Պուտինը ավերիչ երկրաշարժի կապակցությամբ ցավակցություն է հայտնել Թուրքիայի և Սիրիայի ղեկավարներին և օգնություն առաջարկել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Թուրքիայի և Սիրիայի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Բաշար ալ-Ասադին հզոր երկրաշարժի կապակցությամբ, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել, հազարավոր մարդիկ՝ վիրավորվել։ Ռուսաստանի ղեկավարը վստահեցրել է, որ Մոսկվան պատրաստ է Անկարային և Դամասկոսին տրամադրել անհրաժեշտ օգնություն։
«Հարգելի պարոն նախագահ, ընդունեք մեր խորին ցավակցությունները ձեր երկրում հզոր երկրաշարժի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի և զանգվածային ավերածությունների կապակցությամբ», – ասված է Թուրքիայի նախագահին ուղղված ցավակցական հեռագրում։
Պուտինը Էրդողանին խնդրել է անկեղծ կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և ընկերներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր նրանց, ովքեր վիրավորվել են տարերային աղետի հետևանքով։
«Մենք պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել այս առնչությամբ», – վստահեցրել է ՌԴ նախագահը:
Սիրիայի նախագահին ուղղված հեռագրում Պուտինը նաև «ամենաանկեղծ ցավակցություն է հայտնել Սիրիայի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած երկրաշարժի ողբերգական հետևանքների կապակցությամբ»։
«Մենք կիսում ենք նրանց վիշտն ու ցավը, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին, բոլոր տուժածների շուտափույթ ապաքինման հույս ունենք և պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել այս տարերային աղետի հետևանքների վերացման համար», – նշել է ՌԴ ղեկավարը:
Ժամը 04:17-ին 7,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավում գտնվող Քահրամանմարաշ նահանգում։ Գրանցվել է նաև 78 հետցնցում: Ըստ վերջին տվյալների՝ Թուրքիայում զոհվել է 284 մարդ, վիրավորվել՝ 2323-ը: Իսկ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրում տեղի ունեցած երկրաշարժի զոհ է դարձել 237 մարդ, վիրավորվել՝ 639-ը։