«Վառելափայտի հարցը վաղուց ենք լուծել, ժամանակին վառելափայտը պահեստավորել ենք». Լիսագորի գյուղապետ

Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի Հանրապետության 120 հազար բնակչություն միայնակ շարունակում է դիմադրել ադրբեջանական ահաբեկչությանը։

Արցախի բազմաթիվ գյուղեր կտրված են՝ ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտից, այնպես էլ՝ Հայաստանից։ Այդ գյուղերից մեկը Շուշիի շրջանի Լիսագորն է, որտեղ այս  օրերի ընթացքում բնակվում են նաև ճանապարհին մնացած մի խումբ արցախցիներ, որոնք չեն կարողանում հասնել իրենց տուն։

168.am հետ զրույցում Լիսագորի գյուղապետ Գագիկ Նասիբյանն ասաց, որ ընդհանուր իրավիճակը նորմալ է։

«Գյուղում ձյուն է տեղացել, հիմա զբաղված ենք ճանապարհների մաքրման աշխատանքներով։ Այս պահին այլ խնդիրներ չունենք, դիմակայում ենք»,- նշեց Գագիկ Նասիբյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ այս պահին բնակիչների համար կարևորը վառելափայտն է, որն առատ ունեն։

«Վառելափայտի հարցը վաղուց ենք լուծել, ժամանակին վառելափայտը պահեստավորել ենք»,- շեշտեց Լիսագորի գյուղապետը։

Ինչ վերաբերում է համացանցի այն քննարկումներին, թե՝ եթե առատ ձյուն տեղա, ապա Բերձորի ճանապարհը փակած ադրբեջանցիները չեն դիմանա և կհեռանան, Գագիկ Նասիբյանի համար այս ամենը պարզապես ծիծաղելի քննարկում է.

«Փաստորեն հույսները դրել են ձյան վրա՞, չի կարող նման բան լինել, չեմ կարծում, որ նրանք կհեռանան»,- եզրափակեց Գագիկ Նասիբյանը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաների ուղեկցությամբ հիվանդներից մեկը, որը 4 ամսական երեխա էր՝ տեղափոխվել է Երևան, Երևան է տեղափոխվել ևս մի քանի հիվանդ, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հիվանդներից մեկը, ցավոք, մահացել է:

Տեսանյութեր

Լրահոս