«Ժողովուրդն այնպես է տրամադրված, որ պետք է գնա ինչ-որ քայլերի. այս իրավիճակը երկար չեն հանդուրժելու». Արշակ Աբրահամյան

Արդեն 24-րդ օրն է՝ Արցախն Ադրբեջանի կողմից շրջափակված է։ 120 հազար արցախահայեր արդեն զրկված են առաջին անհրաժեշտության  որոշ ապրանքներից։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության ԵԿ նախագահ,  «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոնի հիմնադիր Արշակ Աբրահամյանն ասաց, որ արցախահայությունը շարունակում է դիմակայել բոլոր այն դժվարություններին, որոնք առաջացել են ադրբեջանական շրջափակման հետևանքով։

«Ես բազմիցս շնորհակալություն եմ հայտնել հայաստանյան երիտասարդությանը, որոնք բազմաթիվ ակցիաներ են իրականացրել, այդ թվում՝ տեղեկատվական։ Այս պահին էլ 24-ժամյա ռեժիմով այդտեղի երիտասարդության հետ կապի մեջ ենք, մեծ հաշվով, նրանք իրականացնում են այն ամենը, ինչ կարողանում են։ Այդուհանդերձ նրանց արածը դրական արդյունք չի տալիս, քանի որ գլխավոր բանակցողի՝ Նիկոլ Փաշինյանի բանավոր պայմանավորվածությունների արդյունքում է, որ Հայաստանի ու Արցախի սահմաններում իրավիճակը սրվում է։ Պետք է առավել լայն համատեքստում ուշադրություն դարձնել Փաշինյանի գործողություններին։

Ամբողջ խնդիրը Նիկոլ Փաշինյանն է, որին րոպե առաջ պետք է հեռացնել, որպեսզի գլխավոր բանակցողը փոխվի, դրա արդյունքում կարող ենք խուսափել այդ բանավոր պայմանավորվածությունների կատարումից»,- նշեց Արշակ Աբրահամյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը պարտության խորհրդանիշ է, հետևաբար՝ չի կարող ի շահ Հայաստանի ու Արցախի բանակցել։ Ավելին՝ նա իր վարչախմբի հետ բացահայտ հակահայկական բանակցություններ է վարում։

«Նա Արցախի մասին խոսում ու ասում է, թե բա այսքան գումար ենք հատկացրել, ինչը նրա ձեռքին ձևական խաղաթուղթ է, և ամեն կերպ փորձում է րոպե առաջ ձեռքերն Արցախից լվանալ։ Այստեղ ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել, որ Արցախից ոչ թե հայ ժողովուրդն է ձեռքերը լվացել, այլ Հայաստանի վարչախումբը, որը պետք է հեռացվի։ Որքան էլ փորձեն վարկաբեկել խաղաղապահներին՝ ասելով, թե նրանք իրենց գործը լավ չեն անում, հասարակության մեջ կա կոնսենսուսային տրամադրվածություն, որ այստեղ կա մանդատի խնդիր, և այդ խնդիրը պետք է լուծվի»,- շեշտեց նա։

Նրա փոխանցմամբ, այս պահին արցախահայությունն ունի սննդի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների պակասի խնդիր, ինչին ժողովուրդը չի կարող ռեակցիա չտալ։

«Մենք արդեն տեսնում ենք, որ որոշ խանութներ ապրանքների իսպառ բացակայության պատճառով չեն գործում, մի շարք ապրանքատեսակներ բացարձակապես չկան, խնդիրներ են առաջանում նաև հիգիենայի պարագաների ձեռքբերման հետ կապված։ Անգամ զուգարանի թղթի հետ կապված կան խնդիրներ։ Չեմ կարծում, որ այս պայմաններում ժողովուրդը կկարողանա երկար մնալ, նկատի ունեմ՝ կփորձի իր ցասումն ու զայրույթն արտահայտել որևէ գործիքակազմով՝ այս իրավիճակից դուրս գալու համար։ Հուսահատություն չկա, ցասումն ու պայքարի ոգին, որը կա, մի օր արտահայտվելու է, ժողովուրդն այնպես է տրամադրված, որ պետք է գնա ինչ-որ քայլերի, քանի որ այս իրավիճակը երկար չեն հանդուրժելու, որովհետև արցախցին չի պատրաստվում հեռանալ իր հողից և ենթարկվել իրեն թելադրված անարդար պայմաններին, կարծում եմ՝ այս ամենի ռեակցիան լինելու է»,- եզրափակեց Արշակ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաների ուղեկցությամբ հիվանդներից մեկը, որը 4 ամսական երեխա էր՝ տեղափոխվել է Երևան, Երևան է տեղափոխվել ևս մի քանի հիվանդ, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հիվանդներից մեկը, ցավոք, մահացել է:

Տեսանյութեր

Լրահոս