Արցախի բժշկական կենտրոնի նորածնային բաժնում հիմնականում բրոնխո-թոքային հիվանդներ են, նրանց վիճակը կայուն ծանր է
Այսօրվա դրությամբ 6 հիվանդ վերակենդանացման բաժանմունքում է: 4 ամսական երեխայի մոտ, ով ունի լեյշմանիոզ հիվանդությունը, կա փոքր դրական տեղաշարժ. նրա վիճակը կայուն ծանր է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Արևիկ» մանկական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնի վարիչ բժիշկ Մարգարյանը՝ հավելելով, որ նորածնային բաժնում հիմնականում պառկած են բրոնխո-թոքային հիվանդները, նրանց վիճակը կայուն ծանր է, շարունակում են ստանալ բուժում:
Վերակենդանացման բաժնի վարիչի փոխանցմամբ՝ այսօրվա դրությամբ չկա դեղորայքի խնդիր:
«Այս պահի դրությամբ հիվանդանոցում մինչև 3 տարեկան երեխաներ են»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 8 երեխա գտնվում է ռեանիմացիոն և նորածնային բաժանմունքներում:
Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 11 բուժառու գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են, բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար: ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։