Ուկրաինայի պաշտպանության նախարարը կարող է պաշտոնանկ արվել

Պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը մեկնաբանել է տեղեկությունները, որ մոտ ապագայում իրեն կարող են պաշտոնանկ անել, գրում է BBC-ն։

«Ոչ մի պաշտոնյա հավերժ չէ իր աթոռին։ Ոչ մեկը։ Պաշտպանության նախարար լինել-չլինելու որոշումը կայացնում է մեկ մարդ՝ Գերագույն գլխավոր հրամանատար, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ սահմանադրության համաձայն, – ասել է Ռեզնիկովը։ – Ուստի միայն Ուկրաինայի նախագահի որոշմամբ ես որոշակի որոշումներ կկայացնեմ»։

«Ես ոչ մի բանից չեմ ամաչում։ Ես հաղթող եմ», ասել է Ռեզնիկովը։

Կիրակի օրը ուկրաինական լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրներին, գրել էին, որ նախագահը Ռեզնիկովին կարող է հեռացնել պաշտպանության նախարարի պաշտոնից արդեն հաջորդ շաբաթ։ Լրագրողների չհաստատված տեղեկությունների համաձայն՝ նրա փոխարեն կարող է նշանակվել Ռազմական հետախուզության գլխավոր վարչության ներկայիս ղեկավար Կիրիլ Բուդանովը։

Վերջին շաբաթների ընթացքում Ուկրաինայի ՊՆ միանգամից երկու բարձրաստիճան պաշտոնյա հեռացվել է աշխատանքից։ Սկզբում փոխնախարար Վյաչեսլավ Շապովալովը, ով պատասխանատու էր Ուկրաինայի զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման համար, կորցրեց իր պաշտոնը. դա տեղի ունեցավ առաջնագծում զինվորականների համար սննդամթերք գնելու շուրջ սկանդալի ֆոնին:

Այնուհետև հայտնի դարձավ ռազմատեխնիկական քաղաքականության վարչության պետ Ալեքսանդր Լիևի պաշտոնանկության մասին՝ իր իսկ պահանջով։ Մինչ այդ, ուկրաինական լրատվամիջոցները գրել էին, որ նա, իբր, նախկինում ռուսամետ հայացքներ է ունեցել։

Տեսանյութեր

Լրահոս