Բիզնեսի կենտրոնացումը խորացել է, բյուջեի կախվածությունը՝ մեծացել. 1 ընկերություն վճարել է խոշորների վճարած հարկերի գրեթե 10 տոկոսը
Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է անցած տարվա 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Ընդհանուր առմամբ խոշորները պետական բյուջեն են վճարել 1 տրիլիոն 490 մլրդ դրամ։ Այդ գումարի ավելի քան 9,6 տոկոսը վճարել է մեկ ընկերություն։ Խոսքը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» մասին է։ Այս ընկերությունն անցած տարի ռեկորդային մեծության հարկ է վճարել՝ ավելի քան 143,9 մլրդ դրամ։
Ընկերության հարկային վճարները նախորդ տարվա համեմատ ավելացել են 82 մլրդ դրամով կամ 2,3 անգամով։
Ընդհանուր առմամբ 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերն ավելացել են 362 մլրդ դրամով, որի 22 տոկոսն ապահովել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։
Վճարած հարկերով այն գրեթե 3 անգամով գերազանցել է խոշորների ցանկի երկրորդ ու երրորդ հարկատուներին։
Կտրուկ ավելացել են ոչ միայն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի», այլև հանքարդյունաբերության ոլորտի մի շարք այլ ընկերությունների վճարները։
«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» վճարները կազմել են գրեթե 19,6 մլրդ դրամ, ինչը 2,9 անգամով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։
Նախորդ տարի այս ընկերությունը բյուջե էր փոխանցել 6,7 մլրդ դրամի կարգի հարկային գումար։
Շուրջ 3 անգամով ավելացել են նաև Վալլեքս խմբի մեջ մտնող «Լեռնամետալուրգիական կոմբինատի» վճարները՝ հասնելով 9,4 միլիարդի։
Դրան զուգահեռ՝ հանքարդյունաբերության ոլորտի որոշ ընկերությունների վճարները կրճատվել են, երբեմն՝ նաև բավական կտրուկ։
Դա նկատելի է հատկապես «Գեոպրոմայնինգ Գոլդի» պարագայում։ Այս ընկերությունն անցած տարի պետական բյուջե է փոխանցել 3,2 մլրդ դրամ։ Մեկ տարի առաջ վճարված հարկերը գերազանցել էին 20,8 միլիարդը։
Այլ կերպ, կրճատվել են 6,5 անգամով։
Հիշեցնենք, որ այս ընկերությունն իրականացնում է Սոթի ոսկու հանքի շահագործումը։ Մի կողմից՝ հանքի մի մասն Ադրբեջանին անցնելու, մյուս կողմից՝ մնացած մասի շահագործման ժամանակ պարբերաբար առաջացող խնդիրների պատճառով ընկերության վճարած հարկերը կրճատվել են։
Կրճատվել են նաև «Թեղուտի» վճարները։ 2021թ. այն պետական բյուջե էր փոխանցել 20,3 մլրդ դրամի հարկ, անցած տարի փոխանցել է 12,3 միլիարդ։
«Չաարտ Կապանի» վճարները նույնպես կրճատվել են, բայց ավելի քիչ։ Այս ընկերությունն էլ բյուջե է վճարել գրեթե 6 մլրդ դրամ։
«Լիդիան Արմենիան» 2021թ. վճարել էր 4,3 մլրդ դրամից ավելի հարկ, անցած տարի տեղ չի գտել խոշորների ցանկում։
Խոշորների ցանկի առաջին տասնյակում աչք է ծակում ծխախոտի արտադրությամբ ու իրացմամբ զբաղվող ընկերությունների առատությունը. 10-ից 4-ն այդ ոլորտի ընկերություններն են. 2-ը՝ արտադրող, 2-ը՝ ներկրող։
Առավել խոշորները, իհարկե, արտադրողներն են՝ «Գրանդ Տոբակոն» և «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը»։ Առաջինը վճարել է՝ 45 մլրդ դրամի, երկրորդը՝ 27,4 միլիարդի հարկ։
«Գրանդ Տոբակոյի» վճարներն ավելացել են շուրջ 3 մլրդ դրամով, «Ինտերնեյշնլ Մասիս տաբակինը»՝ 7 միլիարդով։
Ծխախոտի ներմուծմամբ զբաղվող ընկերություններից «Ֆիլիպ Մորրիս Արմենիան» կատարել է՝ 18,1 մլրդ դրամի, իսկ «Ջեյ Թի Այ Արմենիան»՝ գրեթե 17 մլրդ դրամի պարտավորություն։
Առաջինի վճարներն ավելացել են 6,2 մլրդ դրամով, երկրորդինը՝ 3,7 միլիարդով։
Վճարած հարկերով տարօրինակ թռիչք է գրանցել հեռախոսների վաճառքով զբաղվող «Մոբայլ Սենթր Արթը»։
Ընկերությունը շուրջ 17,6 մլրդ դրամի հարկ է վճարել, ինչը 4 անգամ ավելի է նախորդ տարվա վճարած հարկերից։
Ինչպես է դա հաջողվել մեկ տարվա ընթացքում, դժվար է պատկերացնել։
Հեղուկ վառելիքի շուկայում գործող «Սի Փի Էս Էներջի Գրուպը» վճարել է՝ գրեթե 17 մլրդ դրամի, «Ֆլեշը»՝ 15,9 միլիարդի, «Մաքս Օիլը»՝ 11,9 միլիարդի հարկ։
Մեծ փոփոխություններ չեն կատարվել հեռահաղորդակցության ոլորտի երկու խոշոր ընկերությունների վճարած հարկերում։
«ՄՏՍ-Հայաստանը» կատարել է 15,9 մլրդ դրամի պարտավորությունը, ինչը նախորդ տարվանից ավելի է 231 մլն դրամով։
«Տելեկոմ Արմենիան» թեև ավելի քիչ է վճարել՝ 8,8 միլիարդ, բայց այն 1,3 միլիարդով ավելի է եղել նախորդ տարվանից։
Ի տարբերություն այս երկու ընկերությունների, կրճատվել են «Յուքոմի» վճարած հարկերը՝ ավելի քան 3 մլրդ դրամով։
Խոշորների ցանկ է վերադարձել Գագիկ Ծառուկյանին պատկանող հայտնի «Շանգրի լա» խաղատունը, որը գործում է «Օնիրա Քլաբ» ընկերության անվան տակ։ Այս ընկերության վճարած հարկերը կազմել են գրեթե 7,6 մլրդ դրամ, թեև դրանց մեծ մասը վերջինիս փոխարեն կատարել է կառավարությունը՝ պետական բյուջեի հաշվին։ Ինչպես հայտնի է, ժամանակին կառավարությունը, հարկային պարտավորությունները չկատարելու պատճառաբանությամբ, փակեց այս խաղատունը։
Տեղի ունեցան դատական պրոցեսներ, որից հետո դատարանը որոշեց, որ կառավարությունը գերազանցել է իր լիազորությունները։ Կառավարությունը ստիպված եղավ հարկատուների հաշվին փակել Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող խաղատան վրա գրված հարկային պարտավորություններն ու դրա հետևանքով գոյացած տուգանքները՝ ընդհանուր առմամբ շուրջ 5,6 մլրդ դրամ։
Այլ կերպ, «Օնիրա Քլաբի» վճարած 7,6 մլրդ դրամից առնվազն 5,6 միլիարդը կառավարությունը տվել է բյուջեից։ Ինքը վճարել է, բյուջեի հարկային եկամուտներն այդքանով ավելացել են, բայց իրականում բյուջեն նոր եկամուտ չի ստացել։
Եթե «Օնիրա Քլաբի» պարագայում կառավարությունն ուղղակիորեն բյուջեից փող է տվել ու փակել ընկերության հարկային պարտավորությունները, ապա Գ.Ծառուկյանին պատկանող մեկ այլ ընկերության՝ «Արարատցեմենտի» պարագայում ստեղծել է գործելու արտոնյալ պայմաններ, մասնավորապես՝ ցեմենտի ներմուծման վրա պետտուրք է սահմանել, որի հետևանքով արգելքներ է ստեղծել ներմուծողների համար։ Գործելով արտոնյալ պայմաններում՝ «Արարատցեմենտն» ավելի քան կրկնակի հարկ է վճարել, քան վճարել էր նախորդ տարի։ Այն անցնում է 5,3 մլրդ դրամից։
Ավելացել են ներմուծման ու իրացման բազմաթիվ շուկաներում գործող հայտնի «Ալեքս Ընդ Հոլդինգի» վճարած հարկերը։ Դրանք կազմել են գրեթե 13,7 մլրդ դրամ, նախորդ տարվա 10,5 միլիարդի դիմաց։
Իհարկե, չպետք է մոռանալ, որ ինչպես այս, այնպես էլ բազմաթիվ այլ ընկերությունների պարագայում վճարած հարկերի վրա էական ազդեցություն է ունեցել անցած տարի արձանագրված բարձր գնաճը։ Այդ ազդեցությունը կրել է նաև նույն գործարարին պատկանող «Սիթի» ընկերությունը, որի վճարներն ավելացել են 3 միլիարդով։
Խոշորները միշտ էլ էական դեր են ունեցել պետական բյուջեի հարկային եկամուտների ապահովման գործում։ Բայց անցած տարի այդ դերն ավելի է մեծացել։ Վճարված հարկային եկամուտների ավելի քան 77 տոկոսն ապահովել են 1000 խոշորները։ Նախորդ տարի 71 տոկոսն էին ապահովել։
Սա նշանակում է, որ բիզնեսի կենտրոնացումն ավելի է խորացել, իսկ բյուջեի կախվածությունը խոշորներից ավելի է մեծացել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ