Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթը կարող է կազմել 2,6 միլիարդ դոլար
ԱՄՆ-ն վերջնականացնում է Ուկրաինայի համար ռազմական օգնության հերթական փաթեթը, որի ծավալն, ամենայն հավանականությամբ, կկազմի 2,6 մլրդ դոլար: Այդ մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Ըստ լրատվամիջոցի՝ փաթեթը կարող է ներառել գրեթե 100 ամերիկյան Stryker զրահապատ մարտական մեքենաներ և առնվազն 50 Bradley հետևակի մարտական մեքենաներ, որոնք թույլ կտան ուկրաինական ուժերին ավելի արագ և ապահով տեղաշարժվել առաջնագծում:
Փաթեթը, սակայն, չի ներառում տանկեր, որոնք խնդրել էր Կիևը: Ակնկալվում է, որ ամերիկյան հաջորդ մատակարարումների մասին հայտարարությունը կարվի այս շաբաթվա վերջին, երբ Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում հանդիպեն ԱՄՆ-ի, եվրոպական և այլ երկրների պաշտպանության նախարարները՝ քննարկելու Ուկրաինային տրամադրվող օգնությունը: Ամերիկյան կողմից նիստին կմասնակցեն ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և ԱՄՆ զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի նախագահ գեներալ Մարկ Միլլին։
Associated Press-ի աղբյուրները հայտնել են նաև, որ ամերիկյան ռազմական օգնության քննարկվող փաթեթը կներառի մեծ քանակությամբ զինամթերք, այդ թվում՝ հրթիռներ հակաօդային պաշտպանության համակարգերի համար:
ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլը հունվարի 18-ին լրագրողներին հայտնել է, որ Ուկրաինայում պատերազմի նոր փուլ է սկսվում, քանի որ Ռուսաստանը փորձում է ավելի շատ խրամատներ փորել, և որ Ուկրաինային անհրաժեշտ կլինեն ավելի շատ մեխանիզացված ուժեր՝ այդ գծերը ճեղքելու համար: