Լոս Անջելեսի քաղաքապետն ու քաղաքային խորհրդի նախագահը Բայդենին կոչ են արել ձեռնամուխ լինել հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը

Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասսը և քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Գրեգորյանը պաշտոնական գրությամբ դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Արցախի շրջափակման հարցով։

Նամակում նրանք նշում են, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միայն Ուկրաինայի ժողովրդավարությունը չէ, որ փորձում է խաթարել։ Ըստ նամակի հեղինակների Պուտինի գործողությունների շնորհիվ այսօր Արցախի 120 հազար քաղաքացիները ենթակա են ցրտի, սովի ու դեղորայքի դեֆիցիտի սպառնալիքին։ Ընդգծված է, որ Արցախի շրջափակումը իրականացրել է Ադրբեջանի բռնապետ Ալիևը ռուսական զինվորականության աջակցությամբ, որոնք 120 հազար մարդու փաստացի պահում են գերության կարգավիճակում։

Լոս Անջելեսի քաղաքապետն ու քաղաքային խորհրդի նախագահը Բայդենին կոչ են արել ձեռնամուխ լինել հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը և ցուցաբերել ամերիկյան աջակցություն Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին։ Որպես աջակցության միջոցառումներ նրանք մատնանշել են ուտելիքի ու դեղորայքի տրամադրումը, Պուտինին ու Ալիևին հստակ ուղերձի հղումը, որ ԱՄՆ-ն պահանջում է անվտանգ օդային ճանապարհ Արցախի բնակչությանը օգնություն հասցնելու համար, դիվանագիտական ջանքեր գործադրել Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության կայացման գործում, պնդել, որ ռուսական խաղաղապահները փոխարինվեն միջազգային խաղաղապահ առաքելությամբ, Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանել։

Տեսանյութեր

Լրահոս