«Բոլորն իրենց դղյակներ են կառուցում, բայց զինվորի կացարանի համար, պարզվում է՝ կառուցապատող չկա». Ավետիք Չալաբյան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվում էր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով նիստը:

Նիստի մեկնարկից առաջ Ավետիք Չալաբյանը ցավակցեց ողբերգական հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին:

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով միջադեպի պատճառներին՝ նա հավելեց. «Յուրաքանչյուրիս երեխայի հետ դա կարող է պատահել: Որպեսզի դա չպատահի, պետք է այս իրավիճակը մանրազնին վերլուծվի և ճիշտ հետևություններ արվի:

Մենք ունենք իրավիճակ, երբ մեր զորքերը նահանջել են իրենց զբաղեցրած դիրքերից, որովհետև քաղաքական ղեկավարությունն է որոշում ընդունել Քարվաճառի շրջանը թղթով հանձնել թշնամուն (Քարվաճառի շրջանում կային նորմալ զորամասեր, մեր երեխաներն էլ ծառայում էին համեմատաբար նորմալ պայմաններում):

Կարդացեք նաև

Այդ քաղաքական որոշումն ընդունելուց հետո զինվորները նահանջել են, տեղակայվել են Վարդենիսի տարածաշրջանում: Հասկանալի է, որ այնտեղ էլ զորամասեր չկան, իսկ զորամասը, որը կար Սոթքում, ռմբակոծվել է դեկտեմբերի 13-ին, և այդ պայմաններում պետք են ժամանակավոր կացարաններ: Խնդիրն այն է, որ չի կարելի զինծառայողներին տեղավորել այդպիսի կացարաններում, որը հրդեհային անվտանգության պայմաններին որևէ կերպ չի բավարարում»:

Ավետիք Չալաբյանը նկատեց՝ հաշվի առնելով իրավիճակը՝ բանակը պետք է կացարանների որոշակի պաշար ունենա, որն ըստ անհրաժեշտության՝ կարող է տեղակայել:

«Այդ ամեն ինչը չի արվել. թե ինչու չի արվել, չեմ կարող բացատրել հստակ, բայց փաստը հետևյալն է, որ 2022 թվականին ՀՀ պետական բյուջեն պաշտպանության մասով թերակատարվել է. 9 ամսվա տվյալներով՝ 16 % թերակատարվել է` այն պայմաններում, երբ մնացած ուղղություններով ոչ միայն չի թերակատարվել, այլև շատ հաճախ գերակատարվել է:

Ուստի, սա բացարձակ աբսուրդային վիճակ է. պարգևավճարներ բաժանում են, շքեղ ավտոմեքենաներ առնում են, քաղաքը զարդարում են, էլ ինչ ասես անում են, բայց բանակի վրա փող չի հերիքում, և ոչ թե չի հերիքում, փողն էլ  նույնիսկ հատկացված, բայց փողը չի ծախսվում»,- նշեց քաղաքական գործիչը:

Ի դեպ, ինչու թվարկվածը չի արվում հարցի պատասխանը նա առաջարկում է լսել ՊՆ-ից և վարչապետի աշխատակազմից, իսկ իր կարծիքով՝ կա միտումնավոր անգործություն, կամ՝  բյուրոկրատական պրոցես, որը թույլ չի տալիս ժամանակին գնումներ կատարել:

«Ինչո՞ւ չի կարելի ժամանակավոր կացարաններ պատվիրել մեր կառուցապատողներին, երբ ամբողջ քաղաքում շինարարություն է. բոլորն իրենց դղյակներ են կառուցում, տներ են կառուցում, շենքեր են կառուցում, բայց զինվորի կացարանի համար, պարզվում է, փող էլ կա, կառուցապատող չկա:

Իսկ ես կարծում եմ՝ մենք պետք է մեր հանդուրժողականության մակարդակն իրենց նկատմամբ կտրուկ նվազեցնենք. սա ուղղակի անթույլատրելի է: Չի՛ կարելի սրա համար պատժել, ենթադրենք, պարզապես սպաներին՝ սպաները չեն այդ կացարանները կառուցողը. կացարանները պետք է կառուցի ՊՆ-ն, ՊՆ-ին պետք է հետևի վարչապետը և ամբողջ կառավարությունը:  Եթե այդ ամենը չի արվել, պատասխանատվությունն առաջին հերթին իրենցն է»,- ամփոփեց Ավետիք Չալաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս