Բաժիններ՝

Ինչու է Ջիլ Բայդենը նախագահի երդմնակալության համար ընտրել Markarian ապրանքանիշի հանդերձանքը. պատմում է Բայդենի կինը

ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը հունվարի 26-ին այցելել է Ամերիկյան պատմության Սմիթսոնյան ազգային թանգարան, որտեղ ներկայացվել է Markarian ապրանքանիշի հանդերձանքը, որով նա մասնակցել էր ամուսնու՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը, գրում է wwd.com-ը:

«Հագուստը արվեստ է… ժամանակի կոնկրետ պահի դրսևորում։ Այն պատմություն է»,- ասել է Բայդենը թանգարանում ունեցած ելույթում։

Նա պարզաբանել է, թե ինչու է որոշել ամուսնու երդմնակալության համար ընտրել քիչ հայտնի Markarian ապրանքանիշի հագուստը։

Նրա խոսքով՝ ապրանքանիշի դիզայներ Ալեքսանդրա Օ’Նիլը «սկսնակ էր, երիտասարդ, փոքր թիմի ղեկավար՝ մեծ գաղափարներով»:

«Նրա դիզայնը թվում էր միաժամանակ և՛ հավերժական, և՛ նոր», – նկատել է Բայդենը:

Նա նաև խոսել է այն մասին, թե ինչպես է նորաձևության փոփոխությունն իր կյանքում դրսևորվել առաջին տիկին դառնալուց հետո։

«Երբ ես դարձա առաջին տիկին, ես գիտեի, որ մարդիկ ավելի շատ կսկսեն ուշադրություն դարձնել նրան, թե ինչ եմ կրում: Եղել են պահեր, երբ ես ուրախ էի այս ուշադրության համար, քանի որ գիտեի, որ իմ հագուստը կարող է օգնել ինձ ինչ-որ կարևոր բան ասելու։ Ինչպես օրինակ, երբ ես քվեարկության օրը (2020 թվականին) կրում էի Vote կոշիկները, իսկ մեր առաջին արտասահմանյան ճանապարհորդության ժամանակ Love բաճկոնը»,- պատմել է Ջիլ Բայդենը:

Հավելենք, որ Markarian ապրանքանիշն անվանվել է «Մարգարյանի գալակտիկաներ»-ի պատվին: Այն ուլտրամանուշակագույն ճառագայթման ավելցուկային քանակով միջուկ ունեցող գալակտիկաների դաս է, որը հայտնաբերել է հայ աստղաֆիզիկոս Բենիամին Մարգարյանը 20-րդ դարի 60-ական թվականներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս