ԱԱԾ-ն պետք է պարզի՝ գուցե հայի արյուն խմած ադրբեջանցին հետքե՞ր է թողել օբյեկտների մոտ, որ հետո հրթիռակոծեն. Գրիգոր Բալասանյան

Երեկ տեղեկություն տարածվեց, որ ապրիլի 12-ին հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Կապան խոշորացված համայնքի Շղարշիկ Բանավանի տարածքում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի խողովակաշարի պահպանման պահակակետում հայտնաբերվել է ԶՊՄԿ-ի սպանված աշխատակիցը։

Այսօր առավոտյան 168.am-ը գրեց, որ սպանությունը կատարել է Հայաստանի Սիսիան համայնքի բնակավայրեր ներթափանցած 2-րդ ադրբեջանցին: Հրապարակումից քիչ անց ՀՀ ՊՆ-ն տարածեց հաղորդագրություն, որ 2-րդ ադրբեջանցին հայտնաբերվել է։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը, խոսելով այս դեպքի մասին, նշեց, որ թշնամին գտնվում է Սյունիքից շատ փոքր հեռավորության վրա, և նման դեպքեր նորից կլինեն, որովհետև ադրբեջանցիները խնդիր ունեն ոտքով անցնելու Սյունիքը և հասկանալու՝ որտեղ ի՞նչ թույլ կետեր կան։

Կարդացեք նաև

«Առաջին ադրբեջանցին եղել էր Վաղատու գյուղում, որտեղ Որոտնավանքը պղծել էր և ձորով հասել Կապան։ Հիմա պարզ է դառնում, որ երկրորդ ադրբեջանցին ևս նույն ճանապարհով է հասել Կապան, իսկ այդ ճանապարհի վրա կան ստրատեգիական նշանակության օբյեկտներ՝ ջրամբարներ և այլն։ Ազգային անվտանգությունն ապահովողների հիմնական խնդիրը հիմա պետք է լինի պարզել, թե այդ ողջ ընթացքում ադրբեջանցիները ո՞ր ջրամբարների մոտ են եղել, միգուցե նրանք հետքեր են թողել մայակների տեսքով, չէ՞որ աշխարհում դիվերսիոն փորձեր են անում՝ օբյեկտների մոտ հետքեր՝ մայակներ թողնելու և հետո դրանք հրթիռակոծելու նպտակով։ Ուշագրավ է, որ ԶՊՄԿ-ի պոչամբարի հատվածի պահնորդն է սպանվել, և պետք չէ բացառել, որ փորձ է արվել մտնել պոչամբարի տարածք, որտեղ մի փոքր դիվերսիան անգամ կդառնար էկոլոգիական աղետ»,- ասաց Բալասանյանը։

Ըստ նրա՝ անհասկանալի է ստեղծված իրավիճակում Հայաստանի իշխանության պատրաստակամությունը խաղաղության պայմանագիր կնքելու հարցում։

«Ո՞ւմ հետ եք կնքում խաղաղություն, հայի արյուն խմող ադրբեջանցո՞ւ։ Այդ ադրբեջանցու հետ ոչ ես, ոչ Տեղ համայնքի բնակիչը ստիպողաբար խաղաղություն անելու ցանկություն չունենք»,- նշեց Բալասանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս