Փնտրվում է Մարդու իրավունքների պաշտպան
Հունվարի 19-ի լուսաբացը հերթական սահմռկեցուցիչ լուրով բացվեց. ըստ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Նախնական տվյալներով՝ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
Նույն օրն իսկ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը (ով հարկ չէր համարել գտնվել դեպքի վայրում), իրար հերթ չտալով, ուղղորդում էին քննությանը՝ նիստին ներկա իրավապահ մարմինների ղեկավարներին ըստ էության հասկացնելով՝ ինչպես և որ ուղղությամբ պետք է ընթանա այս վարույթով նախաքննությանը:
Նույն կառավարության նիստում հայտնի դարձավ, որ գլխատվել է ողջ բանակային 2-րդ կորպուսը՝ առանց որևէ ծառայողական քննության, իսկ ահա քաղաքական պատասխանատվություն կրող Նիկոլ Փաշինյանն ու պաշտպանության նախարարը դեռ շարունակում են զբաղեցնել իրենց աթոռները. ինչպես միշտ, մեղավոր են բոլորը, բացի իրենցից:
Ավելի ուշ, իհարկե, հասարակության ճնշումների ու բազմաթիվ փաստերի առկայությամբ պաշտոնական վարկածի հետ ունեցած հակասությունների արդյունքում հայտարարվեց, որ այլ վարկածներ ևս քննվում են:
Շատերը խոսեցին, քննարկեցին, քննադատեցին, հայտարարություններով հանդես եկան զարհուրելի անփութությունից, անտեղյակությունից ու հանցավոր անգործությունից կամ միգուցե գործողություններից ծնված այս ողբերգության մասին. չլսվեց միայն ի պաշտոնե մարդկանց կյանքի իրավունքի պաշտպանության թիվ մեկ շահառու, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ձայնը:
Թեմայի հետ առնչություն չունեցող այլ հրապարակումների գրառումների բաժնում անգամ քաղաքացիները վրդովվում էին, թե ինչու ՄԻՊ-ն իր ուղիղ գործառույթները չի իրականացնում:
Արդեն 5 օր ՀՀ Օմբուդսմանը լուռ է: Նա ներկա չէր նաև կառավարության վերջին նիստին, ուր սովորաբար նստում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողքի աթոռին:
Այսօր արդեն մամուլում տեղեկություն հայտնվեց, որ Քրիստիննե Գրիգորյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին ու կգործուղվի ԲԴԽ: Թե ինչը կարող է լինել սահմանադրական երկաթյա մանդատ ու երաշխավորված պաշտոնավարման ժամկետ ունեցող Օմբուդսմանի հրաժարականի պատճառը, կհասկանանք ավելի ուշ, սակայն, քանի դեռ ՀՀ ՄԻՊ-ի աթոռը ծանրաբեռնողը Քրիստիննե Գրիգորյանն է, նշենք՝ ինչ կաներ ՄԻՊ-ը, եթե մենք ունենայինք այդ գործառույթներն իրավամբ իրականացնող անձնավորություն:
Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ՄԻՊ-ը հանդես է գալիս նաև որպես ռազմական Օմբուդսման, և Պաշտպանի համար զինվորական գործառույթը շատ կարևոր է, հատկապես, որ ՄԻՊ տեղակալներից մեկը հենց ռազմական գծով է:
Արդեն 5 օր ձկան պես լուռ Օմբուդսմանի համար այս ողբերգությունը մի քանի շերտերով պետք է դառնար քննարկման առարկա:
Առաջինը զինվորների կյանքի իրավունքի խախտումն է, նրանց՝ արժանապատիվ պայմաններում ծառայելու, անվտանգության իրավունքի խախտման խնդիրն է: ՄԻՊ-ը, սակայն, որևէ բառ չասաց զինծառայողներին կյանքից զրկելու կամ նրանց՝ կյանքից զրկվելու փաստի առնչությամբ, չհորդորեց անհապաղ համակողմանի ու արդար քննություն իրականացնել, պարզել մեղավորներին, պատժել նրանց:
Նա քննչական մարմիններին կոչ չարեց, որ հաշվի առնելով հանրային մեծ հնչեղությունը, գործի մեծ նշանակությունը Զինված ուժերի նկատմամբ հավատի ու վստահության տեսանկյունից՝ պարբերաբար հանդես գալ հրապարակային հաղորդագրություններով, տրամադրել տեղեկություններ՝ ինչպես է ընթանում քննությունը, որ չխաթարվի հավատը Բանակի նկատմամբ: Բացի դրանից, պետք է նշել, որ անգամ միջազգային ստանդարտներով՝ կյանքի իրավունքի հարցը կարևորագույն հարց է:
Մեկ այլ կարևոր հանգամանքի մասին էլ պետք է խոսեր ՄԻՊ-ը. այս զինծառայողներն ապահովում էին ՀՀ իշխանությունների «բարի կամքով» ադրբեջանական ներխուժումների արդյունքում սահմանամերձ դարձած բնակավայրերի անվտանգությունը: Այս պատանիները մեր իշխանությունների «հեռատես» քաղաքականության պատճառով էին տեղակայվել այդ վայրերում, ապրում «զինվորական կացարան» կոչված կիսափուլ տանը: Այսինքն՝ նրանք ապահովում էին գյուղերի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը: Բայց սա նույնպես անտեսվեց Պաշտպանի կողմից:
ՄԻՊ-ը չխոսեց նաև այն ժամանակ, երբ կառավարության նիստի ժամանակ, առանց դատ ու դատաստանի, այսինքն ՝ առանց տարրական ծառայողական կամ կարգապահական քննության՝ վերից վար գլխատվեց Բանակային 2-րդ կորպուսը: Դեռ մեկ օր էլ չէր անցել, և Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը, առանց դեպքի վայրում լինելու, առանց գործի հանգամանքները մանրամասն ուսումնասիրելու՝ գործի քննությանը կառավարության նիստում արդեն նախապես հաստատված ուղղություն տվեցին՝ խախտելով աշխատողների իրավունքները:
Այս երկու անձինք հիմնովին խաթարեցին զինծառայողների անմեղության կանխավարկածը, և ՄԻՊ-ը որևէ դրվագով չանդրադարձավ դրան:
2-րդ կորպուսի ղեկավարներին աշխատանքից ազատելով՝ Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը նրանց վրա դրեցին պատասխանատվության հաստատված չափաբաժին, մինչդեռ որևէ քննությամբ նրանց պատասխանատվության չափը հաստատված ու սահմանված չէր. մարդկանց մեղավոր դարձրեցին ու պատասխանատվության ենթարկեցին՝ առանց անգամ լիազորությունների կասեցման, ինչն ամենաթույլատրելի բանը կարող էր լինել այս դեպքում:
Այս մարդիկ կարող են հանգիստ դատարան դիմել իրենց անհիմն աշխատանքից ազատելու համար ու անտարակույս կշահեն, բայց նրանց գործից ազատող ու սրա համար քաղաքական պատասխանատվություն կրող անձինք, ովքեր նույնիսկ զինծառայողների պաշտոնները հստակ չեն պատկերացնում, թերևս, վստահ են, որ այս գործով մարդկանց բարոյական պատասխանատվության զգացումը նրանց թույլ չի տա դատարան դիմել, իսկ իրենց դա, բնականաբար, չի վերաբերում:
Ցանկացած պաշտոնանկության պետք է նախորդի գործընթաց, որը տվյալ դեպքում չի եղել, և կադրային զինվորականների գլխատումն իրենց զբաղեցրած պաշտոններից, պարզ է, որ ունի քաղաքական նկատառում, վտանգն իրենց դռներից հեռացնելու միտում:
Էլ չենք խոսում ստեղծված անվտանգային խնդիրների մասին, ինչը, իհարկե, ՀՀ իշխանություններին չի հետաքրքրում:
Բայց Զինված ուժերում միանգամից նման կտրուկ ազատումներ կատարելը, որը կարող է անվտանգային հետևանքներ ունենալ ՀՀ-ի համար, նույնպես Քրիստիննե Գրիգորյանին չի հուզում:
Դե, իսկ այս ամենի ֆոնին ավելորդ է խոսել իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից թիրախավորված դասակի հրամանատարի իրավունքների, իրենց համար ինֆորմացիոն բարենպաստ ֆոնի ստեղծման համար մարդուն անվանարկելու, սուտ տեղեկություններ տարածելու մասին, որոնց վերաբերյալ, իհարկե, ՄԻՊ-ը կրկին ասելիք չուներ: