97.4 տոկոսը համոզված է՝ Արցախի ժողովուրդը չի կարող ունենալ Ադրբեջանի կազմում ազգային փոքրամասնության կարգավիճակ. Գելափի հայաստանյան ներկայացուցիչ
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել է Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ «Բյուրեղացում» խորագրով հետազոտության արդյունքները։ Հետազոտությունն իրականացվել է հունվարի 17-ից 24-ը՝ հեռախոսային հարցումների միջոցով:
Այսպիսով, հետազոտության առաջին հարցադրմամբ փորձ է արվել պարզել, թե՝ «ով, ովքեր են մեղավոր միջանցքի արգելափակման համար»:
Այս հարցմանն ի պատասխան՝ հարցվածների 42.5 տոկոսը մատնանշել է Ադրբեջանի իշխանություններին, 30 տոկոսը՝ ՌԴ իշխանություններին, 29 տոկոսը՝ ՀՀ իշխանություններին, 17.2 տոկոսը՝ Թուրքիայի իշխանություններին: 12 տոկոսը ռուս խաղաղապահներին է «մեղադրել» և 10 տոկոսը՝ բոլոր պետություններին: Ի դեպ, 8. 3 տոկոսի կարծիքով՝ արգելափակման համար մեղավոր են Արցախի իշխանությունները:
Քաղաքացիները գնահատել են նաև ստեղծված իրավիճակում Արցախի իշխանությունների գործողությունները: Ըստ այդմ՝ 1-5 բալ սանդղակում Արայիկ Հարությունյանի գործունեությունը ստացել է 2.2 բալ, իսկ Ռուբեն Վարդանյանինը՝ 3.7 բալ:
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների կատարած աշխատանքին, ապա կրկին նույն սանդղակում առաջին դեմքերը գերազանցել են 2 բալը. Նիկոլ Փաշինյանը ստացել է 2.7 բալ, Արարատ Միրզոյան՝ 2.8 բալ, Ալեն Սիմոնյան՝ 2.5 բալ, Վահագն Խաչատուրյանը՝ 2.3 բալ:
Առհասարակ, քաղաքացիների 65.8 տոկոսը բավարար չի համարել Արցախի ապաշրջափակման հարցում ՀՀ իշխող ուժի գործողությունները, իսկ 61.7 տոկոսն էլ՝ ընդհանրապես բավարար չի համարել այդ հարցով ՀՀ ընդդիմության գործողությունները:
Հարցվածները գնահատել են նաև մի շարք երկրների և ինստիտուտների արձագանքը Արցախի շրջափակման առնչությամբ:
Ամենաշատը դրական են գնահատել Ֆրանսիայի արձագանքը՝ 74.1 տոկոսը, այնուհետև՝ Իրանի՝ 64 տոկոս, ԱՄՆ՝ 44 տոկոս, ԵՄ՝ 38.8 տոկոս, ՄԱԿ ԱԽ՝ 33.4 տոկոս, ՌԴ՝ 24. 8 տոկոս, ՀԱՊԿ՝ 16.2 տոկոս: Որքան էլ զարմանալի է, այդուհանդերձ, Հայաստանում հարցվածների 1 տոկոսը դրական է գնահատել Թուրքիայի արձագանքը:
«Ձեր կարծիքով՝ ո՞ր երկիրը, երկրներն են պարտավոր ջանքեր գործադրել Արցախի ապաշրջափակման համար»՝ հարցին ի պատասխան էլ՝ հետազոտության մասնակիցներն ամենաշատ պարտավորությունները՝ 49.4 տոկոս, դրել են ՌԴ ուսերին: 35.6 տոկոսն է նշել, որ Հայաստանն է պարտավոր ջանքեր գործադրել, իսկ 23 տոկոսը՝ ԱՄՆ-ի և 22.8 տոկոսը՝ Ֆրանսիայի պարտավորությունն է համարել ապաշրջափակման հարցում ջանքերի ներդրումը:
Հայաստանի ինտեգրման վեկտորների մասին հարցադրումներին ի պատասխան էլ՝ հարցվածների 29 տոկոսը նշել է, որ Հայաստանը պետք է ունենա հավասար հարաբերություններ ազդեցության կենտրոնների հետ, 22.7 տոկոսը կարծում է, որ ՀՀ ինտեգրման վեկտորը պետք է ուղղվի դեպի ՌԴ, 12.6 տոկոսը՝ ԱՄՆ, 9.7 տոկոսը՝ ԵՄ, 6.5 տոկոսը՝ Ֆրանսիա և 4.8 տոկոսը՝ Իրան:
Մասնակիցները նշել են նաև այդ երկրներից ռազմաքաղաքական օգնության մասին իրենց ակնկալիքները. շարքը գլխավորում է Իրանը՝ 40.1 տոկոսով, հաջորդում են Ֆրանսիան՝ 34.2 տոկոսով, Ռուսաստանը՝ 30 տոկոսով, ԱՄՆ-ը՝ 27.8 տոկոսով, Հնդկաստանը՝ 25.6 տոկոսով: Չինաստանից, ՀԱՊԿ-ից, ՄԱԿ Անվտանգության խորհրդից, ՆԱՏՕ-ից և Գերմանիայից սպասելիքներ ունեն հարցվածների 5 և ավելի ցածր տոկոսը:
50 տոկոսից ավելին դրական է գնահատել Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը, շուրջ 48 տոկոսը՝ բացասական: Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությանն էլ հավանություն է տվել մասնակիցների 53.4 տոկոսը՝ դրական գնահատելով այն, իսկ 37.4 տոկոսը բացասաբար է վերաբերվել 102-րդ ռազմաբազայի ներկայությանը:
Մեկ այլ հարցադրմամբ էլ «Գելափ»-ի հայաստանյան ներկայացուցիչները փորձել են պարզել քաղաքացիների վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի այն որոշման առնչությամբ, որով չեղարկվել են Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբերի համատեղ զորավարժությունների իրականացումը:
Հարցվածների 32.4 տոկոսը լիովին դրական է գնահատել այս որոշումը, իսկ 26 տոկոսը՝ ընդհանրապես բացասական:
Ուշագրավ են Արցախի բնակչության կարգավիճակի մասին հարցման պատասխանները. ՀՀ բնակչության 97.4 տոկոսը համոզված է՝ Արցախի ժողովուրդը չի կարող ունենալ Ադրբեջանի կազմում ազգային փոքրամասնության կարգավիճակ:
«Սա 3 փուլով ենք ներկայացրել՝ 2022 թ. նոյեմբեր, մայիս և 2023 թ. հունվար: Եթե հիշում եք՝ առանց այս իրավիճակի էլ բարձր էր այն մարդկանց թիվը, որոնք ընդունելի չէին համարում Արցախի բնակչությանն ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումն Ադրբեջանի կազմում: Եթե նայում ենք մայիսի ցուցանիշը՝ 83.3 տոկոսը նշել էին, որ ընդհանրապես ընդունելի չէ, և 6 տոկոսը նշում էին, որ ավելի շուտ ընդունելի չէ:
Այս շրջափուլի ժամանակ՝ գրեթե 97.5 տոկոսը նշել է, որ այդ կարգավիճակն ընդունելի չէ: Ես կարծում եմ՝ այս ցուցանիշի վրա ուշադրություն պետք է դարձնեն և՛ մեր իշխանությունները, և՛ միջազգային համայնքը»,- հարցման այս հատվածին անդրադառնալով՝ հավելեց Արամ Նավասարդյանը: