Կենսաբաններն առաջարկում են բոտոքսով բուժում հոդերի բնածին դեֆորմացիաների համար
Օհայոյի նահանգի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչպես նյարդային համակարգի խանգարումները կարող են առաջացնել հոդերի դեֆորմացիաներ և առաջարկել են դրանք բուժել բոտուլինային տոքսինի ներարկումներով։ Հետազոտությունը, ըստ shantnews-ի՝ հրապարակվել է Population and Development Review ամսագրում:
Մարդկանց և կենդանիների նյարդային համակարգը պարունակում է հատուկ զգայական նեյրոններ, որոնք թույլ են տալիս զգալ վերջույթները տարածության մեջ: Գիտնականները ցույց են տվել, որ այս նեյրոնների գերզգայունությունը կարող է հանգեցնել մկանային-կմախքային համակարգի զարգացման խանգարման և առաջացնել հոդերի դեֆորմացիաներ, ինչպիսին է արթրոգրիպոզը:
Հեղինակները նաև մկների վրա կատարած փորձերում ցույց են տվել, որ փոքր տարիքում բոտոքսի կամ հատուկ սննդակարգի միջոցով զգայական նեյրոնների ակտիվության նվազեցումը կարող է լինել հենաշարժական համակարգի որոշ հիվանդությունների ոչ ինվազիվ եղանակով բուժելու միջոց:
Դիստալ արթրոգրիպոզը հիվանդություն է, որը բնութագրվում է հոդերի բնածին դեֆորմացիաներով, որոնք հաճախ սահմանափակում են ձեռքերի և ոտքերի շարժումը: Ախտանիշները վերացնելու համար հաճախ պահանջվում է ինվազիվ վիրահատություն: Չնայած հիվանդության զարգացմանը մասնակցում են մկանների և հոդերի ֆունկցիայի հետ կապված գեների մուտացիաները, հիվանդների մոտ հայտնաբերվել են նաև հիմնական մեխանոսենսորային նեյրոնի՝ PIEZO2-ի մուտացիաները: