույս ունենք այս աղետը հաղթահարել նվազագույն մարդկային կորուստներով», – հավելել է Էրդողանը։
Նա նաև հայտնել է, որ տարբեր քաղաքներում փլուզվել է 2818 շենք։
Երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում առավոտյան ժամը 04:17-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գազիանթեփից 37 կմ հեռավորության վրա, օջախը՝ 10 կմ խորության վրա։ Երկրաշարժին հաջորդել են 4 տասնյակ հետցնցումներ։ Ցնցումները զգացվել են Սիրիայում, Լիբանանում, Իրաքում և Իսրայելում։
Երկրաշարժից լրջորեն տուժել են սիրիական Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգները։ Սիրիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 326-ի, վիրավորվել է 1042 մարդ։