Վարուժան Հոկտանյանը՝ կոռուպցիայի, Տիգրան Ավինյանի, կանեփի բիզնեսի, Աննա Հակոբյանի հիմնադրամին անանուն նվիրատվությունների մասին
Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվով հայտնվել է վատթար վիճակում. ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կենտրոնի հրապարակած զեկույցի՝ կոռուպցիայի ընկալման հավաթվով 2020-21 թթ. ունեցած 49 միավորի փոխարեն՝ 2022 թվականին մեր երկրում արձանագրվել է նահանջ. Հայաստանն ունի 46 միավոր, և դա այն դեպքում, երբ կոռուպցիայի ընկալման համաթվի 50-ից ցածր լինելը վկայում է տվյալ պետության լուրջ խնդիրների մասին։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, խոսելով հրապարակված զեկույցի մասին, նշեց՝ այն վերաբերում է կոռուպցիայի ընկալման համաթվին, բայց ոչ երբեք կոռուպցիայի մակարդակին, ինչը չափելու համար որևէ մեխանիզմ չկա, և հենց դա է պատճառը, որ չափվում է կոռուպցիայի ընկալումը՝ ինչպես գործարարների, այնպես էլ՝ փորձագետների շրջանում։
«Այս զեկույցից զատ, պետք է շեշտեմ՝ Հայաստանում ո՛չ թավշյա հեղափոխությունից առաջ, ո՛չ հետո չի կատարվել գեթ մեկ ուսումնասիրություն, որի վրա հիմնվելով՝ կարելի է հայտարարել, թե չկա համակարգային կոռուպցիա»,- շեշտեց Հոկտանյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Հայաստանում մասնավոր ոլորտում կոռուպցիան ևս այս համաթիվը չի չափում։
Հարցին՝ արդյո՞ք կոռուպցիայի դրսևորում է այն, որ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին արվում են միլիոնավոր դրամների անանուն նվիրատվություններ, Վարուժան Հոկտանյանը պատասխանեց՝ պնդելու համար, որ այստեղ կա կոռուպցիա, նախ պետք է պարզել՝ օրինակ, գործարարը, որը նվիրատվություն է արել այդ հիմնադրամին, արդյո՞ք դրա դիմաց մեկ անձից գնման արտոնություն չի ստացել։
Հոկտանյանը շեշտեց՝ սա պետք է պարզեն կոռուպցիայի կանխարգելմամբ զբաղվող մարմինները, այդուամենայնիվ, այդ մարմինների գործունեությունն ուսումնասիրելիս հարցեր ծագում են.
«Երբ հետևում եմ այդ մարմինների գործունեությանը, ինձ մոտ հարց է առաջանում՝ երբ մամուլում հրապարակումներ են լինում, արդյո՞ք դրանից հետո Կոռուպցիայի կանխարգելմամբ զբաղվող մարմինները զբաղվում են մամուլի այդ հրապարակումներով»,- հնչեցրած հարցից հետո Հոկտանյանը շարունակեց, որ իր կարծիքով՝ չանելու պատճառները մի քանիսն են՝ քաղաքական կամքի կամ ռեսուրսների բացակայություն։
Դիտարկմանը՝ ինչպե՞ս է ստացվում, որ այդ մարմինները ռեսուրսներ ունեն գնալու նախկին իշխանությունների ներկայացուցիչների դեռևս չապացուցված ապօրինի գույքը գտնելու հետևից, բայց չունեն ռեսուրս պարզելու, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը, օրինակ, ըստ պաշտոնապես հրապարակված հայտարարագրի, 2022 թվականին դարձել 6 անշարժ գույքի սեփականատեր, Վարուժան Հոկտանյանը պատասխանեց։
«Ստացվում է՝ կա խտրականություն. ի դեպ, միջազգային կազմակերպությունների փորձագետները հենց այդ մտահոգությունն են ունեցել. հասկանում են՝ իրավապահ համակարգում մի բան այն չէ»,- ասաց Հոկտանյանը։
Ինչ վերաբերում է խոշոր բիզնեսի կողմից Կառավարությանը սեփական կամքը թելադրելուն կամ իշխանության ներկայացուցչի կողմից հովանավորչությամբ զբաղվելու դրսևորումներին՝ Վարուժան Հոկտանյանին խնդրեցինք անդրադառնալ մեկ օրինակի. Տիգրան Ավինյանի փոխվարչապետ եղած ժամանակ օրինականացվեց արդյունաբերական կանեփի արտադրությունը, դրանից օրեր անց Ավինյանի ընկերները հիմնեցին այդ գործունեությամբ զբաղվող ընկերություն։
Հոկտանյանը մտահոգիչ համարեց պատկերը՝ ընդգծելով.
«Ոչ միայն Տիգրան Ավինյանի, այլ նաև շատ այլ դեպքերով է պայմանավորված Հայաստանին տրված քննադատական գնահատականը, ինչն էլ իր դերն է խաղացել արձանագրված նահանջի մեջ»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում