Ակտիվություն չկա
Վերջին ամիսներին անշարժ գույքի շուկայում ակտիվություն չկա։ Նվազել են՝ ինչպես օտարման, այնպես էլ՝ առքուվաճառքի քանակները։ Այս տարվա մասին դեռ վաղ է խոսել, սակայն անցած տարվա տվյալները վկայում են, որ այդ միտումները սկսվել են տարվա երկրորդ կեսին։ Շուկան գտնվել է պասիվ վիճակում, արձանագրվել է օտարման և առքուվաճառքի գործարքների կրճատում։ Առանձին ամիսներին՝ բավական կտրուկ։
Գործարքների կտրուկ կրճատումը նկատելի է հատկապես առքուվաճառքի պարագայում։
Երրորդ եռամսյակում անշարժ գույքի շուկայում 15 տոկոսով ավելի քիչ առքուվաճառք տեղի ունեցավ, քան մեկ տարի առաջ։ Արդեն հոկտեմբերին առքուվաճառքի գործարքները կրճատվեցին ավելի քան 25 տոկոսով։
Շուկան այս առումով պակաս պասիվ չէր նաև նոյեմբերին։ Այդ ամիսն էլ անշարժ գույքի առքուվաճառքի քանակը նախորդ տարվանից քիչ էր գրեթե 16 տոկոսով։
Վերջին ամիսներին անշարժ գույքի շուկան անհամեմատ պասիվ է եղել նաև 2019թ. նկատմամբ։ Ավելի պասիվ, քան նույնիսկ 2018թ. էր։ 2019թ. հոկտեմբերին անշարժ գույքի շուկայում իրականացվել էր առքուվաճառքի՝ 5 հազարից ավելի, 2018թ.՝ գրեթե 4,5 հազար գործարք։ Այնինչ՝ անցած տարվա հոկտեմբերին կատարվեց առքուվաճառքի ընդամենը 3,8 հազար գործարք։
Նույնը՝ նաև նոյեմբերին. գործարքներն այդ ամսին ավելի քիչ էին՝ ինչպես 2019թ., այնպես էլ՝ 2018թ. համեմատ։
Շուկան պասիվ վիճակում է գտնվել նաև նախորդ տարվա համեմատ։
Վերջին ամիսներին ակտիվություն է արձանագրվել միայն նվիրատվության գործարքների պարագայում։ Հոկտեմբերին նվիրատվության գործարքներն ավելացել են մեկ երրորդով։ Նոյեմբերին նույնիսկ ավելի շատ՝ գրեթե 38 տոկոսով։
Այսպիսի ակտիվությունն առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ շուկայի մյուս սեգմենտների պասիվացման պայմաններում։ Բայց դա ունի իր պատճառները, որոնք ուղղակիորեն կապված են կառավարության իրականացրած «բարեփոխումների» հետ։ Խոսքը կանխիկի սահմանափակման մասին է։ Դրա հետևանքով անցած տարվա կեսից հնարավոր է անշարժ գույք ձեռք բերել միայն անկանխիկ եղանակով։
Մարդիկ գտել են այս պահանջը շրջանցելու ձևը՝ գործարքների որոշ մասն իրականացվում են նվիրատվության միջոցով, որպեսզի չառնչվեն անկանխիկի հետ կապված դժվարություններին։
Բացառությամբ նվիրատվությունների, անշարժ գույքի շուկայի մյուս հատվածներում վերջին ամիսներին ակտիվություն չկա։ Նույնիսկ վարձակալության գործարքներն են նվազել։ Այն պարագայում, երբ բոլորն էլ գիտեն, թե հայտնի իրադարձությունների հետ կապված, ինչ է տեղի ունենում վարձակալության շուկայում։ Բայց նույնիսկ այստեղ պաշտոնապես արձանագրված վարձակալության գործարքները նվազել են։
Պարզ է, որ այս դեպքում գործ ունենք ակնհայտ ստվերային երևույթների հետ։ Վարձակալությունից եկամտային հարկ չվճարելու համար՝ մարդիկ խուսափում են օրինականացնել այդպիսի գործարքները։
Սակայն նույնը չենք կարող ասել շուկայի մյուս հատվածների պարագայում, որտեղ գործարքների ակնհայտ պասիվացում է տեղի ունենում։ Դա վերաբերում է՝ ինչպես բնակարանային շուկային, այնպես էլ՝ արտադրական ու հասարակական նշանակության անշարժ գույքի առքուվաճառքին։
Որպեսզի ավելի շատ հետ չգնանք, բերենք հրապարակված վերջին երկու ամիսների տվյալները։ Դրանց համաձայն, անցած տարվա հոկտեմբերին անշարժ գույքի բոլոր տեսակների վաճառքը բավական մեծ տեմպերով կրճատվել է, բնարականներինը՝ գրեթե 19 տոկոսով, անհատական բնակելի տներինը՝ գրեթե 30 տոկոսով, արտադրական նշանակության շինություններինը՝ 14 տոկոսով, հասարակական նշանակության շինություններինը՝ 35 տոկոսով, հողերինը՝ շուրջ 29 տոկոսով։
Նույնն է նաև նոյեմբերին. նախորդ տարվա համեմատ բնակարանների վաճառքն այդ ամսին կրճատվել է ավելի քան 12 տոկոսով, անհատական տներինը՝ գրեթե 27 տոկոսով, արտադրական նշանակության շինություններինը՝ գրեթե 37 տոկոսով, հասարակական նշանակության շինություններինը՝ 32 տոկոսով, հողերինը՝ 12 տոկոսով, և այսպես շարունակ։
Այս իրավիճակը ոչ միայն մարզերում է, այլև մայրաքաղաքում։ Երբեմն նույնիսկ ավելի տխուր երանգներով։ Օրինակ՝ նոյեմբերին Երևանում արտադրական նշանակության շինությունների վաճառքը կրճատվել է ավելի քան 56 տոկոսով։
Բայց այս կրճատումները միայն մեկ տարվա կտրվածքով չեն։ Շուկան ավելի պասիվ է եղել, քան անգամ 4-5 տարի առաջ։
Անցած տարվա հոկտեմբերին Հայաստանում վաճառվել է ընդամենը 1229 բնակարան, ինչը նախորդ տարվանից պակաս է 290-ով, իսկ 2019թ.՝ 527-ով։ Եթե անցած տարվա այդ ամսին Հայաստանում վաճառվել էր՝ 1229, ապա 2019թ.՝ 1756 բնակարան։
Բնակարանների վաճառքը գրեթե 390-ով կրճատվել է նույնիսկ 2018թ. համեմատ։
Անցած տարվա նոյեմբերին Հայաստանում վաճառվել է ընդհանուր առմամբ 1449 բնակարան, ինչը 204-ով պակաս է եղել՝ մեկ տարի առաջվա, 244-ով՝ 2019թ. ցուցանիշից։
2018թ. նոյեմբերին Հայաստանում 222-ով ավելի շատ բնակարան է վաճառվել, քան անցած տարի, երբ տպավորություն էր, թե շուկան աննախադեպ ակտիվ է։
Իրականում իրավիճակն ահա այսպիսին է, ինչը դրսևորվել է իշխանություններին այդքան հպարտություն պարգևած բարձր տնտեսական աճի պայմաններում, որի արդյունքում իբր հասարակության եկամուտներն էապես աճել են, իսկ մարդիկ սկսել են ավելի լավ ապրել։
Ընդհանրապես անշարժ գույքի ու բնակարանային շուկան ուղղակիորեն կապված են տնտեսության մեջ տեղի ունեցող դրսևորումների ու հասարակության եկամուտների հետ։ Երբ տնտեսությունն աճում է, մարդկանց իրական եկամուտներն ավելանում են, սովորաբար աշխուժանում է նաև անշարժ գույքի շուկան։ Բայց այս դեպքում հակառակն է եղել։ Դա նշանակում է, որ ինչ-որ բան այստեղ, այնուամենայնիվ, այնպես չէ։
Բացի այն, որ տնտեսական աճն ու մարդկանց եկամուտների ավելացումն է շինծու, նաև ի հայտ են եկել շուկայի վրա ազդող այլ էական գործոններ։ Դրանք կապված են առաջին հերթին այն անվտանգային միջավայրի հետ, որը իշխանությունների թեթև ձեռքով ստեղծվել է Հայաստանում։
Բոլորովին զարմանալի չէ, որ անշարժ գույքի շուկայի պասիվացումը նկատվեց տարվա երկրորդ կեսին. սեպտեմբերյան հերթական ագրեսիան չէր կարող իր ազդեցությունը չունենալ մարդկանց մտադրությունների, նաև անշարժ գույքի շուկայի վրա։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ