Ձեր ցավը տանեմ, Տիգրանակերտում ես ամեն ինչ արել եմ, որ այս օրը չգար, բայց էդպես անպատվաբեր հանձնվեց թշնամուն. Համլետ Պետրոսյան
«Երբ Տիգրանակերտը այդպես անպատվաբեր հանձնվեց թշնամուն, մարդիկ տեսնում էին ու ինձ հարցնում էին՝ դու դեռ սա՞ղ ես… Ես մտածում էի՝ մենք ուժեղ ենք այն ժամանակ, երբ մեր վիճակը շատ վատ է, կարծում եմ՝ կան մարդիկ, կան խմբեր, կան հեռատեսներ, կան նվիրյալներ, որոնք փորձում են հենց այս ծանր ժամանակ դիմանալ:
Անմիջապես դեկտեմբեր ամսին մենք կազմեցինք շատ մեծ խումբ, որը պիտի ներկայացներ Արցախի մշակութային ժառանգությունը միջազգային գիտական հարթակներում, մենք այսօր եռալեզու պորտալը առաջ ենք տանում և այսօր մեր ամենավերջին հոդվածը նվիրված էր Բերձորի միջանցքի փակման մշակութային հետևանքներին»,-այսօր Ազնավուրի հրապարակում ի պաշտպանություն արցախցիների իրավունքների իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արցախի Տիգրանակերտի պեղումներն իրականացնող արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ նախ և առաջ, մարդիկ իրավունքն ունեն մշակույթի՝ անկախ նրանից, թե իրենք որտեղ և ինչ հանգամանքներում են գտնվում:
«Ե՛վ Հայաստանը, և՛ Արցախը տարիներ շարունակ փորձում են հետևել եվրոպական հումանիստական սկզբունքներին: Արցախը թեև միջազգայնորեն ճանաչված քաղաքական միավոր չէ, բայց Արցախի Խորհրդարանը պարբերաբար ընդունել է միջազգային բոլոր այն պայմանագրերն ու կոնվենցիաները, որոնք պաշտպանում են միջազգային իրավունքը»,-ասաց Հալետ Պետրոսյանը՝ հավելելով, որ մեր դարավոր մշակույթին զուգահեռ մենք փորձել ենք ընդունել ու հասկանալ՝ ինչ է առաջարկում հումանիստական Արևմուտքը:
Մշակութային գործիչը տարակուսում է՝ ինչպե՞ս է լինում, որ հիմա մենք այս վիճակի մեջ ենք, իսկ հումանիստական Արևմուտքը բավարարվում է սոսկ հակտարարություններով:
«Մշակույթը վերացական բան չէ: Դա միայն Դադիվանքը, Գանձասարը, Տիգրանակերտը չէ: Դա այն ամենն է, ինչ կա մեր մեջ: Մշակույթն այն է, ինչը մեզ սովորեցնում է ապրել, ինչը մեր մեջ սկզբունքներ է մշակում: Եվ այսօր մենք տեսնում ենք, որ այդ ամենը քայքայվում ու քանդվում է, հատկապես ոչ նյութական մշակույթը:
Դադիվանքի Կաթողիկե եկեղեցու պատին Արզու Խաթւնը մի ընդարձակ արձանագրություն է գրել: Ասում է՝ ես ինչպես պատմեմ իմ դարդը: Ամուսինս մահացավ, ավագ որդիս կռվեց թուրքերի դեմ ու այնտեղ զոհվեց….Այսօր Դադիվանքը մեր թշնամին հռչակում է որպես ոչ հայկական»,-մորմոքում է հնագետը:
Վերջինս նկատում է՝ դա շատ մտածված, բազմաբաղադրիչ քաղաքականություն է:
«Մեր թշնամին մեզ ասում է՝ դուք մշակույթ չեք ունեցել, այն, ինչ ունեցել եք, ձերը չէ, աղվանական է, ուդիական և այլն: Երկրորդը՝ ասում է՝ եթե դուք մշակույթ եք ունեցել, ու մենք ձեզ էս օրն ենք գցել, ուրեմն ձեր մշակույթը բանի պետք չէ…Հիմա մենք հոտնկայս, գլխաբաց, մի քիչ մրսած կանգնած մտածում ենք՝ հիմա մենք էդ խորամանկ թշնամուն ո՞նց պիտի պատասխանենք…Եթե ենք որոշել ենք, որ ինքներս չլինենք, դա լրիվ ուրիշ խնդիր է, բայց եթե մենք որոշել ենք, որ մենք այն ենք, ինչ կանք, իմ միակ հորդորն է՝ մեր ուժը ամենածանր իրավիճակի մեջ դիմանալն է, աշխատելը»,-ասաց Համլետ Պետրոսյանը:
Հնագետի խոսքով՝ ինքն ամեն օր գոնե մի կես հոդված գրում է Արցախի մշակութային ժառանգության մասին:
«Հիշում եմ Մելիք Եգանի խոսքերը: Ասում է՝ Օսմանլուն եկավ, տաճիկը եկավ, բայց ես չթողեցի, որ մեր Հայաստան երկրից գերի տանեն…Իրենց վիճակը մերից լավը չի եղել, իրենց վիճակը մերից ավելի ծանր է եղել: Մխիթար Գոշն ասում է՝ երբ եկան ու սկսեցին Արցախը ջնջել, անտառների մեջ, լեռների ծերպերին էդ մարդիկ, հենց թշնամին մի քիչ ննջում էր, հետ էին գրավում իենց ամրոցները»,-պատմական ակնարկ կատարեց հնագետը:
Համլետ Պետրոսյանը շեշտում է՝ մեր մշակույթը նախատեսված չէ հաճույքի համար:
«Մենք տրվեցինք հաճույքի: Ես միշտ ասել եմ՝ ամեն ինչ արել եմ Տիգրանակերտում, որ այդ օրը չգա: Դուք արե՞լ եք այդ ամենը: Ես սահմանի վրա 15 տարի աշխատել եմ, և տեսել եմ՝ դաշտերն ինչպես են բանակի բենզինով հերկում: Էդ չե՞նք արել, դրա համար չե՞նք էս օրին հասել…Հիմա ծանր վիճակ է, ես չեմ ուզում հակասությունների մասին խոսել: Ես գլուխ եմ խոնարհում բոլոր այն մարդկանց առաջ, ովքեր այսօր են ուժեղ, ովքեր այսօր մտածում են՝ ինչ իմ ձեռքից գալիս է, անեմ: 3 օր առաջ Իտալիայում էի, ներկայացնում էի Տիգրանակերտը: Ինձ ամենամոտ լսողը Բորսայից մի թուրք հնագետ էր: Ես չգիտեմ՝ ինչի եմ այդ ամենն անում, բայց մտածում են՝ բա որ ոչինչ չանեմ, մենք ո՞նց կարող ենք էդ վիճակից դուրս գալ: Մեզ թվում է՝ ուժեղ ենք, երբ ռեստորան ենք գնում կամ ուրիշներին պատժում կամ զրկում ենք: Երբ քրիստոնեությունը Հայաստանում տարածվում էր, հայերն այն ժամանակ էլ ուժեղ չէին, բայց քրիստոնեությունը սովորեցնում է՝ թույլը կարող է ուժեղ լինել, արժանապատիվ ապրել, հպարտություն ունենալ, և հայերը մտածեցին՝ դա կարող է մեզ փրկել: Այսօր մենք այդ վիճակում ենք: Գուցե Աստված է այս ամենը ստեղծել, որ փորձենք ավելի ուժեղ լինել:
Այսօր եկել է մեր ամենաուժեղ լինելու պահը»,-եզրափակեց Համլետ Պետրոսյանը:
Հիշեցնենք՝ Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող Տիգրանակերտ հնավայրում ավելի քան 15 տարի պեղումներ է անցկացրել: Այդ ընթացքում Տիգրան Մեծի կառուցած քաղաքի տարածքը նորանոր բացահայտումների վայր էր Արցախի հնագիտական արշավախմբի համար: Արցախի արշավախումբը 2005 թվականին հայտնաբերել էր Հայոց արքա Տիգրան Բ Մեծի (95-55 թթ. մ.թ.ա.) կողմից Արցախում հիմնած Տիգրանակերտ քաղաքը և 2006-2008 թվականներին հնագիտական պեղումներ էր սկսել այդ տարածքում: Տիգրանակերտը Տիգրան Մեծ արքայի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է և որը ենթարկվում էր հնագիտական հետազոտության: Պեղված հարուստ հնագիտական նյութի հիման վրա 2010 թվականին ստեղծվել է քաղաքի հնագիտական թանգարանը: