Ռուբեն Հայրապետյանի գործով դատախազության հայցի հիմքի և առարկայի փոփոխությունն անթույլատրելի է. միջնորդություն ներկայացվեց
Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամների՝ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով գործով հերթական դատական նիստը:
Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանի որոշումից հետո հանրային մեղադրող Ենոքյանը հանդես եկավ միջնորդություններով: Դրանք վերաբերում էին Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշման համատեքստում հայցի առարկայի փոփոխության և նոր մեղադրյալ ու նոր պատասխանող ներգրավելու մասին:
Հանրային մեղադրողի խոսքից հետո նրան հարցեր ուղղեց Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչ Վահագն Դալլաքյանը՝ մասնավորապես «Հայէկոնոմբանկի» կողմից կեղծ տեղեկանք տրամադրելու վերաբերյալ վերահաշվարկի մասին: Հանրային մեղադրողն ասաց՝ չի արվել:
Վահագն Դալլաքյանը նաև մեկ ամիս ժամանակ խնդրեց դատարանից՝ կապված հանրային մեղադրողի միջնորդությունների հետ:
Այսօրվա դատական նիստին Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչ Վահագն Դալլաքյանը հանդես եկավ միջնորդությամբ, ըստ որի՝ հայցվորի ներկայացրած հայցի հիմքի և առարկայի փոփոխության թույլատրելիությունը՝
ա) բացառվում է ՔԴՕ 170-րդ հոդվածի 5-րդ մասով, քանի որ դրանով փոփոխվում է այն իրավունքը կամ օրենքով պահպանվող շահը, որի պաշտպանության նպատակով հայցը սկզբնապես հարուցվել է
բ) չի բխում ՍԴ որոշմամբ արտահայտված դիրքորոշումներից։
Հիշեցնենք, որ ՍԴ որոշումից հետո, խնդիր ունենալով իր ներկայացրած հայցապահանջի հիմնավորվածության հետ, հայցվորը ներկայացրել է միջնորդությունը, որով խնդրում է թույլատրել հայցի հիմքի և առարկայի հետևյալ էական փոփոխությունները.
ա) հայցի հիմքի փոփոխություն / լրացում. փոփոխված հայցի հիմքում ոչ միայն հանցավորության դեմ պայքարի նպատակն է, այլ նաև կոռուպցիայի դեմ պայքարի նպատակը, և ըստ այդմ, վկայակոչվում է փաստ, ըստ որի՝ պատասխանող Ռուբեն Հայրապետյանը որոշակի ժամանակահատվածում եղել է Օրենքի իմաստով պաշտոնատար անձ․
բ) հայցի առարկայի փոփոխություն / լրացում․ փոփոխված հայցի առարկան ներառում է մի շարք գույքային միավորների բռնագանձման պահանջներ, որոնք սկզբնական հայցով ներկայացված չէին, ինչպես նաև սկզբնական հայցով ներկայացված պահանջներով գույքային զանգվածի բազմաթիվ փոփոխություններ.
գ) պահանջ նոր պատասխանողի դեմ. հայցվորը միջնորդությամբ նաև խնդրում է գործում նոր պատասխանող ներգրավել՝ այդպիսով ընդլայնելով նաև հայցից բխող սեփականության իրավունքի սահմանափակման սուբյեկտային շրջանակը։
Հիշեցնենք նաև, որ դատախազությունը պահանջում է Ռուբեն Հայրապետյանից և Նարինե Հայրապետյանից՝ հօգուտ ՀՀ-ի, որպես ապօրինի ծագում ունեցող գույք՝ բռնագանձել ՝ Կոտայքի մարզի Ծաղկաձորում գտնվող հողամասն ամբողջությամբ, Առինջում գտնվող անշարժ գույքն ամբողջությամբ, Սևանում գտնվող հողամասն ամբողջությամբ, ինչպես նաև՝ «Լեքսուս» ավտոմեքենան, իսկ անհնարինության դեպքում՝ գույքերի միջին շուկայական արժեքը։
Բացի այդ, դատախազությունը պահանջում է Ռաֆիկ և Մարիամ Հայրապետյաններից բռնագանձել ավտոմեքենան, «Զարգացման հայկական բանկ» ՓԲԸ-ում 2021թ. հոկտեմբերին ներդրված 6 մլն 897 հազ․ 30 ՀՀ դրամ չափով արժույթն ամբողջությամբ, նույն ՓԲԸ-ում 2020թ. սեպտեմբերի 25-ին ներդրված և 2021թ. սեպտեմբերի 22-ին ներդրված 6674 ԱՄՆ դոլարի չափով ավանդն ամբողջությամբ, ինչպես նաև՝ Յունիբանկում 2021թ. սեպտեմբերի 22-ին ներդրված 1 մլն 523 հազ․ 641 ՀՀ դրամի չափով ավանդն ամբողջությամբ։
Այնուհետև, ըստ դատախազի, Ռաֆիկ Հայրապետյանից որպես ապօրինի ծագում ունեցող գույք՝ բռնագանձման է ենթակա Երևանի Ավան թաղամասի շենքերից մեկում ոչ բնակելի տարածքն ամբողջությամբ, Ավանում բնակելի տունն ամբողջությամբ, Լեքսուս մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաև՝ «Սպորտ Ռեզորթ», «Ռոյալ Քլաբ», «Սևան Ռեզորթ», «Հարսնաքար», «Նորալուսին» ընկերությունների մասնակցությունն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ միջին արժեքը։
Բացի այդ, դատախազությունը պահանջում է բռնագանձել նաև «Զարգացման հայկական բանկ» ՓԲԸ 65181 բաժնետոմսերից 8526 ապօրինի բաժնետոմսերը և 153433 հասարակ բաժնետոմսերից 45430 ապօրինի բաժնետոմսերը, այնուհետև, «Հարսնաքար» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության 70 մլն 600 հազ. 496 ՀՀ դրամ չվերադարձված մասից 57 մլն 58 հազ. 104 ՀՀ դրամի պահանջի իրավունքը, «Նորալուսին» ընկերությանը տրամադրված փոխառության 43 մլն 710 հազ․ 903 ՀՀ դրամ չվերադարձված մասից՝ 5 մլն 898 հազ․ 520 ՀՀ դրամի պահանջի իրավունքը, «Ռոյալ Քլաբ» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության 3 մլն 394 հազ․ 375 ՀՀ դրամ չվերադարձված մասից՝ 96 հազ. 375 ՀՀ դրամի պահանջի իրավունքը, «Սևան Ռեզորթ» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության 88 մլն 318 հազ․ 393 ՀՀ դրամ չվերադարձված մասից՝ 74 մլն 119 հազ․ 266 դրամի պահանջի իրավունքը, «Բյուրեղ» ՓԲԸ-ին տրամադրված փոխառության 97 մլն 702 հազ. 500 դրամ չվերադարձված մասից՝ 83 մլն 568 հազ. 580 դրամի պահանջի իրավունքը, «Արագած» ԲԿ-ին տրամադրված փոխառության 199 մլն 74 հազ․ 606 չվերադարձված մասից՝ 193 մլն 829 հազ․ 510 ՀՀ դրամի պահանջի իրավունքը, իսկ անհնարինության դեպքում՝ չվերադարձված ապօրինի մասի չափի գումար։ Դատախազությունը նաև պահանջում է բռնագանձել բաժնետոմսեր։
Մանրամասները՝ տեսանյութում:



