Էրդողանը ցանկանում է Պուտինի հետ քննարկել գազային հանգույցի թեման

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ այսօր կայանալիք հեռախոսազրույցի ընթացքում մտադիր է քննարկել Մոսկվայի առաջարկած «գազային հանգույցի» նախագիծը:

Այս մասին «РИА Новости» գործակալությանը հաղորդել Է Անկարայի դիվանագիտական ​​աղբյուրը: «Սա երկկողմ օրակարգի հիմնական թեմաներից մեկն է, որը գտնվում է երկու ղեկավարների անմիջական վերահսկողության ներքո։ Ռուսական կողմն ավելի վաղ հայտարարել էր գործնական քայլերի մեկնարկի մասին, գործընթացը համաձայնեցվում է։ Այդ կապակցությամբ ղեկավարները նույնպես քննարկում են մանրամասներ ու առաջարկներ», – ասել է գործակալության զրուցակիցը։

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներն ավելի վաղ հանձնարարել Էին մանրամասնորեն մշակել Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու հարցը։ Այս հանգույցի միջոցով, մասնավորապես, կարելի Է գազի մատակարարումները տեղափոխել վնասված «Հյուսիսային հոսքերից»։ Ընդ որում, ինչպես հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, խոսքը ոչ միայն Թուրքիայում առևտրային հարթակ ստեղծելու, այլև ենթակառուցվածքների զարգացման և հարավային ուղղությամբ մատակարարումների ավելացման մասին է։ Ըստ նրա՝ սրան կարող են մասնակցել նաև այլ երկրներ. հարավային ուղղությամբ Եվրոպային գազ են մատակարարում նաև Ալժիրը, Կատարը և Ադրբեջանը։

Տեսանյութեր

Լրահոս