«Երազում եմ էն օրվա մասին, որ Փաշինյանից ազատվենք»․ 45 օր շրջափակման մեջ գտնվող Իվանյանի 83-ամյա բնակիչ

«Մենք արցախցի ենք, մենք ուժեղ ենք, մենք պայքարում ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի 83-ամյա բնակիչ Գյոզալ Մոսիյանը։

Արդեն 45 օր թշնամի Ադրբեջանը շրջափակել է Արցախի Հանրապետությունը, ինչի հետևանքով բազմաթիվ դժվարություններ են առաջացել 120 հազար արցախցիների համար: Տիկին Գյոզալից հետաքրքրվեցինք, թե Իվանյան գյուղում ի՞նչ տրամադրություններ են, մարդիկ ինչպե՞ս են հաղթահարում այս ծանր վիճակը։ Բայց տիկին Գյոզալը մեր հարցին պատասխանելուց առաջ ինքը հարց տվեց՝ «Դուք ինչպե՞ս եք», ու դրանից հետո միայն ներկայացրեց իրավիճակը հայրենի Իվանյանում։

«Լավ բան կա՞, որ ասեմ, լավ բան չկա։ Սննդի խնդիրն էր, այն էլ կարգավորվել է, հիմա ժողովրդին կտրոններ են բաժանում, ուտելիքը բոլորին նորմալ հասնում է։ Օրինակ՝ ձեթն այստեղ են արտադրում, մսամթերքն այստեղ են արտադրում։ Գինին, միսն ու օղին Արցախում միշտ եղել է ու կա (ծիծաղում է.- Ն.Խ.)։ Մյուս մթերքները՝ միրգը, բանջարեղենը Հայաստանից պետք է գար, չկա, մնացածն էլ կտրոնով հասնում է, ոչինչ, դեռ դիմանում ենք, ուղղակի վատն այն է, որ գազն են կտրում, լույսն են կտրում, լույսը չի հերիքում, օրը մի 4 անգամ 2 ժամով կտրում են։ Իսկ գազը վաղուց չկա, ոչ տներում, ոչ մեքենաների համար, մեքենաների համար արդեն մի քանի օր է, որ չկա, տեսնենք՝ ինչ կլինի»,- ասաց Գյոզալ Մոսիյանը։

Իվանյան գյուղի կենտրոնական փողոցում տիկին Գյոզալի փոքրիկ խանութն է, ասաց՝ շտաբից նաև իրենց են սնունդ տրամադրում, որպեսզի կտրոններով վաճառեն բնակիչներին, սակայն դժգոհեց, որ որոշ ապրանքներ իրենց խանութ չի հասնում․

Կարդացեք նաև

«Սնունդը ստանում ենք, բայց չգիտեմ՝ ապրանքը ոնց են բաշխում, ահագին ժամանակ է՝ կաթնամթերք չեմ ստանում, մի խանութին տալիս են, մյուսին չեն տալիս։ Քանի որ այստեղ շատ երեխաներ կան, մի քիչ դժվար է, դրա համար, որ կաթնամթերքն էլ կտրոնով լինի, շատ լավ կլինի։ Յոլա ենք գնում, էլի, դիմանում ենք, մենակ թե խաղաղություն լինի։

Այս պահին կտրոնով 5 ապրանք ենք տալիս՝ մակարոն, բրինձ, ձեթ, շաքարավազ, հնդկաձավար։ Մի հոգուն ամիսը 1 ձեթ են տալիս ու կես-կես կիլո մյուս ապրանքներից։ Եթե ընտանիքում 3 հոգի են, ապա 3 շիշ ձեթ, 1.5 կիլո մյուս ապրանքներից է հասնում։ Դե ոչինչ, հերիքում ա, քաղաքում ապրողների համար ավելի դժվար ա, այստեղ էլի հեշտ է, մարդիկ անասուն են պահում, մի ձև յոլա են գնում»։

Արցախցի կինն ասաց՝ լավ են հասկանում, որ թշնամին՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելով և դժվարություններ ստեղծելով, փորձում է մարդկանց մոտ խուճապ առաջացնել, որպեսզի հուսալքվեն և լքեն հայրենի հողը, բայց դա թշնամուն չի հաջողվելու․

«Մեզ այստեղից չեն կարող հանել, դուրս չի գա ժողովուրդը, այստեղ ում հետ էլ խոսում ես, բոլորն ասում են՝ կմեռնենք, բայց դուրս չենք գա Արցախից։ Ինչ վերաբերում է ադրբեջանցիների հետ միասին ապրելու խոսակցություններին, դա բացառվում է, անհնար է․․․

Սա մեր տունն է, մեր պատմական հայրենիքը, արցախցին ո՞ւր գնա, որտե՞ղ մնա, հիմա որտե՞ղ է լավ։ Կարծում եք՝ ձեր մոտ ավելի լա՞վ է, քան այստեղ, չէ՛, այստեղ մի քիչ ավելի խաղաղ է, քան Հայաստանում, որ հեռուստացույցով նայում ենք, ամեն օր հարձակումներ, այդպիսի բան կլինի՞։ Չէ՛, արցախցիները դուրս չե՛ն գա այստեղից»։

Տիկին Գյոզալին հարցրեցինք՝ ինչպե՞ս է գնահատում Արցախի և Հայաստանի իշխանությունների աշխատանքը՝ խնդրին լուծում տալու վերաբերյալ․

«Ես Հայաստանից արձագանք չեմ տեսնում, բայց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը շատ է աշխատում, նա է այս ամենը կազմակերպում, համակարգում, որ բոլորին սնունդ հասնի և այլն։ Նա է ամեն տեղ խոսում, ներկայացնում իրավիճակը, ժողովրդի մասին մտածում է։ Ադրբեջանցիները չեն ուզում, որ Ռուբեն Վարդանյանն այստեղ մնա, ամեն խոսքի վերջում ասում են՝ Ռուբենը գնա, հաշտվենք։ Ռուբենը չի՛ գնա, այստեղ էլ կմնա։

Այստեղ խոսում են՝ Փաշինյանը եթե չստորագրեր, չտար, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, այսքան բանը չէր լինի։ Բայց ամեն դեպքում, եթե այսքան ժամանակ պաշարման մեջ ենք գտնվում, եթե չենք հանձնվում, կարծում եմ՝ հաղթանակը մերը կլինի։

Երկրորդը՝ ադրբեջանցիներն այսքան անջատում են՝ գազը, լույսը, որ արցախցիներին կոտրեն, բայց նրանք լավ չեն ճանաչում մեզ, արցախցիները կոտրվող չեն, որ սովամահ էլ լինեն, չեն հանձնվի, թուրքի հետ չե՛ն ապրի։ Այստեղ մեր պատմությունն է, մեր սրբությունն է, մեր գերեզմանոցներն այստեղ են, ո՞նց կարող է արցախցին թողնի գնա, չի՛ գնա։ Բոլորն էլ ուզում են այստեղ ապրել, թող սոված մնան, բայց իրենց հողում, իրենց տանը մնան»։

Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը արցախցի տարեց կինը ՀՀ գործող իշխանությունների հեռացումով է պատկերացնում, նոր բանակցող պետք է գա․

«Երազում եմ էն օրվա մասին, որ Փաշինյանից ազատվենք։ Էդ մարդը չի հասկանում, որ այս կաշան ինքն է եփել, այ, որ իրենից ազատվենք, ով էլ որ լինի, ինչքան վատն էլ լինի, այս աստիճան չի լինի։

Ադրբեջանական ռադիոն ձեզ մոտ չի բռնում, մեզ մոտ բռնում է, իրենց խոսելուց պարզվում է, որ Փաշինյանն իրենց ազգի հերոսն է։ Իրենք չեն ուզում, որ Փաշինյանը գնա, իրենց երազանքն է, որ Ռուբեն Վարդանյանին հանեն այստեղից։

Ես ադրբեջաներեն լավ եմ հասկանում, հարևանությամբ ենք ապրել, հիմա բացի հայկական լրատվամիջոցներից՝ նաև ադրբեջանականին եմ հետևում, որ տեսնեմ՝ իրենք ինչ են խոսում, ինչ են ասում, ամբողջ օրը լուրերն ենք լսում»։

Զրույցի վերջում 45 օր շրջափակման մեջ գտնվող և դժվարություններ հաղթահարող տիկին Գյոզալը կրկին Հայաստանի վիճակից հետաքրքրվեց․

«Դուք ո՞նց եք, էդտեղ վիճակը լա՞վ է, գոնե մթերք կա՞, հերիքո՞ւմ է ժողովրդին․․․»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։

Տեսանյութեր

Լրահոս