Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ցավակցել է 15 զինծառայողի մահվան կապակցությամբ
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ցավակցել է ՀՀ զորամասերից մեկում հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան կապակցությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածվել դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում։
«Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Գեղարքունիքի մարզի զորամասի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հարազատներին, մերձավորներին և ծառայակիցներին: Շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին»,- նշված է հաղորդագրության մեջ։
2023 թվականի hունվարի 19-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 01։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով նույն վաշտի 15 զինծառայող մահացել է, երեք զինծառայող ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է վառարանը ավտոբենզինով վառելու պատճառով։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։