Արդյո՞ք դատարանները կկանգնեցնեն Բայդենի վարչակազմի կողմից Ադրբեջանին ապօրինի զինումը
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շարունակում են ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին՝ «Ազատության աջակցության ակտ»-ի 907-րդ հոդվածից հրաժարվելու միջոցով»,- այս մասին իր հոդվածում գրում է Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի (American Enterprise Institute) ավագ վերլուծաբան, Պենտագոնի նախկին աշխատակից Մայքլ Ռուբինը։
Հոդվածագրի գնահատմամբ, Բայդենի կողմից այս բանաձևից հրաժարումն օրենքի և՛ տառով, և՛ ոգով անօրինական է, քանի որ այն պահանջում է Սպիտակ տնից հաստատել, որ Ադրբեջանը հավատարիմ է մնում Հայաստանի հետ իր վեճի դիվանագիտական լուծմանը: Այնինչ, ըստ նրա, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և՛ խոսքով, և՛ գործով հստակորեն հայտարարել է, որ ցանկանում է հարձակվել, եթե ոչ ռազմական ուժով վերացնել Հայաստանը, եթե անհրաժեշտ է:
«Այս ֆոնին, 2022 թվականի հոկտեմբերի 13-ին, Կալիֆոռնիայի՝ Փալմ Դիզըրթ, փաստաբան Հրայր Քալաջյանը՝ ԱՄՆ քաղաքացի և Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ, դատի է տվել և՛ Բայդենին, և՛ Բլինքենին իններորդ շրջանային վերաքննիչ դատարանում՝ ԱՄՆ Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի շրջանային դատարանի բողոքարկման հիման վրա: Հայցի հիմքում Բայդենի վարչակազմի կողմից «Վարչական դատավարության ակտի էական և ընթացակարգային խախտումներն են»։
Բայդենը և Բլինքենը կա՛մ կձգտեն, որ դատարանը մերժի հայցը, կա՛մ կձգձգեն դատական վեճը, որպեսզի վարչակազմը կարողանա շարունակել զենք տրամադրել Ադրբեջանին: Երկու դեպքում էլ Կոնգրեսը պետք է վրդովվի: Ոչ միայն Բայդենի վարչակազմի որոշումը՝ ագրեսորին առանց հստակ նպատակի զենք մատակարարելու, վատ քաղաքականություն է, այլ, ինչպես ցույց է տալիս Քալաջյանը, այն նաև հակասում է օրենքին: Կոնգրեսի լռությունը պարզապես թույլ է տալիս Սպիտակ տանը և Պետդեպարտամենտին կոպիտ վարվել օրենսդրական ճյուղի հետ և դիտարկել Ազատության աջակցության ակտի և հետագա հրաժարման գործընթացի պարամետրերն ընտրողաբար»,- գրում է Ռուբինը:
Եզրափակելով հոդվածը՝ վերլուծաբանը հիշեցնում է, որ 1970-ականներին և 1980-ականներին Կոնգրեսի երկու կուսակցությունների առաջնորդները հավաքվեցին՝ դադարեցնելու Սպիտակ տան ջանքերը՝ տապալել իշխանությունների տարանջատման սկզբունքը: Այն, որ 2020-ականներին Կոնգրեսը չի կարողանում գործել նախկին սենատորի և աշխատակցի դեմ, ցավալի արտացոլում է Կոնգրեսի առաջնորդների պատրաստակամությունը պաշտպանելու իրենց ինստիտուտը և օրենքի սրբությունը»,- այսպես է ավարտում հոդվածը Մայքլ Ռուբինը։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը