«Մեր վախճանի դիտորդն ենք դարձել». Դավիթ Սահակյանց
«Գեղարքունիքի զորամասի զոհերը մեր բոլորի տնից են, մեկ ընտանիքից են, այդ տղաները և՛ մեր զավակներն են, և՛ մեր եղբայրներն են, և առհասարակ, նման ողբերգությունները եթե չանցկացնեն մեզանով, մենք երբևէ որևէ դաս չենք քաղելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռեժիսոր-մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը՝ ընդգծելով՝ առողջացման պրոցեսի համար անհրաժեշտ է հասկանալ, որ դա բոլորիս ցավն է:
Ինչ վերաբերում է Գեղարքունիքի զորամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի վարկածներին, նա նշեց, որ իշխանությունների հակասական հայտարարություններից պարզ է դառնում, որ սուտն ու կեղծիքը էլի նրանց կողմից է գալիս.
«Բնականաբար, ուզենաս էլ, չես կարողանում հավատալ այն տարբերակին, որ առաջարկվում է իշխանության կողմից: Նման դեպքերում մինիմում գոնե պրոֆեսիոնալ, էլ չեմ ասում՝ բարոյական հատկություններ կրող մարդ եթե լիներ, նա կարող էր ասել՝ կատարվում է հետաքննություն, որոշ ժամանակ անց կզեկուցեն, ու ինքը կհայտարարի՝ ինչ է եղել, բայց ամենասկզբից հայտարարել և դրանով էլ ուղղորդել քննությունը, նշանակում է, որ ինչ-որ բան են թաքցնում: Հազար ու մի հարց կարող է ծնվել նման դեպքերից հետո: Նմանատիպ վայրում գտնվող ցանկացած զորամաս պետք է ունենա տեղաշարժվելու հնարավորություն, որովհետև եթե նույնիսկ չի եղել դիվերսիա, այն կարող էր լինել, և նույն պատկերը կունենայինք, եթե լիներ դիվերսիա: Դրա համար ես չեմ կարող հավատալ, և առհասարակ, ստի և կեղծիքի հիման վրա ծնված և կայացած իշխանությունը չի ներշնչում որևէ վստահություն»:
Բարձրաստիճան զինվորականներին պաշտոնից ազատելը նույնիսկ պրոիշխանական իրավապաշտպաններն են համարում անպատասխանատու մոտեցում և քավության նոխազների նշանակում։
Դավիթ Սահակյանցը սա դիտարկում է իշխանությունների գլոբալ նպատակի տիրույթում. «Այս իշխանությունների նպատակը Հայաստանի Հանրապետությունը բառիս բուն իմաստով կազմաքանդելն է. կազմաքանդել բոլոր ինստիտուտները, որոնք հնարավորություն կտան նույնիսկ ամենածանր պայմաններում ոտքի կանգնել և մի բան փոխել, տանել ճիշտ ուղղությամբ: Բանակը մեր ամենակայացած ինստիտուտներից է, ինչքան էլ ասեն, որ սա է եղել բանակում, նա է եղել, մենք ինքներս ենք ականատես եղել, որ բարեփոխումներ իրականում կատարվում էին բանակում: Բանակը կամաց-կամաց դառնում էր ամենավստահելի ինստիտուտը հասարակության մեջ: Նույնիսկ ինչ-որ մանր-մունր խնդիրների դեպքում մենք գիտեինք՝ ինչ բանակ ունենք, ինչ է գեներալիտետը, ոնց է աշխատում այդ ինստիտուտը:
Բարձրաստիճան զինվորականներին պաշտոնից ազատելը մտնում է պետականությունը կազմաքանդելու պրոցեսի մեջ. կազմաքանդել պետությունը, նվազեցնել տարածքները, որովհետև ինչքան փոքր լինի երկիրը, այնքան հեշտ է կառավարել այնտեղ մնացած բնակչությանը: Ոստիկանապետություն է ստեղծվում այդ փոքր տարածքի վրա, և դու երբևէ խնդիր չես կարող ունենալ. Կարող ես ապրել այն շքեղ կյանքով, որի համար ձգտում էիր իշխանության, և դա հնարավորություն է քեզ տալիս: Մոդուլային զորամասերը մեր ինչի՞ն են պետք, դրանք շարժական ենք, այսինքն՝ դա նշանակում է, որ մենք չգիտենք մեր սահմանների ապագան, և այն ամենը, ինչ պետք է այնտեղ տեղակայվի, պետք է այն կանխավարկածով տեղակայվի, որ վաղը կարող է հետնահանջ լինել, և դու պետք է տեղափոխվես»:
Ողբերգական դեպքից տարածված հայտնի տեսանյութի վերաբերյալ Դավիթ Սահակյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այն մեր իրականությունն է՝ մենք այրվում ենք, իսկ ինչ-որ մեկը կողքից հանգիստ նկարում է: Հետաքրքրվեցինք՝ կողքից հանգիստ հետևողները շա՞տ են, որ նման իրավիճակ է երկրում:
«Այո՛: Մենք դարձել ենք դիտորդ, հենց մեր վախճանի դիտորդն ենք դարձել, դա իսկապես ֆենոմեն է: Նայել, թե ինչպես է կազմալուծվում քո երկիրը, ինչպես են զոհվում քո հարազատները, բարեկամները, եղբայրներն ու քույրերը, կորցնում ես պետականություն, տարածքներ, հասարակությունը մեծամասամբ դիտորդի դերում է. դա է մեր այսօրվա ռեալ պատկերը»,- ի պատասխան՝ ասաց նա:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում