Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունվարի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մեքսիկա–Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը՝ գլխավորությամբ խմբի ղեկավար Բերենիսե Խուարես Նավառատեի։
Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը ներկա էր նաև Մեքսիկայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմելլա Շաքարյանը և ՀՀ-ում Մեքսիկայի պատվավոր հյուպատոս Նիկոլայ Կոստանդյանը։
Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս հայտնեց, որ պատվիրակության այցը Հայաստան առավել կխորացնի երկու երկրների բարեկամական հարաբերությունները տարբեր ոլորտներում։ Վերհիշելով հայրապետական իր այցը Մեքսիկա՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գոհունակությունն արտահայտեց հայկական համայնքի նկատմամբ Մեքսիկայի իշխանությունների հոգատար վերաբերմունքի համար։
Անդրադառնալով տարածաշրջանում տիրող ծանր իրավիճակին և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ Նորին Սրբությունն իր մտահոգությունը հայտնեց Արցախի ժողովրդի խաղաղ ու ազատ ապրելու իրավունքի դեմ նոր ոտնձգությունների և դրանց հետևանքով ստեղծված հումանիտար աղետի առնչությամբ։ Հայոց Հայրապետը կարևոր նկատեց միջազգային հանրության հետևողական գործուն քայլերը Լաչինի միջանցքի վերաբացման ուղղությամբ։
Իր խոսքում խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառատեն կարևորեց ջանքերի գործադրումը հանուն տարածաշրջանում խաղաղության հաստատման և ապահով կյանքի իրավունքի պաշտպանության։
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը նաև տեղեկություններ փոխանցեց Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության՝ Մայր Աթոռի կողմից պահպանության և Լաչինի միջանցքի վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: