«Դրանք լինելու են ոչ թե մաքսակետեր, այլ հայերի առևանգման կետեր, ինչը մենք տեսել ենք 1990թ. սկզբներին». Դավիթ Բաբայան

Արդեն 43-րդ օր է՝ ադրբեջանցի «բնապահպանները», իսկ իրականում՝ թուրքական ու ադրբեջանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները փակել են Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ 120 հազար խաղաղ բնակիչների պահելով պատանդի կարգավիճակում։

Դեկտեմբերի 12-ից ճանապարհը փակած ադրբեջանցիները պահանջում են գնալ Կաշենի հանքավայր, իբր թե «բնապահպանական մոնիտորինգ» իրականացնելու համար, սակայն օրեր անց նրանց պահանջները փոխվեցին քաղաքականի, իսկ այդ ամենի արդյունքում Արցախը շարունակում է շրջափակված մնալ։

Դեռ հունվարի 14-ին Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր Երևան-Ստեփանակերտ հեռուստակամուրջի ժամանակ ասել էր, որ վստահ են, որ Արցախում ամենաբարձր մակարդակով են հանքային գործունությունն իրականացնում, ուստի պատրաստ են ընդունելու միջազգային կարգի փորձագետների։ Վերջիներս պատրաստակամություն են հայտնել այցելելու հանքավար, սակայն Ադրբեջանը հայտարարել է, որ Կաշենի հանքավայր պետք է գնան միայն ադրբեջանցի «փորձագետները»։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ խնդիրը ոչ թե բնապահպանական, այլ քաղաքական է։

Ի վերջո, այս պահին ի՞նչ պահանջներ են ներկայացնում ադրբեջանցի «բնապահպանները», արդյոք պաշտոնական Ստեփանակերտին նրանք փոխանցե՞լ են Բերձորում մաքսակետեր տեղադրելու պահանջ, որի վերաբերյալ ժամանակ առ ժամանակ լուրեր են շրջանառվում։

Կարդացեք նաև

168.am հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը պատասխանելով այս հարցերին, նկատեց՝ Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը, որի արդյունքում էլ Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը շարունակում է փակ մնալ։

«Արցախը գնալով ավելի մեծ դժվարությունների է առերեսվում, Արցախը գտնվում է հումանիտար ճգնաժամի, աղետի մեջ։ Միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր իրականացնի, առանց այդ քայլերի այստեղ հնարավոր չէ իրավիճակը շտկել։ Այս առումով տեսնում ենք, որ որոշակի շարժ կա, ՌԴ-ն էլ է իր հայտարարություններում ընդգծում, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի իրավիճակը շտկվի, նաև եվրոպական տարբեր կառույցներում են բանաձևեր ընդունվում։ Հիմա պետք է տեսնենք, թե հետո ինչ քայլեր են ձեռնարկում և կոնկրետ ինչ է փոխվում»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։

Նա ընդգծեց, որ ադրբեջանցի, այսպես կոչված, «բնապահպանները» կոնկրետ պահանջ չունեն, քանի որ այդ պահանջներն ամեն օր փոփոխվում են, մի անգամ մեկ բան են հայտարարում, հաջորդ անգամ՝ մեկ այլ բան, սա ադրբեջանական կողմի ոճն է։

«Ի սկզբանե այդ «բնապահպանները»՝ թատերական ներկայացման մասնակիցները, պահանջ էին դնում, որ Արցախը պետք է ենթարկվի Ադրբեջանին, ինչը մեզ համար անհնարին է։

Ինչ վերաբերում է այդ մաքսակետերին, ապա, եթե որևէ մեկը չի գիտակցում, թե դա ինչ է, և դրան տեսականորեն է մոտենում և այդ մաքսակետը դիտարկում է որպես Բելգիայի ու Լյուքսեմբուրգի միջև հավանական մաքսակետ՝ չարաչար սխալվում է։ Դրանք լինելու են ոչ թե մաքսակետեր, այլ հայերի առևանգման, ձերբակալման կետեր, սա միանշանակ է։ Սա առհասարակ որևէ ձևով չի տեղավորվում 2020 թվականի նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարության դրույթների ներքո։

ՌԴ-ն հայտարարել է, որ նման հարցերը ինքն ի վիճակի է միայնակ լուծել, այսինքն՝ մաքսակետ դնելու որևէ խնդիր չկա և չի կարող լինել։ Կրկնում եմ՝ դրանք լինելու են առևանգման կետեր, ինչը մենք տեսել ենք 1990 թվականի սկզբներին՝ 1991 թվականին, երբ Ստեփանակերտի օդանավակայանում կանգնած էր ՕՄՕՆ-ը, որը տարբեր տեսակի վայրագություններ ու հանցագործություններ էր կատարում։ Հետևաբար՝ այս ամենը մենք պետք է հաշվի առնենք։ Եթե նման բան կարող է լինել, ապա այն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ արցախցիների և ոչ միայն, առհասարակ հայության համար»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս