Հայաստանի պետական գաղտնիքը հասանելի կդառնա օտարերկրյա քաղաքացիներին՝ հեշտացված կարգով. Կառավարության նոր որոշման վտանգները

Արմեն Աբազյանի գլխավորած Ազգային անվտանգության ծառայության առաջարկով Կառավարությունը փոփոխություն է կատարել օտարերկրյա քաղաքացիներին պետական և ծառայողական գաղտնիք տրամադրելու մասին 1997 թվականի նոյեմբերի 29-ի N 545 որոշման այն դրույթներում, որով նախատեսված էր, որ օտարերկրյա քաղաքացին պետական և ծառայողական գաղտնիքի կարող է տիրապետել, եթե 3 տարի անընդմեջ բնակվել է Հայաստանում և օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատում է պետական մարմիններում, օրենքով սահմանված կարգով ունի կացության համապատասխան կարգավիճակ:

Ազգային անվտանգության ծառայությունը նշյալ օրենսդրական նորմերի վերաբերյալ ներկայացրել է առարկություն առ այն, որ առաջանում են այնպիսի իրավիճակներ, երբ պետական մար­մին­­ների հետ աշխատող կազմակերպությունների օտարերկրյա քաղաքացի հանդիսացող աշ­խա­տակիցները պետք է առչնվեն պետական և ծառա­յո­ղա­կան գաղտնիք համարվող տե­ղե­կություններին, բայց գործունեության ա­ռան­ձնա­հատկություններով պայմա­նա­­վոր­­ված՝ չունեն օտարերկրյա քաղաքացու կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ կամ Հայաստանում բնակվել են սահմանված ժամկետից քիչ։

ԱԱԾ-ում առաջարկել են Հայաստանում 3 տարուց քիչ բնակված և օտարերկրյա քաղաքացու կացության կարգավիճակ չունեցողներին տալ պետական և ծառայողական գաղտնիքին տիրապետելու իրավունք՝ որևէ վտանգավոր խնդիր այդ փոփոխության մեջ չտեսնելով։

Վտանգավոր խնդիրներ տեսել է, սակայն, Արդարադատության նախարարությունը։

Կարդացեք նաև

Կառավարություն են ներկայացրել ԱԱԾ-ի առաջարկած փոփոխությունների վերաբերյալ առարկություն, որտեղ նշված է՝ ԱԱԾ-ի ներկայացրած փոփոխությունը խնդրահարույց է և բավարար չափով չհիմնավորված։

Խնդրահարույց է, քանի որ ԱԱԾ-ն առաջարկում է բացառիկ դեպքում օտարերկրյա քաղաքացուն տալ ՀՀ պետական և ծառայողական գաղտնիքին տիրապետելու իրավունք՝ չկոնկրետացնելով, սակայն, թե ո՞րն է այդ բացառիկ դեպքը։

Խնդրահարույց է, քանի որ առաջարկվում է օտարերկրյա քաղաքացուն պետական և ծառայողական գաղտնիքին տիրապետելու իրավունք տալ բացառիկ դեպքերում ՀՀ վարչապետի աշխատակազմի առաջարկությամբ այն պարագայում, երբ նման առաջարկությամբ պետք է հանդես գար ոչ թե վարչապետի աշխատակազմը, այլ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ տնօրինող այն պետական մարմինը, որի պաշտոնատար անձն օժտված է տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով։

Խնդրահարույց է, քանի որ առանձին դեպքերում օտարերկրյա քաղաքացիների՝ նախկինում սահմանված պահանջներին անհամապատասխանությունը բավարար հիմնավորում չէ՝ սահմանված պահանջները չկիրառելու համար, քանի որ նման մոտեցումն ինքնին, ինքնանպատակ է դարձնում Կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի 545 որոշման պահանջների սահմանումն առհասարակ:

Չնայած մատնանշված խնդիրներին՝ Կառավարությունն ընդունել է չզեկուցվող հարցով ԱԱԾ-ի ներկայացրած նախագիծը և հեշտացրել Հայաստանում ապրող օտարերկրյա քաղաքացիների համար պետական և ծառայողական գաղտնիքի հասանելիությունը։

Տեսանյութեր

Լրահոս