Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 190-ը

Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խոյ քաղաքից ոչ հեռու hունվարի 18-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 194-ի: Այդ մասին  տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

«(Արևմտյան Ադրբեջանի) նահանգի բժշկական կենտրոններ են դիմել երկրաշարժի հետևանքով 194 տուժածներ: Ընդ որում, միայն 24 մարդ է հոսպիտալացվել, նրանցից 10-ն արդեն բարեհաջող վիրահատվել Է», – ասել է Արևմտյան Ադրբեջանի նահանգապետը։

Նա նաև ընդգծել է, որ առաջիկա երեք օրվա ընթացքում նահանգի իշխանությունները երկրաշարժից տուժածներին վրանային ճամբարներում կապահովեն 850 տեղով և մարդասիրական օգնություն կտրամադրեն։

Ընդհանուր առմամբ, Արևմտյան Ադրբեջանի տարածքում ավերվել է առնվազն 500 բնակելի շենք։

Հունվարի 18-ին IRNA գործակալությունը, վկայակոչելով Խոյի քաղաքագլխին, հայտնել էր, որ տարերային աղետի հետևանքով տուժել է 133 մարդ, որոնցից 6-ի համար հոսպիտալացում Է պահանջվել։

Tasnim գործակալության տվյալներով՝ հարևան Արդաբիլի և Արևելյան Ադրբեջանի նահանգներում Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ խմբերը բարձր պատրաստվածության վիճակի են բերվել տուժածներին օգնություն ցույց տալու համար:

Հունվաի 18-ին 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Իրան-Թուրքիա սահմանի մոտ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խոյ քաղաքից 15 կմ հարավ-արևմուտք, օջախը՝ 5 կմ խորության վրա: Ցնցումները զգացվել են նաև Հայաստանում:

Տեսանյութեր

Լրահոս