Իրանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
Իրանն ու Ադրբեջանը թույլ չեն տա, որ չարագործների ակնարկներն ազդեն երկու ժողովուրդների հարաբերությունների վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Նա իր ցավակցությունն է հայտնել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավարի մահվան կապակցությամբ, ով սպանվել է հունվարի 27-ի առավոտյան՝ դեսպանատան վրա տեղի ունեցած հարձակման ժամանակ։
Անդրադառնալով դեսպանատան վրա հարձակումը հետաքննելու համար համապատասխան գերատեսչությունների ձեռնարկած միջոցառումներին՝ Իրանի նախագահն իր կարեկցանքն է հայտնել Ադրբեջանի ժողովրդին և կառավարությանը։ Մա մշել է, որ Իրանի և Ադրբեջանի երկու ժողովուրդների բարեկամական և եղբայրական հարաբերությունները հիմնված են անքակտելի մշակութային և պատմական կապերի վրա՝ հավելելով, որ Իրանի և Ադրբեջանի կառավարությունները թույլ չեն տա, որ չարագործների ակնարկներն ազդեն այդ հարաբերությունների վրա։
Ալիևն իր հերթին շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահին՝ Ադրբեջանին կարեկցանք հայտնելու համար՝ ասելով, որ դա անսպասելի հանցագործություն է, սակայն երկու երկրների համագործակցությունն այս ոլորտում պետք է այնքան ամուր լինի, որ ոչ ոք հնարավորություն չունենա խախտելու բարեկամական հարաբերությունները։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը դատապարտել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած հարձակումը՝ ասելով, որ թշնամիներին չպետք է թույլ տալ օգտվել այս միջադեպից՝ միաժամանակ նշելով, որ կատարվածը ահաբեկչություն չէ։
«Մենք չպետք է թույլ տանք, որ այս միջադեպը որևէ բացասական հետևանք ունենա երկու երկրների հարաբերությունների վրա», – Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ասել էր Ամիր-Աբդոլլահիանը։