«Փաշինյանի այս քաղաքականությունը հանգեցնելու է Արցախի կորստին». Հայկ Խալաթյան

«Հիշում ենք՝ Իլհամ Ալիևի սպառնալիքները Հայաստանին, երբ ասում էր՝ հանկարծ մտքներովդ չանցնի ուժեղանաք, նորմալ բանակ ունենաք, և այլն, հիմա ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները նույնիսկ դրան են համաձայն և փորձում են խուսափել որևէ քայլից, որը կարող է դուր չգալ Ադրբեջանին»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «VERELQ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը ՀՀ տարածքում նպատակահարմար չեն համարում:

Նա նկատեց, որ Հայաստանի իշխանությունները հասարակությանը պատրաստում են այն մտքին, որ իբր 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը պահելու համար պետք է զոհաբերեն Արցախը. «Ինչպես այսօր կառավարության նիստում ասաց և մեր գործընկերներից մեկը Փաշինյանի ասածը մեկնաբանեց՝ կոչ արեց Արցախին չխոսել և համակերպվել իր ապագայի հետ՝ Ադրբեջանի կազմում»:

Հայկ Խալաթյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը միայն մարդկանց ուղեղները լվանալու հարցում է վարպետ. «Ժողովրդին պետք է մեղավոր՝ այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել և դեռ տեղի է ունենալու, և հասկանալի է, որ չես կարող այդ ամենը բարդել նախկինների վրա, ինչպես Փաշինյանը սիրում է անել, դրա համար էլ որոշվել է, որ թե՛ պատերազմի պարտության, թե՛ Արցախը զիջելու համար պատասխանատուն լինելու է Ռուսաստանը: Մանավանդ հաշվի առնելով թե՛ իր, թե՛ իր շրջապատի որոշ մարդկանց աշխարհաքաղաքական սիմպատիաները, ուզում են Արցախը զիջելով՝ ազատվել Ռուսաստանից և աշխարհաքաղաքական ռեվերս կազմակերպել: Այստեղ մի կարևոր հանգամանք կա՝ ես չգիտեմ՝ դա լա՞վ է, թե՞ վատ, բայց Իլհամ Ալիևը շատ ուղղակի իր ծրագրերի մասին խոսում է, և իր ասուլիսին Ալիևը կրկին խոսեց Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին: Դա ցույց է տալիս, որ եթե նույնիսկ Հայաստանի քաղաքական էլիտայում և հայ հասարակությունում որոշ մարդիկ մտադրություններ ունեն զոհաբերելով Արցախը՝ ազատվել Ադրբեջանի և Թուրքիայի հետ կոնֆլիկտից, ապա չարաչար սխալվում են»:

Նա նկատեց՝ Հայաստանի և Արցախի իշխանությունների գլխավոր հակասությունը Արցախի կարգավիճակի հարցն է.

Կարդացեք նաև

«Խաղաղապահների, նույնիսկ՝ այս բլոկադայի հարցը Արցախի կարգավիճակի հարցի ածանցյալն է, հարցի լուծման տեխնիկական մասն է: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տարօրինակ իրավիճակում է՝ մի կողմից՝ ամեն ինչով օգնում է Նիկոլ Փաշինյանին, մյուս կողմից՝ հասկանում է, որ Արցախի ժողովուրդը չի ընդունի կարգավորման այն մոտեցումները, որոնք այս պահին իրականացնում է Հայաստանի իշխանությունը: Դրա համար երկու կրակի արանքում է: Բայց նույնիսկ իր այս քաղաքականությունը ավելի ձեռնտու է Փաշինյանին:

Տեսեք՝ Փաշինյանն ասում է՝ ամեն ինչի մասին տեղյակ է պահում Արցախի իշխանություններին, բա էլ ինչի՞ վրա է զարմանում Արցախի նախագահը:

Չնայած՝ մի մարդ, որ Ռոման Բաղդասարյանի կողքին նստի ու ՔՊ-ի հաղթանակը տոնի, էլ ի՞նչ սպասել Արցախի այդպիսի նախագահից: Մյուս կողմից, մեր բախտը բերել է, որ նա վախենում է իր ժողովրդից, որ եթե կտրուկ քայլեր անի, կարող է հետևանքներ ունենալ:

Չեմ բացառում, որ Արցախի իշխանությունների լռությունն ապահովելու որոշակի լծակ է ֆինանսական օգնությունը Հայաստանից Արցախին: Այդ մարդիկ, ինչպես էլի մեր գործընկերներից մեկն էր գրել՝ կա՛մ ցեղասպանվելու են, կա՛մ հայտնվելու են Երևանում, և գումարներով այդ հարցը չի փակվում: Հայրենիքի ապագայի հարցն է, և պետք է խոսեն, դիմադրեն:

Երեկ Ռուբեն Վարդանյանը պայքարի կոչ արեց, հուսով եմ՝ Արցախում այդ միտքը կիսում և հասկանում են, որ պետք է պայքարել նույնիսկ ՀՀ իշխանությունների դեմ, որպեսզի Երևանում հասկանան, որ իրենց ծրագրերն այդքան հանգիստ չեն իրականացվելու: Ցավոք, միայն իրենց իշխանության ապագայի խնդիրը կարող է ստիպել Փաշինյանին ու նրա թիմակիցներին՝ որևէ ազգանպաստ բան անել: Եթե հասկանան, որ դրա հետևանքը կլինի իշխանության կորուստը, կարող է որոշակի այլ քաղաքական կուրս վերցնեն, թեպետ կասկածում եմ»:

Հայկ Խալաթյանը հավելեց, որ Հայաստանի իշխանությունները գնում են Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման ճանապարհով. «Դա բերելու է Ռուսաստանի կողմից մեզ համար ոչ բարենպաստ որոշումների: Եթե Հայաստանը կարողանար փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ գոնե Արևմուտքի հետ դաշնակից դառնալ, գոնե տրամաբանությունը հասկանալի կլիներ, բայց նույնիսկ Արևմուտքը մեծ շահեր ու կախվածություն ունի Ադրբեջանից: Ստացվում է՝ մենք մեր դաշնակցին կորցնում ենք, ձեռք չենք բերում նոր դաշնակից, խնդիրներ ենք ունենալու նաև Իրանի հետ: Ադրբեջանն ու Իրանը այս պահին ունեն լուրջ խնդիրներ, որովհետև մի կողմից՝ լուրջ տնտեսական համագործակցություն ունեն, բայց այն պատճառով, որ Ադրբեջանը անվտանգային ոլորտում համագործակցություն ունի Իսրայելի, Թուրքիայի, ԱՄՆ-ի հետ, Բաքուն ու Թեհրանը շատ լուրջ քաղաքական խնդիրներ ունեն: Հիմա ուզում են Թեհրանի՞ն էլ սարքել մեզ թշնամի: Իհարկե, ես հույսս չեմ կորցնում, որ ազգային ուժերը Հայաստանում կկարողանան համախմբվել, որոշակի քայլերի կգնան, կստացվի իշխանափոխություն… Հայաստանի միակ փրկությունը դա է, եթե դա չլինի, մենք գնում ենք Արցախի կորստին, ինչը միայն ժամանակի հարց է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս