Սերժ Սարգսյանն այնքան կոմունալ ծախսեր է մուծել, ինչքան հիմա Փաշինյանն է մուծում. Ամրամ Մակինյան
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա դուստրերն այսօր հրավիրվել էին Հակակոռուպցիոն դատարան՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի շրջանակում։
Նիստից հետո Սերժ Սարգսյանի ընտանիքի շահերի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ հիմնական խնդիրները թողած՝ այսօր իշխանությունները հասարակությանը կերակրում են դատարկաբանությամբ:
«Այս գործը շատ ավելի փոքր նշանակություն ունի յուրաքանչյուր նորմալ մարդու համար, քան այն, ինչ այսօր տեղի է ունենում. Մենք սահմանին այսօր վիրավոր ունենք, 15 զոհված զինծառայող ունենք, և ինձ համար այսօր բավականին դժվար է խոսել»,- ասաց Ամրամ Մակինյանը:
Խոսելով այս պրոցեսի օրինականության մասին՝ պաշտպանը նշեց՝ իրենք այս պրոցեսի ծայրահեղ անօրինականության մասին ժամանակին դատախազությանն առարկություն են ներկայացրել:
«Ովքեր չեն հիշում, թող հետ գնան, մամուլ թերթեն ու նայեն, թե 2020թ. հոկտեմբերի 7-ին, երբ Արցախում թեժ մարտեր էին մղվում, ապօրինի գույքի բռնագանձման խայտառակ ապօրինի պրոցես էին սկսում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ: Ուսումնասիրությունը սկսելու պրոցեսի ընթացքում ընդհանրապես Սերժ Սարգսյանի անունով որևէ գույք չի եղել հայտնաբերված, առավել ևս 50 միլիոն դրամը գերազանցող ապօրինի գույք»,- ասաց փաստաբանը՝ շեշտելով՝ պրոցեսը հիմքից է ապօրինի:
Ամրամ Մակինյանը բարոյականության հետ հակադրության մեջ է տեսնում այն հանգամանքը, որ երջանկահիշատակ Ռիտա Սարգսյանի կատարած ծախսերն այսօր փորձում են համադրել մեր պատասխանների հետ:
«Ես չգիտեմ՝ հայրենի դատախազությունը ոնց է գործում, ոնց են մահացածների ծախսերի մասին հարցնում ողջերից»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի տիրապետած գույքին, Ամրամ Մակինյանն ասաց՝ խոսքը վերաբերում է մի տան, որտեղ Սաթենիկ Սարգսյանն իր ընտանիքով մինչ օրս ապրում է, և որևէ փաստական տվյալ չկա ու չի կարող լինել այն մասին, որ այդ գույքը թե ի սկզբանե, թե ընթացքում, և թե հիմա պատկանել է Սերժ Սարգսյանին:
«Խոսքը ոչ թե փոխկապակցված անձանց է վերաբերում, այլ իրավասու մարմինը կարծում է, որ դա Սերժ Ազատի Սարգսյանի գույքն է, այլ ոչ թե փոխկապակցված անձանց»,- նկատեց պաշտպանը:
Մեջբերելով օրենքը՝ նա հիշեցրեց, որ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը համարվում է համատեղ, բայց ծախսերի համար երբեք չեն կարող պատասխաններ հայցվել:
«Ուսումնասիրության ընթացքում դատախազը նաև պետության կողմից ՀՀ 3-րդ նախագահին տրված գույքը դիտարկել էր ապօրինի այն տրամաբանության մեջ, որ այդ գույքի վաճառքից առաջացած գումարի չափով ձեռք բերված մեկ բնակարանը դիտարկել էր անօրինական: Սա աբսուրդի թատրոն է: Հիմա այդ գույքի մասով որևէ խնդիր չկա»,- ասաց Ամրամ Մակինյանը:
Խոսելով դատախազության վկայակոչած կոմունալ ծախսերի մասին՝ Ամրամ Մակինյանը տարակուսեց՝ ի՞նչ կոմունալ ծախսեր…
«Եթե այս պրոցեսը նորմալ ուսումնասիրվեր, ոչ թե պատվերով, կտեսնեին՝ ՀՀ 3-րդ նախագահը 1993թ.-ից մինչև 2018թ. բնակվել է կառավարական ամառանոցներում: Այստեղ կոմունալ ծախսեր չկան: Նիկոլ Փաշինյանը հիմա կոմունալ ծախսե՞ր է վճարում: Իմ գործընկերը դատախազին հուշեց՝ կեցության, անվտանգության ծախսերը նրանց դեպքում պետությունը վերցնում է իր վրա: Հիմա ես չհասկացա՝ դատախազն ինչ կոմունալ ծախսերի մասին էր խոսում»,- ասաց Ամրամ Մակինյանը: